«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սլովակիան ինտենսիվ աշխատում է Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ

31/03/2022

Սլովակիան ինտենսիվ աշխատում է Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ, տարբերակներից մեկը հեղուկ բնական գազի (ՀԲԳ) մատակարարումների ավելացումն է, հայտարարել է էկոնոմիկայի նախարար Ռիչարդ Սուլիկը։

Սուլիկը պնդում է, որ նախարարությունն ամեն օր հետեւում է Ռուսաստանից գազի եւ նավթի մատակարարումների հետ կապված իրավիճակին, այնուհետեւ միջոցներ է ձեռնարկում, որպեսզի Սլովակիան գազի կամ նավթի պակաս չունենա։

«Չնայած այն հանգամանքին, որ գազն ու նավթը դեռեւս պայմանագրային պայմաններով են գալիս Ռուսաստանից, Սլովակիան նաեւ ինտենսիվ աշխատում է իր էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից նվազեցնելու ուղղությամբ։ Լուծումը ներառում է նաեւ հեղուկ գազի մատակարարումներ, եւ մենք շահագրգռված ենք այդ մատակարարումների ակտիվացմամբ»,- ասել է նա։

Նախարարը հաստատել է, որ Լեհաստանի հետ գազային փոխկապակցման աշխատանքներն ավարտվում են։ «Այս գազատարը կմիացնի Եվրոպայի հյուսիս-հարավը, ինչը տեսանելի ապագայում թույլ կտա գազ մատակարարել Նորվեգիայից, իսկ Լեհաստանի տերմինալների միջոցով՝ հեղուկ բնական գազ ամբողջ աշխարհից»,- հավելել է նա։

Սլովակիայում ջեռուցման վերջին օրը պաշտոնապես ավարտվում է, եւ հաջորդ սեզոնի համար գազի պահեստարանները կսկսեն լցվել ուրբաթ օրը։

Գազի մատակարարումների համար ռուբլով վճարելու Ռուսաստանի պահանջի առնչությամբ նախարարն ասել է, որ Սլովակիան մարտ ամսվա համար վճարել է եվրոյով՝ պայմանագրով նախատեսվածի համաձայն։

Ինչ վերաբերում է նավթին, ապա Սլովակիան ապահովել է 120 օրվա ռազմավարական պաշարները, մինչդեռ օրենքով դրանք պետք է լինեին առնվազն 90 օրվա։ Նավթի հավելյալ պաշարներ ունեն նաեւ Slovnaft եւ Transpetrol նավթավերամշակման գործարանները։

«Ռուսաստանից նավթի մատակարարումների դադարեցման դեպքում ես գրավոր խոստում ունեմ Slovnaft-ից, որ նա անհրաժեշտ նավթը կներկրի Adria խողովակաշարով»,- եզրափակել է Սուլիկը: