«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Հունվար-փետրվարին Հայաստանում արդեն կորոնավիրուսի դեմ պատվաստումներ կարվեն

12/01/2021

Հայաստան մուտքն այսուհետև նաև ցամաքային սահմանով է հնարավոր: Մեր երկիր ժամանող Հայաստանի և օտար երկրների քաղաքացիների մուտքը դեռ նոյեմբերին ընդունված որոշման համաձայն միայն օդային սահմանով էր թույլատրվում և առավելագույնը 72 ժամ վաղեմության բացասական թեստով: Երեկվանից 6 ամսով երկարաձգված կարանտինը Հայաստանում մեղմում է որոշ սահմանափակումներ:

Նունե Բակունց (ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ) - Եթե ինչ-որ մեկը եկել հասել է անցման կետ և չունի նման սերտիֆիկատ, որոշումը՝ նախատեսում է տեղում նմուշառում հանձնել և ինքնամեկուսանալ մինչև նմուշի պատասխանը:  
 
Մյուս փոփոխությունը միջոցառումների ժամանակ մարդկանց թվի սահմանափակմանն է վերաբերում: Հարսանիքների, կնունք-ծնունդների, թաղումների ժամանակ կարանտինի նոր կանոններով մասնակիցների թիվը չի սահմանափակվում:

Նունե Բակունց - Մենք ունեինք սահմանափակումներ՝ հանրային տոնախմբություններ, ինչպես նաև հարսանիք, թաղում, մարդկանց թվի սահմանափակում կար՝ 60 հոգի, վերացվել է: 
  
Հայաստանում այս պահին համաճարակային իրավիճակը կայուն է, բայց աշխարհում տիրող իրավիճակով, COVID-ի նոր շտամների առաջացման և դպրոցների բացման հանգամանքով պայմանավորված՝ կարանտինի երկարաձգման կարիքը կար՝ բացատրում են մասնագետները: Առաջիկայում մեր երկրում նույնպես COVID-ի երրորդ ալիքի բռնկում է կանխատեսվում: Արդյոք արդեն վարակվածները նորից կվարակվե՞ն, հատկապես որ նոր շտամներ են ի հայտ գալիս: Մասնագետները սրա հստակ պատասխանը չունեն:

Գայանե Սահակյան (ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ) - Դա մի շարք հանգամանքներով է պայմանավորված: Առաջին հերթին մենք պետք է համոզված լինենք, թե կոնկրետ վիրուսի մուտացիա եղե՞լ է, թե՞ ոչ, կոնկրետ ո՛ր շտամով է ինքը վարակված եղել և հետագայում նորից հիվանդության փաստը գրանցվելու դեպքում նույն շտամո՞վ է վարակվել, թե՞ ուրիշ: 

Տարբեր երկրներում COVID-ի դեմ մասսայական պատվաստումներ են սկսվել: Հունվար-փետրվարին պատվաստանյութի առաջին խմբաքանակը նաև Հայաստան կհասնի: Կարվեն առաջին պատվաստումները՝ դեռ միայն ռիսկի խմբերին:

Գայանե Սահակյան - Այս պահին արդեն ունենք գործող պայմանավորվածություն: Ունենք նաև առաջարկներ: 
 
Առողջապահության նախարարությունն այս պահին բանակցություններ է վարում 4 տարբեր ընկերությունների հետ, արդեն ներկրման ժամկետներ են ճշտվում:

Գայանե Սահակյան - Մեզ համար շատ կարևոր է պատվաստանյութի անվտանգությունը և արդյունավետությունը: 

Պատվաստումից բացի, վիրուսի տարածումը կանխարգելող մյուս միջոցը կոլեկտիվ իմունիտետն է: Դրա համար պետք է COVID-ով վարակված լինի երկրի բնակչության 70-80 տոկոսը: Մենք դեռ նման ցուցանիշ չունենք՝ ասում են մասնագետները: Ահա թե ինչու են կանխատեսում և սպասում վիրուսի երրորդ ալիքի բռնկմանը:

1Lurer.am