«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մարտի 1-ի գործը՝ Քոչարյանով հանդերձ,անպայման կստանա իր իրավական գնահատականը. Վիգեն Խաչատրյան

19/04/2021

General news լրատվականը զրուցել է Գերագույն խորհրդի պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հետ։

-Պարոն Խաչատրյան, նախորդ շաբաթ խորհրդարանում բուռն քննարկումներ տեղի ունեցան, հասկանալի է՝ քաղաքական ուժերը պատրաստվում են հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններին։ Այս իմաստով՝ ի՞նչ հնարավորություններ ունեն դաշտում առկա  ուժերը,  փոխադարձ վիրավորանքների նման մթնոլորտում ի՞նչ արդյունքներ սպասել։

-Իշխող քաղաքական խմբակցության որոշ անդամներ սկսում են դրսևորել հասունություն, շրջահայացություն, զսպվածություն։ Ով որքան դա ընդգծվում է՝ նույն խորհրդարանական ընդդիմության ոճը դառնում է անզուսպ, ագրեսիվ, սկանդալային։ Իշխանություն իրացնողները՝  նկատի ունեմ մեծամասնությունը, փոխել են իրենց մոտեցումները, ավելի պարզ ու հասկաանլի շարադրում են իրենց արածներն ու չարածները։ Դրա համար էլ ընդդիմության կողմից նկատելի են հիստերիկ դրսևորումներ։ Բնականաբար սա ցանկալի չէ։ Բոլոր դեպքերում՝ անկախ ընտրության արդյունքներից պետք է որոշակիորեն պահպանվի սերնդափոխությունը։ Խորհրդարանի զգալի մասն, ըստ իս, չպետք  է փոխվի։

-Կարծում եք նոր խորհրդարանում էական փոփոխություններ կլինե՞ն։

-Ես կարծում եմ, որ մեծամասնությունը հիմնականում կպահպանի իր դիրքերը։ Սա ասում եմ՝ ելնելով իրենց ոճից, կատարած-չկատարածի վերաբերյալ իրենց գնահատականներից։Ակնհայտ է դառնում, որ իշխող խմբակցությունը ռեալ հողի վրա է կանգնած։Իսկ ընդդիմության մոտ ավելի շատ նկատվում է արկածախնդրություն։ Օրվա մարտահրավերների լուծման հետ կապված մտահոգություններ չկան։ Ավելի շատ պահից օգտվելու գայթակղում կա և դա շատ պարզ զգացվում է։ Խորհրդարանական ընդդիմությունը խորհրդարանում հայտնվեց ոչ թե պատահական ձևով, այլ պարզապես  հասարակությունը նրանց ընկալում էր որպես հեղափոխական պահանջները իրացնողների կողմնակիցներ։ Բայց երեք տարին ցույց տվեց, որ նրանք ընդամենը սողոսկել են խորհրդարան և նրանց նպատակը բնավ դա չէ։ Դրա համար էլ բավականին նվազում է նրանց խորհրդարան մտնելու հնարավորությունը։Հիմա մենք խորհրդարանից դուրս երկու հոսանք ենք նկատում։ Առաջինը՝ ռևանշիստները, որոնք հույս ունեն վերադառնալ։ Քանի որ ռեյտինգային համակարգը ասպարեզից դուրս է գալիս, նրանք հնարք են ստեղծել։ Նոր կուսակցություններ են ստեղծում կամ հենվում իրենց սպասարկողների վրա ու փորձում բազմաթիվ մասնակիցներով փոշիացնել հասարակության ձայները։Մեկը գրավում է իր արտաքին տեսքով, մյուսը՝ նրանով, որ նոր է։ Այս մարդիկ իրականությունը կեղծելու հմուտ մասնագետներ են ու իրենց ունեցած փորձը կիրառում են։Կան նաև նոր քաղաքական միավորներ, որոնք իրականում ցանկություն ունեն նորմալ ծրագրերը կյանքի կոչել։ Այդ ուժերի համար էլ ամեն լուծում չէ, որ ընդունելի է։ Նրանք ունեն սեփական լուծումները ու դա նորմալ է։Թե ինչ հաջողություն կգրանցեն, շատ բան կախված է թե՛ քարոզչությունից և թե՛ նրանց համախմբվելու ու ընդհանուր ճակատով հանդես գալու իմաստությունից։Կարծես թե դա դեռ իրականությունից հեռու է, ինչը ցավալի է։

-Մարտի 1-ի գործի տապալումն ինչպես կանդրադառնա իշխանությունների վարկանիշի վրա ընտրությունների ժամանակ։ Հասաարակության մի ստվար հատված այս իշխանությունների հետ արդարության հասնելու հույսեր էր կապում, ինչը սակայն չհաջողվեց։

-Մարդ պետք է իրականությունից չափազանց հեռու լինի, որ Մարտի 1-ի գործի տապալումը կապի իշխանությունների հետ։ Մարտի 1-ի դատական ընթացքը հետևյալն էր.առաջին իսկ օրվանից փորձ արվեց դրան տալ քաղաքական աստառ։ Շատերը երևի լավ չեն հիշում, բայց Քոչարյանի պաշտպաններից Օրբելյանը, որ Հրայր Թովմասյանի սանիկն էր, մի քանի անգամ գնացել էր Սահմանադրական դատարան և նրա մուտքը չէր ֆիքսվել։Նրանք համատեղ մշակեցին դատավարությունը վիժեցնելու ծրագիր։ Երբ աղմուկ բարձրացավ, Օրբելյանը հետ քաշվեց և նոր ակտիվ դեմքեր ի հայտ եկան։Բայց մշակված ծրագիրն աշխատեց ու Սահմանադրական դատարանը այդ հոդվածը համարեց Սահմանադրությանը հակասող։ Քանի որ մեղադրանքն էլ կառուցված էր այդ հոդվածի վրա, դատաքննությունը վիժեցվեց։

-Իսկ ո՞վ էր խանգարում իշխանություններին լուծել դատաիրավական համակարգի բոլոր խնդիրները և նոր անցնել նման կարևորագույն գործի բացահայտմանը։

 -Ոչ ոք չէր խանգրում, երևի կար մի քիչ փորձի պակաս։ Երկրորդ՝ դա ավելի բարդ պրոցես է, քան մեզ թվում է։Հաշվի առնելով նաև համավարակի, պատերազմի արհավիրքը մարդիկ չեն նկատում, թե ինչ լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանում։ Պատահական չէ, որ ռևանիշիստներին քաղաքում չհաջողվեց քաղաքում լայն մասաների ոտքի հանել ու աջակցություն ստանալ։ Եթե մենք  նայենք այսօր գործարար աշխարհի կյանքին, ապա այդ  մարդիկ վաղուց ձերբազատվել են հարկայինի կապանքներից։ Շատ բան է փոխվել մարդկանց կյանքում։ Նրանք ոչ թե այս իրավիճակից դժգոհ են, այլ ուզում են էլ ավելի լավ դառնա ամեն ինչ, ոչ թե հետ գնան զոռբաներիին, հարկայինի տեռորին, փայ մտնողներին, թաղային հեղինակությունների ակտիվացմանը, խուժանի ոտքի կանգնելուն։ Այս  իշխանությունը երեք տարում հասել է  աներևակայելի հաջողությունների, բայց արհավիրքները թույլ չեն տալիս դա արժևորել։ Բայց ակնհայտորեն աշխատող  ու ստեղծող մարդն իրեն ավելի ազատ է տեսնում, քան նախկին իշխանությունների օրոք։Դատական իշխանությունը չի ձերբազատվել հին կապանքներից։ Դատավորները 10-20 տարի սանիկ-քավոր հարաբերությունների մեջ են եղել, ունեն փոխադարձ պարտավորություններ։ Մարդկայնորեն կարելի է նրանց հասկանալ։Շատ դժվար է հրաժարվել ինչ-որ մեկին ծառայություն մատուցելուց, եթե այդ ինչ-որ մեկի շնորհիվ ես այնտեղ հայտնվել ու շատ խոցելի ես։Իշխանությունների փորձառությունն էլ պակասեց ու դատական իշխանությունն առողջացնելու  գործընթացն ըստ երևությին երկար է տևելու Հայաստանում։Կարծում եմ այս ընտրություններից հետո ավելի կարագանա գործընթացը։ Իհարկե  Նիկոլ Փաշինյանը կարող էր իր դիրքն օգտագործել, ցուցումներով  սրան-նրան բռնել տալով, բայց մենք նույն վիճակը կստանայինք։ Մարդիկ չեն խառնվում ու ճիշտ են անում։Իսկ եթե դիմացինը ուղղվելու փոխարեն լկտիանում է, պետք են վիրահատական միջոցներ իրակացնել։Հավանաբար դա տեղի կունանա խորհրդարաական ընտրություններից հետո, տարբերակներից մեկն էլ հանրաքվեով դատարանները ցրելն է։ Այլ լծակ գործադիր իշխանությունը չունի։Եթե Սահմանադրական դատարանը քաղաքական վճիռ  կայացրեց, դրանով իր սեփական գերեզմանաքարը դրեց։ Ակնհայտ է, որ սա սահմանադրական արդարադատություն չէր։ Բայց դրանից մարտի մեկը չվերացավ։ Այդ գործն անպայման կստանա իր իրավական գնահատականը՝Քոչարյանով հանդերձ։

Հարցազրույցը վարեց՝ Մարիամ Գրիգորյանը