«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԼՂ-ում տեղի ունեցածը հայերի էթնիկ զտում է. իտալացի պատգամավոր

12/04/2024

Պետք է մշտապես հիշել, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածն այնտեղ հազարամյակներ շարունակ ապրած հայերի էթնիկ զտում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ ՝ նման ձևակերպմամբ է Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, Լեգա կուսակցության ներկայացուցիչ Պաոլո Ֆորմենտինին արձագանքել եվրատլանտյան հանրությանը Հայաստանի լիարժեք ինտեգրման հնարավորության մասին իր հարցին՝ Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարար Ջորջո Սիլլիի հնչեցրած պատասխանին:

«Ակնկալում ենք, որ Իտալիան լիարժեք աջակցություն կտրամադրի եվրատլանտյան համայնքին Հայաստանի ինտեգրմանը։ Եվ դա իսկապես ավելին է, քան զուտ ակնկալիք: Մենք մշտապես կշարունակենք պնդել դա, քանի որ ինչպես արդեն նշել ենք, Իտալիան առևտրային և էներգետիկ ոլորտներում ամուր կապեր ունի Ադրբեջանի հետ, բայց դա չի նշանակում և չպետք է նշանակի, որ մենք պետք է մի ողջ ժողովրդի թողնենք ճակատագրի քմահաճույքին։

Պետք է մշտապես հիշել այն, ինչ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում, քանի որ այն, ինչ պարզապես, պարզունակ ձևով բնորոշվում է որպես այսպես կոչված «վտարում ադրբեջանական հողերից»՝ այնտեղ հազարամյակներ շարունակ ապրած հայերի էթնիկ զտում է: Այլ կերպ չենք կարող որակել տեղի ունեցածը։ Անհրաժեշտ է գիտակցել սա: Շատ լուծումներ կարող էին լինել։ Սակայն, դա հաշվի չառնվեց և այսօր Լեռնային Ղարաբաղում այլևս հայեր չկան»,- հայտարարել է Պաոլո Ֆորմենտինին։

Բանախոսը հատուկ ընդգծել է՝ իրենք ակնկալում են, որ պետք է ապահովվի այդ տարածաշրջանի պատմամշակութային ժառանգության, հայկական եկեղեցիների, վանքերի և գերեզմանատների պաշտպանությունը, որպեսզի դրանք նույնպես չվերացվեն:

«Եվ այս ամենը՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի՝ ապրիլի 24-ին նախօրեին: Սա իսկապես հարգանքի տուրք է խաղաղությանը: Համոզված եմ և հուսով եմ, որ դա լինի իսկական խաղաղություն, որը կհարգի պատմական տարածքները, պատմամշակութային ժառանգությունն ու ժողովրդի իրավունքները։ Մենք այս ամենը չպետք է մոռանանք Ադրբեջանի հետ մեր ամենօրյա հարաբերություններում: Եվ եթե մենք Հայաստանի պարագայում նկատել ենք առաջընթաց դեպի Եվրամիություն և նոր երկխոսություն (ինչպես նշեց Ստոլտենբերգը) ՆԱՏՕ-ի հետ, ապա պետք է ասենք նաև, որ, ըստ որոշ դիտարկումների, հավանաբար հակառակն է տեղի ունենում Հայաստանի հետ սահմանակից երկրում»,- իր ելույթն այսպես է ավարտել Պաոլո Ֆորմենտինին։