«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Դեղատուն չունեցող համայնքները կարող են դեղորայք պատվիրել-ստանալ «Հայփոստի» միջոցով

08/01/2021

Դեկտեմբերի կեսերից «Հայփոստը» սկսել է նոր ծառայություն մատուցել: Դեղատուն չունեցող գյուղերում առաջին փուլում մարդկանց հնարավորություն են տվել ընտանիքին անհրաժեշտ հաբեր, ներարկման հեղուկ կամ, օրինակ, ջերմաչափ փնտրել ոչ թե հարևան համայնքում կամ մարզկենտրոնում, այլ պատվիրել-ստանալ իրենց բնակավայրի փոստում: Ընդ որում՝ առանց առաքման գումարի կամ լրացուցիչ այլ վճարի: Վստահեցնում են՝ դեղը գյուղեր է հասնում նույն արժեքով, ինչ վաճառվում է մայրաքաղաքի ցանցային դեղատներում:

Դեղ կարելի է նաև «Հայփոստից» գնել՝ հուշում է ցուցանակը: Ծառայությունից Հայաստանում հնարավոր է օգտվել դեռևս միայն 10 բնակավայրում: Ծրագիրը փորձնական է: Հեռավոր այնքան գյուղեր կան, որ դեղատուն չունեն, իսկ փոստ կա: Գործող այդ ցանցի միջոցով են մարդկանց դեղորայք պատվիրել-ստանալու առաջարկ արել՝ առանց որևէ լրացուցիչ ծախսի՝ հատուկ ընդգծում է «Հայփոստի» կոմերցիոն տնօրենը:

Ցոլակ Հովհաննիսյան («Հայփոստ» ընկերության կոմերցիոն տնօրեն) - «Մենք առաքելու ենք դեղը նույն գնով, ինչ գնով այն վաճառվում է Երևանում, դա համապատասխանում է մեր կարգախոսին՝ «գյուղում ինչպես Երևանում»:

Ընտրված է՝ ամեն մարզում մեկական գյուղ. օրինակ Գեղարքունիքում՝ Մադինան է, Շիրակում՝ ձմռանն անանցանելի դարձող Ձորաշենը, Լոռիում՝ Կուրթանը: Դեղատուն չունեն, հարևան համայնք գնալիս պիտի հիշեն՝ ընտանիքում ով առողջական ինչ խնդիր ունի՝ գյուղամիջում օրվա գնումն է ցույց տալիս կամարիսցի տղամարդը: Ասաց՝ վերջերս է իմացել, որ Կոտայքում հենց իրենց գյուղն է ընդգրկվել պիլոտ-ծրագրում:

Սայադ Հակոբյան (Կամարիսի բնակիչ) - «Աստված չանի՝ պետք լինի, մի բան պետք ա՝ Աբովյանից բերում ենք, պետք լինի՝ ստեղից կառնենք»:

Կամարիսի բաժանմունքում դեկտեմբերի կեսերին են առաջին դեղը պատվիրել: Ծառայությունը փորձարկել է փոստային մասնաճյուղի օպերատորը:

Սյուզաննա Սիմոնյան («Հայփոստ» ընկերության Կամարիսի բաժանմունքի ավագ օպերատոր) - «Ես եմ եղել առաջին պատվիրողը՝ վիտամին եմ պատվիրել, երկու օրում եկել ա»:

Ամենաուշը երեք օր է տևում դեղը Երևանից երկրի ամենահեռավոր գյուղ հասցնելը՝ վստահեցնում են «Հայփոստից»: Պատվերն ընդունելու համար փոստի աշխատակիցը նախ դեղատնային գործընկերոջից ճշտում է՝ անհրաժեշտ աչքի կաթիլները, ճնշման հաբերը կամ շաքարային դիաբետի տվյալ պրեպարատը կա՞ արդյոք և ի՞նչ արժե: «Դեղ պետք լինի՝ հարևան գյուղերում է՛լ չփնտրեք, կպատվիրենք-կբերեն»՝ թոշակ ստացող կամ կոմունալները վճարող այցելուներին հիմա պարտադիր հուշում է մասնաճյուղի օպերատորը:

Հունվարի վերջին «Հայփոստում» կամփոփեն փորձարկվող նորամուծությունը: Երկրորդ փուլում նախատեսված է դեղ պատվիրել-առաքելու ծառայությունը ներդնել մարզային ևս 100 բաժանմունքում: Դրան զուգահեռ՝ այն քաղաքացիները, ովքեր արտասահմանում ծանոթ-բարեկամ չունեն, որ խնդրեն իրենց անհրաժեշտ թանկարժեք դեղը դրսից համեմատաբար էժան գնեն ու ծանրոցով ուղարկեն, կկարողանան դա փոստի միջոցով կազմակերպել:

Ցոլակ Հովհաննիսյան - «Մեր հաճախորդները շուտով  հնարավորություն կունենան դեղորայք պատվիրել արտասահմանից»:

Փորձնական մեկ այլ նախագծով փոստային երկու բաժանմունքում դեղատուն կբացվի մինչև փետրվար:

Հեղինակ`Հերմինե Բաղդասարյան, 1Lurer.am