«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մինչև որոշման ուժի մեջ մտնելը՝ շատ խորը վերլուծություն է պետք անել. Հանրային առողջության մասնագետը՝ հունվարի 1-ից նոր սահմանափակումների մասին

02/12/2021

Առողջապահության նախարարության մշակած նոր նախագծով՝ հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը կարող է թույլատրվել միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ պատվաստված լինելը հավաստող փաստաթղթի դեպքում։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դեկտեմբերի 2-ին Կառավարությունում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սահմանափակումներին՝ նշել է. «Սահմանված կանոնները պետք է հստակորեն պահպանվեն: Ռեստորաններում QR կոդ չպահանջելու դեպքում սանկցիաներ կկիրառվեն»:

Նրա խոսքով` եթե սահմանափակումներ չեն կիրառվում, շատ ավելի վատ տնտեսական և առողջապահական վիճակի առջև ենք կանգնում։ Ավանեսյանը վստահեցնում է, որ ճիշտ ժամանակին կիրառված սահմանափակումները հնարավորություն են տալիս պաշտպանելու ոչ միայն մարդկանց կյանքն ու առողջությունը, այլ նաև տնտեսությունը, ռեստորանների գործունեությունը։ Ավանեսյանը հավելեց` երբ իրավիճակը դուրս է գալիս կառավարելիության մակարդակից, ազդում է բոլոր ոլորտների վրա։

Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանից հետաքրքրվեցինք՝ այս որոշումն արդյունք կտա՞։

Ի պատասխան՝ նա ասաց. «Որոշման նպատակը հասկանալի է՝ պաշտպանել մարդկանց, խթանել պատվաստումները: Սակայն մինչև որոշման ուժի մեջ մտնելը՝ շատ խորը վերլուծություն է պետք անել, թե արդյո՞ք հնարավոր է իրական կյանքում դրա կիրառումն ապահովել, կիրառման նկատմամբ էլ պատշաճ վերահսկողություն սահմանել, որովհետև, եթե վերլուծություն արվի ու պարզվի, որ հնարավոր չէ, դա կունենա հակառակ էֆեկտ, ու մարդկանց վստահությունը հակահամաճարակային պայքարի նկատմամբ կարող է խաթարվի»:

Իսկ այն կարծիքը, որ պետք է առաջին հերթին մեծահասակները պատվաստվեին, նոր երիտասարդները, հանրային առողջության մասնագետն այնքան էլ չի կիսում.

«Համավարակի տարածմանը նպաստում են ամենաակտիվ մարդիկ, իսկ ակտիվ հիմնականում այն մարդիկ են, ովքեր այցելում են նման վայրեր: Դրա համար այս տրամաբանությունն ինձ համար հասկանալի է, շատ երկրներում գործում է, բայց կան երկրներ, որոնք ցանկացել են ներդնել, բայց գնահատելով տեխնիկական վերահսկողություն անելու դժվարությունը՝ հրաժարվել են: Դրա համար այստեղ շատ լուրջ վերլուծություն պետք է արվի, որ չստացվի տեղորոշման մասին օրենքը, որը շատ ռեսուրս տարավ, բայց արդեն գիտական վերլուծություն կա, որ այն գործնականում զրո արդյունավետություն է տվել»,- նշեց Դավիթ Մելիք-Նուբարյանը:

Հավելենք, որ Առողջապահության նախարարը լրագրողներին նաև հայտնել է, որ կորոնավիրուսային վարակից բարձր մահացությունը Հայաստանում պայմանավորված է թե՛ պատվաստման ավելի ցածր ցուցանիշ ունենալու հետ, թե՛ ազգաբնակչության ընդհանուր առողջական վիճակի ու քրոնիկ հիվանդությունների բարձր տարածվածության հետ:

«Այն ռիսկի ֆակտորները, որոնք ազդում են մարդու առողջության վրա, բարձր ճնշումն է, դիաբետը, դրանք անգամներ ավելացնում են նույն քովիդի հիվանդացության պարագայում մահացության ռիսկը»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով, հենց այդ պատճառով շատ կարևոր է, որ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք պատվաստվեն կորոնավիրուսի դեմ: Ոչ պակաս կարևոր է նաև 65 տարեկանից բարձր քաղաքացիների պատվաստումը: