«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԵՄ-ն եւ Հնդկաստանը առեւտրի ու տեխնոլոգիաների հարցերով խորհուրդ կստեղծեն՝ համագործակցությունն ակտիվացնելու համար

25/04/2022

Եվրամիությունն ու Հնդկաստանը պայմանավորվել են առեւտրի եւ տեխնոլոգիաների հարցերով խորհուրդ ստեղծել՝ համագործակցությունն ակտիվացնելու համար, հայտնում է Reuters-ը։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Արեւմուտքի ջանքերի շրջանակներում երկօրյա այցով գտնվում է Հնդկաստանի մայրաքաղաքում, որպեսզի համոզի Նյու Դելիին խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Միացյալ Նահանգները միակ երկիրն է, որը ԵՄ-ի հետ ունի տեխնիկական համաձայնագիր, որը նման է երկուշաբթի Հնդկաստանի հետ ստորագրածին։

«Կարծում եմ, որ այդ հարաբերություններն այսօր ավելի կարեւոր են, քան երբեւէ»,- Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպման ժամանակ իր բացման խոսքում ասել է ֆոն դեր Լյայենը: «Մենք շատ ընդհանրություններ ունենք, բայց նաեւ բախվում ենք բարդ քաղաքական լանդշաֆտի»:

Նա անվտանգության, կլիմայի փոփոխության եւ առեւտրի ոլորտներում համագործակցությունը նշել է որպես գործունեության հիմնական ուղղություններ:

«Երկու կողմերը համաձայնել են, որ աշխարհաքաղաքական միջավայրի արագ փոփոխություններն ընդգծում են համատեղ խորը ռազմավարական ներգրավվածության անհրաժեշտությունը»,- ասվում է ԵՄ-ի եւ Հնդկաստանի համատեղ հայտարարության մեջ:

«Առեւտրի եւ տեխնոլոգիաների խորհուրդը քաղաքական առաջնորդություն եւ քաղաքականության իրականացման անհրաժեշտ շրջանակ կտրամադրիի՝ տեխնիկական համակարգման եւ քաղաքական մակարդակում հաշվետվողականության համար, որպեսզի ապահովվի իրականացումն ու հետագա գործողություններն այն ոլորտներում, որոնք կարեւոր են եվրոպական եւ հնդկական տնտեսությունների կայուն առաջընթացի համար»:

Ֆոն դեր Լյայենի այցը տեղի ունեցավ մի քանի օր անց այն բանից, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հանդիպեց իր հնդիկ գործընկեր Նարենդրա Մոդիի հետ եւ պայմանավորվեց ընդլայնել երկկողմ պաշտպանական եւ գործարար համագործակցությունը: Ջոնսոնի այցին նախորդել էին ԱՄՆ պաշտոնյաների եւ Ռուսաստանի ու Չինաստանի արտգործնախարարների պաշտոնական այցերը։

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը ֆոն դեր Լյայենի հետ հանդիպումից հետո ասել է, որ իրենք «կարծիքներ են փոխանակել Ուկրաինայի հակամարտության տնտեսական եւ քաղաքական հետեւանքների վերաբերյալ»։