«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԴԱՆԻԱՅՈՒՄ ASTRAZENECA ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԻ ՆԵՐԱՐԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՄԱՐԴ Է ՄԱՀԱՑԵԼ

21/03/2021

 

Դանիան շաբաթ օրը հայտնել է, որ մեկ մարդ մահացել է, իսկ մեկը ծանր հիվանդացել է արյան մակարդախցանով (տրոմբ) ու գլխուղեղային արյունազեղմամբ՝ AstraZeneca COVID-19 պատվաստում ստանալուց հետո:

Գրել է (20.03.2021) միջազգային «Ռոյթերս» լրատվական գործակալությունը։

«Երկուսն էլ հիվանդանոցի անձնակազմի անդամներ են ու ստացել էին AstraZeneca պատվաստանյութը հիվանդանալուց ոչ քիչ 14 օր առաջ», - հայտարարել է Կոպենհագենի հասարակական հիվանդանոցները ղեկավարող մարմինը:

Դանիական դեղերի գործակալությունը, առանց լրացուցիչ մանրամասներ հաղորդելու, հաստատել է, որ ստացել է երկու «լուրջ զեկույց»։ Մանրամասներ չկան, թե երբ են հիվանդանոցի աշխատակիցները հիվանդացել:

Մարտի 19-ին «Եվրանյուզը» գրել էր, որ Նորվեգիան, Շվեդիան և Դանիան կշարունակեն դադարը կապված «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի կիրառության հետ, չնայած Դեղերի եվրոպական գործակալության (EMA) եզրակացությանը, որ պատվաստանյութն «անվտանգ և արդյունավետ» է:

Որոշ երկրներ, այդ թվում՝ Գերմանիան ու Ֆրանսիան, այս շաբաթ փոխել են պատվաստանյութի օգտագործումը դադարեցնելու իրենց որոշումը Եվրամիության դեղամիջոցների հսկողության կողմից տրոմբի մասին զեկույցների հետաքննությունից հետո։ Զեկույցում հինգշաբթի օրը նշվել էր համոզմունքը, որ պատվաստանյութի օգուտները գերազանցում են ռիսկերը: