«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայ սակրավորները 70 հազար քմ տարածք են ականազերծել Դամասկոսի արվարձանում

26/12/2021

Սիրիայում հայ սակրավորներն ականներից ու չպայթած զինամթերքից մաքրել են տասնյակ հազարավոր քառակուսի մետր տարածք Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Դարայա արվարձանում: Դամասկոսի մերձակայքում դեկտեմբերի 6-ին մեկնարկած աշխատանքներն ընթանում են ՄԱԿ-ի ականազերծման ծառայության (UNMAS) հովանու ներքո:

Կառույցի ֆեյսբուքի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ աշխատանքների առաջին շաբաթվա ընթացքում «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի երկու խմբեր ականներից մաքրել են մոտ 70 հազար քառակուսի մետր տարածք, ինչը հավասար է 10 ֆուտբոլային դաշտի:

Ընդհանուր առմամբ, անհրաժեշտ է ականազերծել Դարայա արվարձանի մոտ 2 միլիոն քառակուսի մետր գյուղատնտեսական նշանակություն ունեցող տարածքներ:

Հիշեցնենք, որ հայկական մարդասիրական առաքելությունը Սիրիայում է գտնվում 2019թ. փետրվարից։ Այդ ժամանակից ի վեր ականներից, ընդհանուր առմամբ, մաքրվել է շուրջ 950 հազար քառակուսի մետր տարածք, իսկ բժիշկները օգնություն են ցուցաբերել ավելի քան 42 հազար տեղացի բնակիչների: