«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՊԵԿ-ը տեղեկություններ չունի 600 դոլարով զրահաբաճկոնների գնման մասին. ՊԵԿ նախագահ

24/02/2021

Առհասարակ, զրահաբաճկոնները և ռազմական նշանակության ապրանքները ներկրվում և ձևակերպումներ են ստանում համապատասխան ընթացակարգով, որը գաղտնիություն է ենթադրում, և ես այս հարցին հանրային մակարդակով չեմ կարող անդրադառնալ: Այս մասին խորհրդարանում ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ ի պատասխան լրագրողների հարցերին՝ մեկնաբանել ՀՀ երրորդ նախագահի խոսքերը` 600 դոլարով զրահաբաճկոններ գնելու մասին:

Հարցին՝ արդյոք քննություն սկսվե՞լ է ներմուծման գործընթացում կոռուպցիոն ռիսկերն ի հայտ բերելու համար, ՊԵԿ նախագահն ասաց՝ «ներմուծման գործում կոռուպցիոն ռիսկեր չենք տեսել, որևէ քննություն կամ գործընթաց սկսելու հիմքեր չենք արձանագրել»:

Ինչ վերաբերում է Ֆրանսիայից եկած հումանիտար օգնության բեռին, որի մաքսազերծման մասով խնդիրներ են առաջացել, ասաց, որ «այդ մասով ՊԵԿ-ն արդեն իրազեկել է, անդրադարձել է այդ հարցին»:

«Խնդիրները մաքսային ձևակերպման հետ չեն կապված: Առհասարակ, պատերազմի առաջին օրերից Հայաստան ներկրված բոլոր ապրանքների մաքսային ձևակերպումների հետ կապված խնդիրներ չեն եղել: Դրանք խնդիրներ են, որոնք կապված չեն մաքսային ձևակերպումների հետ»,- հավելեց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ ապրանքը ներմուծվել է ՀԿ-ի անունից և ըստ ՀՀ օրենսդրության՝ ապրանքի մաքսազերծման նպատակով հայտարարատուն պարտավոր է որոշ փաստաթղթեր ներկայացնել:

«Տվյալ դեպքում հայտարարատուն այդպիսի փաստաթղթեր չէր ներկայացրել»,- բացատրեց Հովհաննիսյանը:

Լրագրողների ճշտող հարցին՝ ՊԵԿ-ը 600 դոլարով զրահաբաճկոնների գնման մասին տեղեկություն ունի՞, ՊԵԿ նախագահը բացասական պատասխան տվեց:

«ՊԵԿ-ն այդպիսի տեղեկություններ չունի»,- խոսքը եզրափակեց Հովհաննիսյանը: