«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Այս գործընթացը հավասարաչափ կարևոր է և՛ Թուրքիայի, և՛ Հայաստանի համար.Արևելագետ

23/02/2022

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների նշանակմամբ սկսված հայ-թուրքական երկխոսության գործընթացը բազմակողմանիորեն ներկայացնելու համար Ermenihaber.am-ը հարցազրույցների շարք է սկսում Թուրքիայի ու Հայաստանի քաղաքական-հասարակական գործիչների,
գիտնականների ու փորձագետների հետ։

Այսպիսով հայ և թուրք ընթերցողների դատին ենք հանձնելու հիշյալ գործիչների տարասեռ տեսակետները հայ-թուրքական կարգավորման վերաբերյալ։

Այս անգամ հարցեր ենք ուղղել Բրյուսովի պետական համալսարանի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, արևելագետ Արմեն Պետրոսյանին։

- Փետրվարի 24-ին Վիեննայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները 2-րդ անգամ են հանդիպելու:  ԹՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ Վիեննայի ընտրությունը հայկական կողմինն է, թեև հայտնի է, որ Թուրքիան ցանկանում է հանդիպել կա՛մ Թուրքիայում, կա՛մ ՀՀ-ում։ Ըստ ձեզ՝ ինչու է հայակական կողմը 3-րդ երկիր ընտրում հանդիպումների համար։

- Պետք է հաշվի առնել մի կարևոր հանգամանք՝ թեպետ խոսքն առանց նախապայմանների Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի մասին է, այնուամենայնիվ, իր բովանդակությամբ այս խնդիրը պատմականորեն շատ ավելի լայն՝ տարածաշրջանային, անգամ աշխարհաքաղաքական տարողություն ունի։ Այն իր էությամբ և առանձին նրբություններով շոշափում է միաժամանակ միջազգային հարաբերությունների մի քանի հարթություն՝ նաև Թուրքիա-Ռուսաստան, Թուրքիա-Արևմուտք, Արևմուտք Ռուսաստան, Ռուսաստան-Հայաստան, Արևմուտք-Հայաստան, ինչպես նաև Սփյուռքի ներգրավվածությամբ մի շարք այլ բանաձևումներ։
 

Բացի երկկողմ չափազանց զգայուն գործընթաց լինելուց, Թուրքիա-Հայաստան կարգավորումը Հայաստանի համար տարածաշրջանում, ինչպես նաև ռազմավարական դաշնակցի և այլ գործընկերների հետ նուրբ հավասարակշռությունը պահպանելու օրակարգ է ստեղծել, որը Երևանը բավականաչափ գրագետ իրացնելու խնդիր ունի, ինչը, առայժմ, կարծես, հաջողվում է։ Պատմությունն է վկա՝ Հայաստանի հետ հարաբերությունները Թուրքիան մշտապես դիտարկել է նաև որպես Հարավային Կովկասում դիրքավորվելու կարևոր ուղեգիծ, որը, բնականաբար, անխուսափելի առնչություններ ունի Ռուսաստանի հետ մրցակցության հարցին։ Նաև դրանով է պայմանավորված Անկարայի կողմից ցանկացած կողմնակի՝ հատկապես Ռուսաստանի ազդեցությունը բացառելուն միտված փորձերը, որոնք միայն խոչընդոտներ կառաջացնեն Թուրքիայի՝ վերոնշյալ նպատակներին տանող ճանապարհին։

Հետևաբար, կարևոր է, որ Հայաստանն այս գործընթացում առավելագույն թափանցիկություն ապահովի, որպեսզի դաշնակից երկրների փոխվստահության վրա որևէ բիծ չառաջանա։ Հետևաբար, կարծում եմ, որ նաև դրանով է պայմանավորված երկու երկրների ներկայացուցիչների առաջին հանդիպման անցկացումը Մոսկվայում, ինչպես նաև ռուս գործընկերների հետ դրա վերաբերյալ պարբերաբար իրականացվող շփումները։ Իսկ դարձյալ հայկական կողմի առաջարկով՝ Վիեննայի ընտրությունն արդեն երկրորդ հանդիպման համար՝ կարելի է դիտարկել որպես դիվանագիտական ուղերձ այս գործընթացի հանդեպ մշտապես հետաքրքրություն ցուցաբերած արևմտյան գործընկերներին, ինչը ևս բավականաչափ կարևոր է։ Քանի որ, անկախ կարգավորման գործընթացի դրական մեկնարկի հանգամանքից, այնուամենայնիվ,  դրա հեռանկարը դեռևս բավականաչափ մշուշոտ է։

- Ձեր խոսքում նշեցիք Կովկասում Ռուսաստան-Թուրքիա պատմական մրցակցության մասին, որը տարբեր դրսևորումներով շարունակվում է նաև այսօր և կարող է արտահայտվել նաև Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացում։ Բացի այդ, շատ փորձագետներ նշում են, որ 44-օրյա պատերազմի արդյունքում Հարավային Կովկասում Թուրքիայի ազդեցությունը մեծացել է, բայց նաև ռուս խաղաղապահների ԼՂ-ում տեղակայումով մեծացել է նաև ռուսական ազդեցությունը։

Արդյո՞ք այս  մրցակցությունը որևէ փուլում չի կարող բացասաբար անդրադառնալ կարգավորման գործընթացի վրա։

- Բավականաչափ նուրբ խնդիր եք արծարծում։ Արդեն իսկ նշեցի, որ իմ կարծիքով՝ Ռուսաստանի հետ աշխատելու հայկական կողմի ցայժմ իրականացրած քայլերը նաև հենց գործընթացի նկատմամբ որևէ բացասական վերաբերմունք բացառելու նպատակին են միտված։ Մինչդեռ չափազանց կարևոր է, որ նման մոտեցում կարգավորման հանդեպ ունենա նաև թուրքական կողմը։ Իսկ գուցե բացառապես Անկարա-Երևան գծի վրա գործընթացը մղելու Անկարայի նպատակը հենց դրան է միտված։ Մինչդեռ այս հարցում որոշակի տարակուսանք է առաջացնում Թուրքիայի իշխանության բոլոր բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից «իրենց յուրաքանչյուր քայլն Ադրբեջանի հետ համաձայնեցնելու» վերաբերյալ շեշտադրումները։ Եվ գուցե Անկարայի նման մոտեցումն էլ պայմանավորված է որևէ փուլում Ադրբեջանի բացասական ազդեցությունը գործընթացի նկատմամբ բացառելու նպատակով։ Այդուհանդերձ, Անկարայից անընդհատ հնչող նման հայտարարությունները հաճախ անգամ նախապայմանային ենթատեքստի տպավորություն են ստեղծում հայտարարված առանց նախապայմանների գործընթացում։

Մյուս խնդիրը, որը բավականաչափ ակնառու է, թուրքական տեղեկատվական վերլուծական դաշտում, Թուրքիայի և Հայաստանի միջև ցայժմ հարաբերությունների բացակայության, ինչպես նաև երկկողմ թշնամանքի հարցում սեփական մեղքն այլոց վրա գցելու ընդգծված միտումն է։ Հիմնվելով թուրքական վերլուծական դաշտի ուսումնասիրության վրա՝ տպավորություն է ստեղծվում, թե հայ և թուրք ժողովուրդների կամ Հայաստան-Թուրքիա թշնամանքի պատճառը հայերին սեփական շահերի համար թուրքական պետությունների դեմ տրամադրած «իմպերիալիստական ուժերն»(ֆրանսան, ՄԲ) են, Ռուսական կայսրությունը կամ ԽՍՀՄ-ը, որոնք տարբեր եղանակներով, նաև ԼՂ հիմնախնդրի պարտադրմամբ նպատակ էին հետապնդում թույլ չտալ թուրք-հայկական կարգավորման կամ երկխոսության հնարավորություն։ Կամ նման իրավիճակի պատասխանատուն Հայաստանն է, որ տասնամյակներ շարունակ «բռնազավթել, ամայացրել էր Ադրբեջանի տարածքները» և այլն։ Կամ, որ մեղավոր է Սփյուռքը, որն ամեն կերպ փորձում է խոչընդոտել ոչ միայն երկկողմ հարաբերությունների կարգավորմանը, այլև արհեստականորեն խնդիրներ է ստեղծում Թուրքիայի և այլ երկրների հարաբերություններում։

Այլ կերպ ասած՝ մեղավոր են բոլորը, բացի թուրքական պետություններից։ Մինչդեռ անհերքելի և ճանաչված իրողություն է՝ հայ-թուրքական թշնամանքի հիմքում Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայ ժողովրդի ցեղասպանությունն է, և այս աղետի ժխտման քաղաքականությունը, որը վարել են Թուրքիայի բոլոր իշխանությունները։ Մերօրյա Թուրքիայի կողմից ՀՀ նկատմամբ 30 տարի շարունակվող շրջափակման, ոչ դրացիական քաղաքականությունն է, որը գագաթնակետին հասավ 44-օրյա պատերազմի ընթացքում՝ Ադրբեջանին համակողմանի աջակցության ցուցաբերման եղանակով։ Ինչ խոսք, տարբեր պատմափուլերում եղել են խնդրահարույց իրավիճակներ, բայց դարեր շարունակ ազատագրական պայքար մղած, սեփական պետականությունը վերականգնելուն, անվտանգությունը, անգամ փրկությունն ապահովելուն միտված հայ ժողովրդի ջանքերը դաշնակցային շահերի հետ համադրելու փորձերը միակողմանի ներկայացնելու թուրքական քարոզչության փորձերը գուցե հասկանալի են, բայց օբյեկտիվ չեն և զուտ պատմական փաստերի աղավաղում են։

Նման աչառու, հաճախ մանիպուլյատիվ մոտեցումը, վստահաբար, որոշակի շրջափուլում կարող է բացասաբար ազդել նաև կարգավորման գործընթացի վրա, որը, չի բխում ո՛չ Թուրքիայի, ո՛չ Հայաստանի շահերից։ Ի վերջո, այնուամենայնիվ, երկու հարևան երկրների միջև անգամ նվազագույն մակարդակի հարաբերությունների առկայության կարևորությունն անհամեմատելի է դրանց բացակայության բացասական արդյունքի հետ։

- Հիշատակեցիք ԼՂ հակամարտության, 44-օրյա պատերազմի մասին։ Ինչպես կբնութագրեք թուրքական հասարակական-քաղաքական վերլուծական դիսկուրսում հիմնախնդրի հետ կապված ընդհանուր քննարկումները և ինչպե՞ս կարող են դրանք ազդել  կարգավորման գործընթացի վրա։

- Նախ հարկ է նշել, որ այս գործընթացի հնարավորությունը պայմանավորված է նաև 44-օրյա պատերազմի արդյունքներով։ Ադրբեջանը և Թուրքիան փորձում են աշխարհին համոզել, որ պատերազմի միջոցով լուծվել է հակամարտությունը։ Եվ այս թեզը խորացնելու նպատակով փորձում են օրակարգ բերել այն բոլոր գործընթացները, այդ թվում նաև Հայաստանի հետ հարաբերությունների վերանայման հարցը, որը նախկինում իբր անհնարին էր հակամարտությունում ՀՀ դերակատարման արդյունքում։ Մինչդեռ, իհարկե, ԼՂ հակամարտությունը չի կարգավորվել, քանի որ չի լուծվել տարածաշրջանի հայ ժողովրդի ինքնորոշման հարցը, այսինքն՝ չի ճանաչվել տասնամյակներ առաջ իրացված արցախահայության կամարտահայտությունը։ ԼՂ հակամարտության հանգուցալուծման մասին խոսում են բացառապես Բաքուն և Անկարան, ինչը, բնականաբար, հերքում է «հիմնախնդրի՝ անցյալում մնալու մասին» ադրբեջանաթուրքական պնդումները։

ԼՂ հակամարտությունը միջազգային իրավունքի բազմաթիվ նորմերով ճանաչված միջազգային հակամարտություն է, որի շահառուներից են Ադրբեջանը, Արցախը, Հայաստանը, միջազգային հանրությունը՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի, որին էլ վերապահված է հիմնախնդրի կարգավորումը։ Եվ որպեսզի հակամարտությունը համարվի հանգուցալուծված, դրա մասին պետք է հաստատեն նշված բոլոր դերակատարները և հատկապես Արցախի Հանրապետությունը, որի բնակչության ինքնորոշման հարցի լուծմանն է մեծ հաշվով միտված այս հակամարտությունը։ Իսկ նման բան, բնականաբար չկա, քանի որ և՛ ԵԱՀԿ համանախագահ երկրները, և՛ Հայաստանը, և՛ Արցախը հաստատում են հիմնախնդրի չլուծված լինելու փաստը։  Թերևս, այս հարցում Թուրքիայի առավել կառուցողական դիրքավորումը վստահաբար միմիայն ավելի կմոտեցներ հակամարտության կարգավորման հնարավորությունը, ի տարբերություն ներկա իրավիճակի։

ԼՂ հակամարտության հետ կապված մյուս կարևոր խնդիրը, որն արձանագրվել է թուրքական տեղեկատվական-քարոզչական դաշտում, դրա՝ «հայկական կողմին պարտադրված լինելու շեշտադրումն է տարբեր արտաքին դերակատարների կողմից, որը Հայաստանի և հայ ժողովրդի համար որևէ դրական արդյունք չի ունեցել»։ Այո, անհերքելի է, որ այս հակամարտությունը հայ ժողովրդին պարտադրվել է, բայց միայն ու միայն Ադրբեջանի կողմից։ Քանի որ դրա միակ նպատակը հայ ժողովրդի պատմական հայրենիքի մի հերթական հատվածը հայաթափումից փրկելն է, նրա բնակչությանը ցեղասպանելու փորձերը կանխելը, որի օրինակը տեղի էր ունեցել խորհրդային խաղաղ շրջանում պատմական հայրենիքի մեկ այլ հատվածում՝ Նախիջևանում, իսկ արդեն ԽՍՀՄ մայրամուտին և Ադրբեջանի անկախացումից հետո՝ Բաքվում, Սումգայիթում, Մարաղայում և այլուր, ամենավերջինը՝ 44-օրյա պատերազմի ընթացքում՝ Հադրութում, Շուշիում և Արցախի անքակտելի այլ շրջաններում։ Արցախյան ազատամարտն ու հաղթանակը մեր ժողովրդի պատմության ամենափայլուն էջերից են, որոնցով դեռ սերունդներ են կրթվելու։

Ինչ վերաբերում է հակամարտությունից արտաքին դերակատարների օգտվելու հանգամանքից, ապա դա օբյեկտիվ երևույթ է աշխարհաքաղաքականության տեսանկյունից։ Չէ՞ որ նաև այդ հակամարտությունից օգտվելով, դրանում համապատասխան կերպով դիրքավորվելով՝ Թուրքիան հատկապես Ռուսաստանի և Իրանի հետ մրցակցության պայմաններում կարողացավ զգալիորեն ամրապնդել սեփական դիրքերը Հարավային Կովկասում՝ հատկապես Ադրբեջանում։ Իսկ 44-օրյա պատերազմին առնչվող գործընթացների արդյունքում Անկարան առավելագույն ազդեցության հասավ Նուրի փաշայի գործունեության արդյունքում 1 դար առաջ ստեղծված թուրքական պրոյեկտ հանդիսացող Ադրբեջանի Հանրապետությունում։ Այսինքն՝ Հարավային Կովկասում Թուրքիայի ցանած սերմերը մեկ դար անց լավագույն պտղաբերություն են ապահովում հատկապես այս հակամարտության արդյունքում։

- Պատմությունից վերադառնանք մերօյա քաղաքականությանը։ Նշեցիք, որ գործ ունենք Թուրքիա-Հայաստան կարգավորման օբյեկտիվ գործընթացի հետ։ Ինչպիսի՞ կանխատեսումներ ունեք դրա հեռանկարի հետ կապված։

- Այո, ըստ էության, գործ ունենք մի չափազանց կարևոր, բայց նաև բարդ ու զգայուն գործընթացի հետ։ Դրա օբյեկտիվ լինելու հանգամանքը հիմնավորվում է ինչպես ադրբեջանա-թուրքական հետպատերազմյան հռետորաբանության հանգամանքով, որի մասին արդեն իսկ նշեցի, այնպես էլ մեծ տարածաշրջանում ձևավորվող որակապես նոր միջավայրի իրողությամբ։ Այսինքն, նկատելի է, որ տարածաշրջանային գրեթե բոլոր հիմնախնդիների հետ կապված արձանագրվում է նախկին մոտեցումների փոփոխություն՝ հակամարտայինից դեպի համագործակցային հարթություն։ Նույն Թուրքիայի օրինակով՝ պատկերն ավելի ընկալելի է դառնում։ Շուրջ մեկ տարի է, ինչ այդ երկրի իշխանությունները փորձում են գրեթե բոլոր ուղղություններում կարգավորել հատկապես վերջին տասնամյակի ընթացքում սրված խնդրահարույց հարաբերությույունները՝ որպես օրինակ՝ արաբական ուղղությամբ՝ Եգիպտոս, ԱՄԷ, Սաուդյան Արաբիա, ինչպես նաև՝ Իսրայել և այլն։

Հայաստանի հետ կարգավորումն էլ նույն տրամաբանության տիրույթում է, չնայած թուրքական պաշտոնական հռետորաբանությունն ու քարոզչությունն այս գործընթացը փորձում է ներկայացնել որպես «լավություն, խաղաղության ձեռք՝ մեկնած Հայաստանին»։ Սա ոչ պակաս կարևոր հնարավորություն է նաև Թուրքիայի համար՝ ցայժմ ունեցած թերությունները հարթելու առումով։ Մյուս կողմից՝ տարածաշրջանում խաղաղության կառուցման ուղեգիծը Հայաստանում իշխող քաղաքական ուժի ծրագրում է։

Այստեղ շատ լավ է հասկացվում Թուրքիայի հետ երկխոսության նշանակությունը։ Հետևաբար մոտեցումների նման համընկման օբյեկտիվ իրավիճակում ականատես ենք լինում հայտարարված «առանց նախապայմանների կարգավորման երկկողմ գործընթացի»։ Ուստի, ներկայում ձևավորված օբյեկտիվ իրավիճակն ու միջավայրը ավելի իրատեսական են դարձնում կարգավորման հաջողումը, ի տարբերություն նախորդ ձախողված փորձերի։ Կրկնում եմ, սա չափազանց նշանակալից գործընթաց է։

Ընդ որում, այն հավասարաչափ կարևոր է և՛ Թուրքիայի, և՛ Հայաստանի համար՝ յուրաքանչյուրին իր դիրքային առաջնահերթությունների սահմաններում։ Բացի այդ, դրա հաջողումը կարևոր է նաև ամբողջ տարածաշրջանի համար։ Մյուս կողմից, սա լավ հնարավորություն է նաև երկու ժողովուրդների ներկա սերունդների համար՝ միմյանց առարկայորեն ճանաչելու և որոշ կարծրատիպեր հաղթահարելու տեսանկյունից, որոնք ձևավորվել են նաև պատմական անցյալի,  աշխարհաքաղաքականության և դրանց հետևանքով նաև երկկողմ հարաբերությունների բացակայության հետևանքով։

Այժմ բարդ է հստակ կանխատեսումներ կատարել կարգավորման գործընթացի հետ կապված, քանի որ ինչպես ամբողջ հարցազրույցի մեջ փորձեցի ներկայացնել՝ խնդիրը բավականաչափ բարդ և խորը պատմական, հոգեբանական, աշխարհաքաղաքական հիմքեր ունի։ Ներկայում կա հնարավորություն, որը երկուստեք փորձ է արվում օգտագործել, և այս պահին կանխատեսելի ամենաառարկայական խոչընդոտները կարող են առաջանալ հայտարարաված «առանց նախապայմանների» սկզբունքից շեղվելու դեպքում։

Աղբյուր`    Ermenihaber.am