«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հանրային սննդի վայրերում մարտի 15-ից կարգելվի ծխախոտի օգտագործումը. ԱՆ

24/01/2022

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2021 թվականին կատարված աշխատանքները, խոսել անելիքների մասին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը։

«Հաշվետու տարում`
Վիրավոր զինծառայողներին տրամադրվող բժշկական օգնության և վերականգնողական բժշկական ծառայությունների ծավալն ընդլայնվել է, պետական հատկացումները` աստիճանաբար աճել:

Շարունակվել է COVID-19-ի դեմ պայքարը. բժշկական օգնության տրամադրումն ուղեկցվել է պատվաստումային գործընթացի կազմակերպմամբ` թե՛ պոլիկլինիկաներում, թե՛ շարժական կետերի և արտագնա պատվաստումային խմբերի միջոցով:

Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով շարունակվել են ուռուցքաբանական հիվանդությունների, գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների, ինչպես նաև սրտի անհետաձգելի վիրահատական ծառայությունների տրամադրումը:

Բնակչության ռիսկային խմբերում իրականացվել է շուրջ 440 հազար սքրինինգային հետազոտություն:

Մեկնարկել է կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման ծրագիրը երեք մարզերում:

Ընդլայնվել է վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող շահառուների ցանկը` ներառյալ 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվածների ծնողները:

Առողջ ապրելակերպի խթանում, ծխախոտի դեմ պայքարի օրինագծի դրույթները աստիճանաբար ուժի մեջ են մտնում: Մարտի 15-ից կսկի գործել հանրային սննդի վայրերում ծխախոտի օգտագործման արգելքը։

Առաջին անգամ Հայաստանում բացվել է մանկական քաղցկեղի առաջին պալիատիվ ծառայությունը և պալիատիվ բժշկական օգնության բաժանմունքը՝ 5 մահճակալով:

Առողջապահական համակարգում մեկնարկել և իրականացվել են մեծ ծավալի շինարարական աշխատանքներ:

2022 թվականին աշխատանքներ կտարվեն մի շարք ուղղություններով`
◾️ Առողջության համապարփակ ապահովագրության ներդնում
◾️ Առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումներ
◾️ «STROKE» գլխի սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրի ընդլայնում
◾️ Բարեփոխումներ մանկաբուժության ոլորտում
◾️ Էլեկտրոնային առողջապահության համակարգի բարելավում
◾️ Առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարություն»: