«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Որքան էլ կարճատև լինեն դասընթացները՝ երեխաները դիմակները հանել-հագնելու և ձեռքով դիպչելու կարիք են ունենալու. հոգեբան

23/08/2020

ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույց, ըստ որի՝ դպրոցում երեխաների համար դիմակի կրումը և սոցիալական հեռավորության պահպանումը լինելու է պարտադիր:

Armdaily.am-ի հետ զրույցում «Նագաշյան» երեխաների աջակցման կենտրոնի հոգեբան Նարինե Աբրահամյան-Թովմասյանը նշեց, որ, իհարկե, սա հավեյալ դժվարություն առաջացնող հանգամանք է և յուրաքանչյուր երեխայի մոտ արձագանքը տարբեր է  լինելու է՝ կախված անհատական առանձնահատկություններից:

«Եթե հարցին նայենք դաստիարակչական, մանկավարժական և բժշկական տեսանկյունից՝ բարդությունները շատ են: Մի քանի ամիս է արդեն ունենք դիմակ կրելու մշակույթ: Օրինակ, եթե ընտանիքը կարգապահ և օրինապաշտ է ու ենթարկվել է դիմակ կրելու որոշմանը՝ միանշանակ այդ ընտանիքի երեխաները հարմարված կլինեն դիմակ կրելուն և մեծ դժվարություն չեն ունենա: Հակառակ պարագայում, հատկապես, տարրական դասարանի երեխաների դեպքում շատ դժվար եմ պատկերացնում վերահսկողությունը: Երեխաները շոգելու, քրտնելու են, որքան էլ կարճատև լինեն դասընթացները՝ երեխաները դիմակները հանել-հագնելու և ձեռքով դիպչելու կարիք են ունենալու»,- ասաց հոգեբանը:

Նրա կարծիքով՝ հոգեբանական տեսանկյունից, սա մի բարդություն է, որի հաղթահարման համար երեխան հաստատ ներքին պաշար ունի:

«Կյանքն անընդհատ փոփոխվող մարտահրավերների շարան է և այն պարբերաբար ենթադրում է որոշակի դժվարություններ: Այդ փոփոխություններին հարմարվելու մեր ռեսուրսներն անսահման են և չգիտենք, թե դեռ չբացահայտված ինչ ներքին ռեսուրսներ ունենք։ Աստված մի արասցե, եթե լիներ պատերազմական իրավիճակ, և մենք ստիպված լինեինք թաքստոցներ տեղափոխվել, մենք չէինք ասելու՝ ինչո՞ւ պետք է ապրենք թաքստոցում կամ ստիպված լինեինք, ինչպես շատ երկրներում, թաքստոցներում դաս անել, մենք չէինք ասելու՝ վայ, այս ինչ անմարդկային պայմաններ են: Երբեմն այդ բարդ իրավիճակները թույլ են տալիս արթնացնել ավելի շատ ներքին պաշար ու կարողություններ:

Այդ որոշումները կայացվել են ինչ-որ նկատառումներից ելնելով, և մեր խնդիրն է հասկանալ, որ եթե չենք կարող ներազդել այդ որոշումների վրա՝ մնում է հարմարվել և երեխային հարմարեցնել այդ մտքին»,- հորդորեց նա:

Խոսելով դասարանում երեխաների միջև սոցիալական հեռավորություն պահպանելու մասին՝ հոգեբանն ասաց. «Հիշո՞ւմ ենք, երբ սկսվեց համաճարակը, բոլորը խոսում էին սոցիալական հեռավորության գաղափարի մասին, և մասնագետներից շատերը՝ սոցաշխատողներ, հոգեբաններ, ձգտում էին անպայման արձանագրել, որ հեռավորությունը ոչ թե սոցիալական է, այլ՝ ֆիզիկական»: 

Նա ընդգծեց, որ մեր մանկավարժները նոր հմտությունների կարիք են ունենալու։ «Պետք է մտածել գործունեության այնպիսի մի ձև, որը չի պահանջի սերտ շփումներ և հնարավոր կլինի այն իրականացնել նստած տեղից: Օրինակ, գործունեության այդպիսի ձև կարող է լինել երգելը,կարճ ոտանավորներ արտասանելը, կարգախոսերի նման կոչեր և խաղերի տեսակներ, որոնք կապահովեն պահանջվող ֆիզիկական հեռավորությունը:
Պետք է մտածել ինչ-որ միջոց, հնար, կարողություն, որ դա երեխայի կողմից ընկալվի որպես ֆիզիկական հեռավորություն»,- եզրափակեց Աբրահամյանը: