«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Եվրախորհրդարանի պատգամավորը ԵՄ-ին կոչ է անում չընդունել Էրդողանի ժխտողական ամբիցիաները

24/04/2021

Եվրախորհրդարանի իտալացի պատգամավոր Ռոզաննա Կոնտեն Եվրոպական Միությանը կոչ է անում չընդունել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ժխտողական և գերիշխող ամբիցիաները: Այս մասին Կոնտեն նշել է տեսաուղերձով հանդես գալիս:

«Հայերի ցեղասպանությունը 20-րդ դարի ամենաողբերգական էջերից մեկն է, էջ, որը դժբախտաբար դեռ փակված չէ։ Մենք վերջերս դրա ականատեսը եղանք Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում։ Ատելության քաղաքականությունը շարունակվում է, որին նպաստում է Էրդողանի Թուրքիան իր ժխտողական և գերիշխող ամբիցիաներով։ Եվրոպական Միությունը չի կարող և չպետք է ընդունի այն։ Որպես իտալացի՝ ես հպարտ եմ, որ մեր վարչապետը խիստ դիրքորոշում է ներկայացրել Էրդողանի նկատմամբ, սակայն խոսքին պիտի հաջորդեն փաստերը՝ սկսած Իտալիայի և Եվրոպական Միության՝ ընդդեմ Թուրքիայի ժխտողականության խիստ դիրքորոշումից»,- նշել է պատգամավորը:

Կոնտեն ընդգծել է, որ ապրիլի 24-ը հիշատակի օր է և իր աջակցությունը հայտնել հայ ժողովրդին:

«Ես միանում եմ ձեզ, հայե՛ր, նաև բազմաթիվ այն հայերին, որոնք ապրում են Իտալիայում, ինչպես հայկական համայնքը, որն ապրում է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում, և հիշատակում եմ սարսափելի ցեղասպանության զոհերին, ցեղասպանություն, որը պիտի ճանաչվի բոլորի կողմից»,- եզրափակել է Ռոզաննա Կոնտեն: