«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՌԴ գործողություններում կան հստակորեն արտահայտված պատերազմական հանցագործություններ

04/03/2022

Lragir.am-ի զրուցակիցն է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը

Պարոն Ղազարյան, դուք հիշեցրել եք Հաագայի դատարանի՝ Կոնգոն ընդդեմ Ուգանդայի գործով որոշման մասին, երբ 2022թ փետրվարի 9-ին դատարանը որոշել էր, որ Ուգանդան պարտավոր է Կոնգոյին տրամադրել փոխհատուցում 325 միլիոն դոլարի չափով՝ 1998 թվականի օգոստոսից մինչև 1999 թվականի հուլիս ամիսը Կոնգոյի տարածքում իրականացրած «ռազմական օպերացիայի» դիմաց։ Ու սրա համատեքստում նշել եք, թե արդեն կարելի է պատկերացնել՝ ինչ է սպասվում Ռուսաստանին։ Ուկրաինան արդեն Հաագայի դատարան հայց է ներկայացրել Ռուսաստանի դեմ։ Ընդհանրապես միջազգային դատարանը նման հարցերով ի՞նչ իրավասություն ունի, ի՞նչ կարող է տեղի ունենալ։

Մեծամասամբ գործընթացները կախված են հետագա զարգացումներից։ Իսկ վերջին օրերին մենք արդեն տեսանք հստակորեն արտահայտված պատերազմական հանցագործություններ։ Դրանք դեռ չեն վերաճել մարդկության դեմ կատարված հանցագործությունների, բայց ակնհայտ է, որ պատերազմական հանցագործություն կա։ Իհարկե, ես չեմ կարծում, որ ցեղասպանություն կա, և առայժմ, եթե սկսվել է իրավական գործընթաց, դա կծավալվի պատերազմական հանցագործությունների շրջանակներում, որը նույնպես կարող է քննության առարկա լինել և Հաագայի դատարանում, և Միջազգային քրեական դատարանում։ Ի դեպ, Միջազգային քրեական դատարանում նույնպես սկսել է հետաքննություն Լիտվայի դիմումի հիման վրա։ Եթե վերադառնանք Հաագայի դատարանին, դեռ մեծամասամբ անորոշ է, թե հետագայում ինչպես կծավալվեն այս իրավական գործընթացները։ Ես արդեն նշեցի՝ դեռ հստակ արտահայտված են պատերազմական հանցագործությունների վերաբերյալ փաստերը, որոնք հիմա ամրագրվում են, որ ներկայացվեն դատարան։ Պատերազմի ակտիվ փուլում շատ դժվար է դատական գործընթաց առաջ տանել, որովհետև պատերազմի ակտիվ փուլում ապացույցներ ամրագրելը շատ դժվար է, գրեթե անհնար։ Դա կլինի հետպատերազմական շրջանում։

Ինչ վերաբերում է Ուկրաինայի դիմումին Հաագայի դատարան՝ կապված ցեղասպանության հիմքերի մեկնաբանման հետ, որը Ռուսաստանը ներկայացնում է որպես իր ագրեսիայի օրինական հիմք, նախ տրամաբանորեն պարզ է, որ ցեղասպանության նման դեպքեր Դոնեցկում կամ Լուգանսկում չեն եղել։ Բայց Ուկրաինայի այդ դիմումի իրավական հիմքերը դեռ թույլ են, շատ անորոշ են, թե արդյոք դատարանն իրեն իրավազորություն կվերապահի՞ այդ դիմումը քննելու։ Ուկրաինան ուղղակի դիմել է դատարանին՝ խնդրելով մեկնաբանել ինչ-ինչ տեսական հարցեր, որոնց հիմքում ընկած են կոնկրետ փաստեր։ Դատարանը կաշկանդված է նման ձևակերպմամբ դիմում քննել։ Առաջիկայում կտեսնենք՝ դատարանն այդ դիմումն ընդունելի կհամարի, թե՞ ոչ։

Արևմտյան երկրները, համաշխարհային հանրությունն ագրեսոր են որակել Ռուսաստանին։ Միջազգային իրավունքի տեսանկյունից ի՞նչ լծակներ կան՝ զսպելու ագրեսիան ու ագրեսորին, և որքանո՞վ է պաշտպանված ագրեսիայի ենթարկված երկիրը։ Մենք տեսնում ենք, որ այսօր նաև կոշտ տնտեսական պատժամիջոցների միջոցով են փորձում կանգնեցնել Ռուսաստանի գործողությունները, ի՞նչ այլ լծակներ կան։

Եթե վերցնենք ագրեսիան կամ ագրեսիայի ակտը, իրավական փաստաթղթերում դա մեծամասամբ որպես ինքնուրույն կատեգորիա չեն նշում։ Բայց կան բազմաթիվ այլ կատեգորիաներ, որոնք նույնպես միջազգային պատասխանատվության են ենթարկում պետություններին՝ դրանք պատերազմական հանցագործություններն են, մարդկության դեմ կատարվող հանցագործություններն են և ցեղասպանությունը, որոնք նույնպես կատարվում են ագրեսիայի արդյունքում։

Ագրեսիայի ակտի վերաբերյալ չկա Ռուսաստանի նկատմամբ կիրառվող իրավական հիմք, որովհետև Ռուսաստանը չի վավերացրել Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը։ Հենց այդ բացից էլ ըստ էության օգտվում է Ռուսաստանը։ Ընդհանրապես Ռուսաստանը լավ հաշվարկ է արել, թե ինչպես անի, որ իրավական գործընթացներն իրեն այդքան էլ չդիպչեն։ Բայց բոլոր դեպքերում Միջազգային քրեական դատարանն սկսել է հետաքննություն, ոչ թե ագրեսիայի ակտի հիմքով, այլ պատերազմի հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների հիմքով՝ կապված այս ռմբակոծությունների հետ։ Այնտեղ կան նաև մարդու իրավունքների զանգվածային խախտումներ, խոշտանգումներ, սպանություններ, անահամաչափ ուժի կիրառում, հումանիտար իրավունքի խախտում։ Սրանք բոլորը հանգեցնում են պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործության և ցեղասպանության, որը դրսևորվում է հենց ագրեսիայի ակտի եղանակով։

ԵԽ Նախարարների կոմիտեն կասեցրել  է Ռուսաստանի անդամակցությունը ԵԽ-ին, սա ի՞նչ հետևանք կարող է ունենալ։

Ռուսաստանին պետք էր ընդհանրապես հեռացնել ԵԽ-ից, քանի որ նրա գործողությունները հակասում են ԵԽ կանոնադրության հիմնադրույթներին։ Եվ ոչ միայն ԵԽ կանոնադրությանը, այդ գործողությունները հակասում են նաև ՄԱԿ-ի կանոնադրությանը, աշխարհակարգին։ Ագրեսիայի ակտը չի կարող չհակասել ԵԽ կանոնադրությանը։ Ճիշտ է, մենք ունենք բազմաթիվ դրույթներ, հենց թեկուզ Ժնևի կոնվենցիայի սահմանումը, ըստ որի՝ պետություններն իրավունք ունեն կիրառել ուժ այլ պետության նկատմամբ, որտեղ տեղի է ունենում ցեղասպանություն՝ կանխելու համար ցեղասպանությունը, բայց դա չի նշանակում ագրեսիայի ակտ։ Ռուսաստանը մտացածին հիմքեր է առաջ բերում, այդ հիմքն է պատճառ բերում, որի հիմքով հարձակվել է Ուկրաինայի վրա։ Եթե մենք վերցնենք, որ այդ հիմքը չկա, բացակայում է, այսինքն՝ Դոնեցկում ու Լուգանսկում ցեղասպանության ակտ տեղի չի ունեցել, ստացվում է՝ Ռուսաստանը ագրեսիայի ակտ է իրականացրել կամ ագրեսիվ պատերազմ։ Իսկ դա հակասում է և ԵԽ, և ՄԱԿ-ի կանոնադրություններին։ Հետևաբար, Ռուսաստանի մասնակցությունն անհամատեղելի է եվրոպական արժեքների հետ։ Բաց կա նաև հակադիր տեսանկյունը, որ՝ բոլոր դեպքերում չարժե հեռացնել ԵԽ-ից, եկեք կասեցնենք, որովհետև ավելի լավ է մեզ հետ, քան առանց մեզ։ Եթե իր անդամակցությունը պահպանվի, գոնե Եվրոպական դատարանի ինստիտուտը կարող է աշխատել։  Ինչպես տեսանք, ՄԻԵԴ դռները դեռ բաց են մնում ընդդեմ Ռուսաստանի գանգատ ներկայացնելու։ Իսկ դա հնարավորություն է տարածաշրջանում իրավական գործընթացներ սկսելու համար։ Ես դրան դեմ չեմ, բայց այնպիսի աննախադեպ խախտումներ են հիմա կատարվում, որոնք տեղի չեն ունեցել 1945 թվականից հետո, և ես որևէ կերպ չեն կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս կարող է Ռուսաստանը շարունակել մնալ ԵԽ անդամ, եթե բացարձակապես արհամարհում է ԵԽ կանոնադրությամբ սահմանված նպատակները։ Բայց, կրկնում եմ, կա նաև հակադիր տեսակետը, և հենց այս հիմքով Նախարարների կոմիտեն որոշեց ոչ թե անդամազրկել, այլ ուղղակի կասեցնել անդամությունը։ Ռուսաստանն այսօր դե ֆակտո չի մասնակցում ԵԽ աշխատանքներին, բայց շարունակում է մնալ անդամ։