Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության առաջին փուլի հիմնական խնդիրները կատարված են. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության առաջին փուլի հիմնական խնդիրները կատարված են, ինչը, նրա խոսքով, հնարավորություն է տալիս կենտրոնանալ գլխավոր նպատակի՝ Դոնբասի ազատագրման վրա:
«Ուկրաինայի զինված ուժերին զգալի վնաս է հասցվել: Նվաճել ենք օդային գերակայություն: Գործնականում ոչնչացվել են ռազմաօդային ուժերը և հակաօդային պաշտպանության համակարգը: Երկրի ռազմածովային ուժերը դադարել են գոյություն ունենալ: Զգալի կորուստներ են կրել ցամաքային և օդադեսանտային հարձակման ուժերի բոլոր կազմավորումները»,- ասել է Շոյգուն:
Շոյգուն հայտնել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում Ուկրաինայում ոչնչացվել է շուրջ 6 հարյուր օտարերկրյա վարձկան: Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Մոսկվան համապատասխան կարձագանքի ՆԱՏՕ-ի մի շարք երկրների՝ Ուկրաինա ռազմական ինքնաթիռներ և հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարելու դեպքում:
«Ռուսաստանի զինված ուժերը կշարունակեն հատուկ ռազմական գործողությունը, քանի դեռ չեն հասել իրենց առջև դրված նպատակներին», հայտարարել է Շոյգուն:
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարել էր, որ բարձր ճշգրտության «Կալիբր» թևավոր հրթիռները ծովից ոչնչացրել են զինամթերքի երկու խոշոր պահեստ, որտեղից մատակարարվում էր Կիևի մերձակայքում գտնվող ուկրաինական զորքերի խումբը: Բացի այդ, գիշերը ռուսական ուժերը ոչնչացրել են Ուկրաինայի 68 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ Բուկ Մ1 զենիթահրթիռային երեք համալիր և երեք անօդաչու թռչող սարք: