«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կարո Փայլան. «Ինչու՞ եք բետոն թափում հայերի ոսկորների ու մշակութային արժեքների վրա»

16/03/2021

Անկարայի Ուլուս շրջանում «İller» բանկի նոր մասնաշենքի կառուցման նպատակով կատարված հիմքի փորման աշխատանքների ժամանակ մարդու ոսկորներ էին հայտնաբերվել։ Համաձայն կադաստրային արխիվների՝ նշված տարածքում նախկինում եղել է հայկական և կաթոլիկ գերեզմանոց։ Պաշտոնական տվյալներով՝ հիշյալ տարածքում նախկինում ոչ միայն գերեզմանոց, այլ նաև եկեղեցի ու բաղնիք է եղել։

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում բարձրաձայնել է հայկական գերեզմանոցի վրա շինարարական աշխատանքների հարցը:

Նա գրավոր հարցապնդում է ուղղել Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Մուրաթ Քուրումին` պահանջելով պարզաբանել, թե ինչու չի դադարեցվել նշյալ տարածքում բետոնապատման աշխատանքները:

Հայ պատգամավորը հետևյալ հարցերն է ուղղել թուրք նախարարին.

1. Ինչո՞ւ չի դադարեցվում Թուրքիայի բնակարանաշինության վարչության (TOKİ) կողմից հայկական գերեզմանոցի վրա կատարվող շինարարությունը:

2. Նկատու՞մ եք, որ «TOKİ»-ը ոչնչացնում է Անկարայի մշակութային արժեքներն ու քաղաքային հիշողությունը:

3. Ինչու՞ եք բետոն թափում Անատոլիայի հայերի ոսկորների և մշակութային արժեքների վրա:

Հիշեցնենք, որ Թուրքիայի Ճարտարապետների պալատը կոչ էր արել դադարեցնել շինարարական աշխատանքները։ Ճարտարապետների պալատի Անկարայի մասնաճյուղը պաշտոնական գրությամբ դիմել էր Անկարայի քաղաքապետարանի մշակույթի և բնության պահպանության վարչություն, մշակույթի և զբոսաշրջության նախարարության հուշարձանների և թանգարանների գլխավոր վարչություն, ինչպես նաև՝ շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարության կադաստրի վարչություն՝ պահանջելով դադարեցնել շինարարարական աշխատանքները։

Շինաշխատանքների ժամանակ հայտնաբերված ոսկորները փորձաքննության նպատակով հանձնվել էին «Անատոլիայի քաղաքակրթությունների թանգարանի աշխատակիցներին»։ 
https://www.ermenihaber.am/