«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Եղել են դեպքեր` զոհվածի մասունքը նույնականացվել է թաղումից հետո. մնացածը գաղտնիք է

19/06/2021

Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի մասունքների նույնականացման դեպքեր են եղել նաև հուղարկավորությունից հետո։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Աբովյանի դիահերձարանում պոլիէթիլենային պարկերով գետնին դրված զինծառայողների մասունքների` մեծ աղմուկ բարձրացրած դեպքի օրերին լրատվամիջոցի աղբյուրները հայտնեցին, որ լինում են դեպքեր` հուղարկավորությունից հետո նույն անձին պատկանող մասունքներ են նորից հայտնաբերվում։ Նման դեպքերում, բնականաբար, դժվար է լինում ծնողների համար, քանի որ արտաշիրիմում պետք է արվի։

«Նշենք, որ հուղարկավորությունից հետո մասունքների նույնականացման դեպքեր եղել են։ Դեպքերի թվի և հետագա գործողությունների վերաբերյալ տեղեկություն կարող եք ստանալ քննչական կոմիտեից»,– առողջապահության նախարարությունից այսպես են պատասխանել լրատվամիջոցի գրավոր հարցմանը։

Նախարարությունից հայտնել են նաև, որ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնը» փորձաքննություն իրականացնող կենտրոն է և արտաշիրինման դեպքերի և հետագա ընթացքի վերաբերյալ որևէ ինֆորմացիայի չի տիրապետում։

Հետաքրքրվել էինք նաև, թե  հնարավո՞ր է` Աբովյան մասնաճյուղում եղած պարկերի մեջ, որոնք նույնականացվել են, բայց ծնողները հրաժարվում են վերցնեն, լինեն արդեն իսկ հուղարկավորված անձանց մասունքներ։ Սակայն մեզ հայտնել են` քանի որ քրեական գործ է հարուցվել և նախաքննություն է իրականացվում, որևէ տեղեկատվություն տալ չեն կարող։

Քանի որ առողջապահության նախարարությունը մանրամասներ չէր հայտնել` ուղղորդելով դիմել ՔԿ, գրավոր հարցում էինք ուղարկել նաև վերոնշյալ կառույց` հասկանալու, թե շա՞տ են եղել դեպքերը, երբ հուղարկավորությունից հետո են մասունքներ հայտնաբերվել և ի՞նչ քայլեր են արվում այդ դեպքում։

Ի դեպ, թեմային անդրադառնում ենք ուշ, քանի որ ՔԿ-ն մեր հարցմանը պատասխանել է սահմանված 5-օրյա ժամկետից շատ անց` այդպես էլ որևէ հարցի կոնկրետ պատասխան չտրամադրելով։ Կառույցից հայտնել են`քանի որ քրգործ է հարուցվել, իսկ մեր պահանջած տեղեկությունները պարունակում են հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ, ուստի չի կարող այն տրամադրվել:

Քննչական կոմիտեն միաժամանակ հիշեցնում է, որ պատերազմին առնչվող թիվ 69108320 քրգործն է հարուցվել քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով։ Մասնավորապես, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու, ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների, զինված ընդհարման ժամանակ անգործության կամ հանցավոր հրաման արձակելու, ագրեսիվ պատերազմի հրապարակային կոչերի և ցեղասպանությունն ու խաղաղության, մարդկության անվտանգության դեմ ուղղված մյուս հանցագործությունները հերքելը, մեղմացնելը, դրանց հավանություն տալու կամ արդարացնելու համար։

Հիշեցնենք միայն, որ դեռ հունիսի 1-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր` այս պահին դատաբժշկական կենտրոնում չկան փորձաքննություն չանցած մասունքներ: Կա 50 մասունք, որոնք մի քանի անգամ անցել են փորձաքննություն, բայց դրանցից դեռ չի հաջողվել ԴՆԹ անջատել: Մնացած բոլոր դիերը փորձաքննված են, որոնց մի մասը` 149-ը, ծնողների բազայի հետ համընկնում չի ունեցել: Կան նաև նույնականացված մասունքներ, սակայն դեռ հարազատների կողմից չեն վերցվել դրանք հուղարկավորելու համար: