«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ինչպե՞ս, կազմակերպական ի՞նչ մեխանիզմների գործադրմամբ իրագործվեց հայ բնակչության ցեղասպանությունը Սումգայիթում․պ․գ․թ․, դոցենտ Արմինե Առստամյան-Խաչատրյան

28/02/2022

Generalnews.am-ի հյուրն է ԱրՊՀ Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան, պ․գ․թ․, դոցենտ Արմինե Առստամյան-Խաչատրյանը։

 

- Սումգայիթյան ցեղասպանությունից անցել է 34 տարի։ Մինչ օրս կան բազմաթիվ «ինչուներ», որոնց շուրջ էլ զրուցենք։ Կուզեի անդրադառնաք Սումգայիթյան ցեղասպանության պատմաքաղաքական պատճառներին։

- Հայոց նորագույն պատմության ամենացավոտ ու ողբերգական էջերի մասին է խոսքը գնում։ Սումգայիթը իրավամբ համարվում է ցեղասպանություն, քանի որ դեպքերը, որոնք տեղի են ունեցել 1988-ի փետրվարին Սումգայիթում, իրենց վրա կրում են ցեղասպան արարքները բնութագրող բոլոր հատկանիշները։ Կուզեի հիշեցնել, որ նույն՝ 1988 թ, արցախահայությունը համայն հայության հետ միասին, բարձրացրեց իր արդարացի պահանջը այն է՝ ուղղել Արցախի նկատմամբ դեռևս 1921 թ իրագործած պատմական սխալը, դուրս գալ Ադրբեջանական ԽՍՀ կազմից և Արցախը վերամիավորել մայր Հայաստանի հետ։ Սակայն, արցախցու այդ ազատ կամարտահայտությունն ու ինքնորոշման իրավունքի իրացման համար պայքարը հանդիպեց թե´ ԽՍՀՄ ղեկավարության, թե´ առավել ևս Ադրբեջանի իշխանությունների սվիններին, հետևաբար նրանք սկսեցին ահաբեկչական գործողություններով այնպիսի իրավիճակ ստեղծել, որ հայն հրաժարվեր իր կողմից բարձրացված հարցից։ Սումգայիթում տեղի ունեցածը հենց դա էր նշանակում ահաբեկել հայ ժողովրդին, ցույց տալ, թե ինչ է մեզ սպասվելու, ստիպել հրաժարվել ազգային հարցի լուծումից։ Ահա սա էր այն գլխավոր պատճառը, որ Սումգայիթում հայ ժողովրդի նկատմամբ իրականացվեց ցեղասպանություն։

- Ինչպե՞ս, կազմակերպական ի՞նչ մեխանիզմների գործադրմամբ իրագործվեց հայ բնակչության ցեղասպանությունը Սումգայիթում։

- Սումգայիթում ցեղասպանությունն իրագործվեց չափազանց ծանր և բիրտ միջոցներով։ 1988 թ փետրվարի 27-29-ը Բաքվից 25 կմ հեռավորության վրա գտնվող արդյունաբերական Սումգայիթ քաղաքում երեք օր շարունակ տեղի ունեցավ հայ ժողովրդի սպանդ այս ամենը նախօրոք պլանավորված էր։ 1988 թ փետրվարի 26-ին Սումգայիթում տեղի էր ունեցել Քաղկոմիտեի նիստ, որը վարում էր ոմն Բայրամովը։ Այնտեղ հնչեցին խիստ հակահայկական ելույթներ, սպառնալիքներ՝ ուղղված հայությանը, հաշվեհարդարի կոչեր, նույնիսկ կոչ արվեց, որ բազմահազար ադրբեջանցիներ արշավ սկսեն դեպի ԼՂԻՄ և հայերի նկատմամբ պատիժներ իրականացնեն։ Հաջորդն օրն արդեն, ձեռքի տակ ունենալով հայերի բնակարանների հասցեների ցուցակները, ադրբեջանական խաժամուժը ՆԳՆ հետ պայմանավորվածության համաձայն, սկսեցին իրենց ցեղասպան գործը։ Նրանք մուտք էին գործում հայերի բնակարաններ, ավերում, թալանում, խոշտանգում, սպանում և իրավապահ մարմիններից ոչ մեկ չէր արձագանքում այսինքն՝ ադրբեջանական խաժամուժի գործողությունները համաձայնեցված էին <<վերևների>> հետ։ Փաստորեն, սա ցեղասպանություն էր, որի համար ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց։

- Անդրադառնանք ցեղասպանության հետևանքներին մարդկային, նյութական և բարոյական ի՞նչ  կորուստներ ունեցավ հայ ժողովուրդը Սումգայիթյան ոճրից հետո։

- Սումգայիթում տեղի ունեցածի հետևանքներն ահավոր էին 250 հազարանոց այդ քաղաքում ապրում էին մոտ 18-20 հազար հայեր։ Ըստ պաշտոնական տվյալների, սումգայիթյան ցեղասպանությանը զոհ գնաց 27 հայ, սակայն ականատեսների վկայությամբ, կային ոչ պաշտոնական և պաշտոնական ցուցակներ։ Ոչ պաշ­տոնական ցուցակների համաձայն՝ զոհերի թիվն անցնում էր հազարներից, բացի այդ, ադրբեջանական իշխանությունների պատվերով նկարված մի ֆիլմում, որը նվիրված էր Հեյդար Ալիևի իշխանությանը, այնտեղ նշվում էր, որ Սումգայիթում կոտորվեցին շուրջ 100 հայեր։ Իրական թիվն այն էր, որ զոհերի թիվը հասնում էր հազարների։ Ցեղասպանությունը ծանր հետևանքներ ունեցավ ոչ միայն մարդ­կային և նյութական կորուստների առումով, այլ նաև բարոյահոգեբանական տեսանկյունից։ Ցեղասպանությունը դա այն բռնարարքն է, որը ոչ միայն այն կրածների, այլև նրա սերունդների մոտ թողնում է խորը, ծանր հետևանքներ, ստեղծում հոգեբանական մի սարսափելի վիճակ, որը փոխանցվում է սերնդից սերունդ։ Այն ձևավորում է զոհի բարդույթ և ժողովուրդը այն տանում է իր հետ մշտապես։

- Ցեղասպանությունից 34 տարի անց տրվե՞լ է արդյոք իրավաքաղաքական և պատմական գնահատական կատարվածին թե ԽՍՀՄ-ի իրավահաջորդ ՌԴ-ի, թե արդեն անկախացած ՀՀ-ի ղեկավարության կողմից։

- Ոչ, այդ ոճրագործությանը մինչ օրս համարժեք գնահատական տրված չէ, իսկ ինչպես ցույց է տալիս պատմությունը, եթե մի ոճիր մնում է անպատիժ, ապա այն հետագայում գտնում է իր շարունակությունը։ Դեռ ավելին, ոչ միայն իրավաքաղաքական և պատմական գնահատականի չարժանացավ այդ ցե­ղասպանությունը, այլ Խորհրդային Միության ղեկավարը բազմիցս նշեց, թե իբր խորհրդային զորքը մտավ Սումգայիթ ընդամենը մի քանի ժամ ուշացումով, մինչդեռ, իրականությունն այն է, որ այդ զորքը Սումգայիթ մտավ փետրվարի 29-ին, երբ ադրբեջանցիներն արդեն ավարտին էին հասցրել իրենց ցեղասպան գործողությունները։ Տեղ գտան դատավարություններ, ընդամենը 94 հոգի դատապարտվեցին մի քանի տարիների ազատազրկման, սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո նրանց մի մասն ազատ արձակվեց։ 94 հոգուց միայն մեկն էր դատապարտվել մահապատժի, և ընդհանուր առմամբ, այն, ինչ իրագործվոց հայերի նկատմամբ Սումգայիթում, որակվեց իբր խուլիգանական արարք, մինչդեռ չշեշտվեց այն հանգամանքը, որ դա էթնիկ հողի վրա, հայ մարդու ոչնչացմանն ուղղված ցեղասպանություն էր։ Պատահական չէ, որ Սումգայիթում տեղի ունեցածը կրկնվեց Բաքվում, Հյուսիսային Արցախում, ամենուր կոտորածներ, հայության նկատմամբ սարսափելի բռնարարքներ․․․․

- Ի՞նչ դասեր պետք է քաղեր հայ ժողովուրդը կատարված ողբերգությունից։

- Պատմագիտությունն այն գիտությունն է, որը մշտապես տալիս է պատմական դաս։ Այլ կերպ ասած՝ յուրաքանչյուր քայլ անելիս դու (ժողովուրդը) պետք է հասկանա դրա հնարավոր հետևանքներն ու արդյունքները։ Իմ կարծիքով, բոլոր իրողություններից, թե դառը հարվածներից, թե քաղաքական-դիվանագիտական խարդավանքներից պետք է դասեր քաղել և առաջ շարժվել։ Այո, մենք պետք է յուրացնենք մեր պատմության գլխավոր դասը դա այն է, որ լինենք միասնական, ունենանք հստակ մշակված ազգային գաղափարախոսություն, ունենանք ստեղծագործ միտք, միավորենք մեր բոլոր ուժերը և անընդհատ կառուցենք, կերտենք, զարգանանք հանուն մեր նախնիների, մեր զինվորների հիշատակի։ Պետք է հաշվի առնել մեր սխալները և նույնը չկրկնել հետագայում, առաջնորդվենք ճշգրիտ հաշվարկներով, լինենք ճկուն, հնարամիտ և հայրենասեր։

Հարցազրույցը վարեց «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ, պ․գ․թ․, դոցենտ Մարինե Գևորգյանը