«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սթիվենը, Կատյան եւ ընկերները օգնում են Բեյրութի հայ կարիքավորներին

18/08/2020

Բեյրութում տեղի ունեցած ուժգին պայթյունի հենց հաջորդ օրը՝ օգոստոսի 5-ին ստեղծվեց «Հայ միացյալ օգնություն» (United Armenian Relief) նախաձեռնությունը։ Հայաստանում մի խումբ երիտասարդներ մի քանի շաբաթների ընթացքում սնունդ եւ բժշկական պարագաներ են ուղարկելու Լիբանան։ Համագործակցող ավիաուղիները պատրաստ են տեղ տրամադրել բեռնատար ինքնաթիռներում օգնությունը Լիբանան հասցնելու համար:

«Հայ միացյալ օգնություն» նախաձեռնության հեղինակ 27-ամյա Սթիվեն Քեշիշյանը մեզ հետ զրույցում պատմել է սկսված դրամահավաքի ու աջակիցների մասին։

Լիբանան-Հայաստան

Ինքս Լիբանանից եմ, Հայաստան եկել եմ մեկ տարի առաջ. տեղափոխվել եմ Լիբանանի տնտեսական ճգնաժամի պատճառով։ Հայաստանում զբաղվում եմ ձեռներեցությամբ։

Երբ լսեցի Բեյրութի պայթյունի մասին, անմիջապես փորձեցի թիմ հավաքել այստեղ, որ դրամահավաք կազմակերպենք եւ օգնություն ուղարկենք Լիբանան։ Մեր նախաձեռնությունն անկախ է. ներգրավված չենք ոչ մի պետական կառույցի մեջ, չենք պատկանում որեւէ կուսակցության՝ ոչ Հայաստանում, ոչ էլ Լիբանանում։

Մեղադրելու փոխարեն՝ օգնություն

Բեյրութում բազմաթիվ հայերի տներ են քանդվել, մարդիկ առանց ապրելու միջոցների են մնացել։ Մինչ այդ էլ Լիբանանում տնտեսական ճգնաժամ էր, իսկ պայթյունն ավելի վատացրեց իրավիճակը։

Փառք Աստծո, ընտանիքս Լիբանանում չէր պայթյունի ժամանակ, բայց տուժել են իմ մտերիմ բարեկամներից։ Ընկերներից մեկն է մահացել պայթյունի հետեւանքով։ Այդ լուրն ինձ համար շատ տխուր էր՝ հասկանալու, որ վայրկյանների ընթացքում կարող է նման բան պատահել։ Այդ ցավն ապրելով, որեւէ մեկին մեղադրելու փոխարեն՝ այժմ փորձում եմ օգտակար բան անել մարդկանց համար։

Թիմն ու աջակիցները

«Հայ միացյալ օգնություն» նախաձեռնությունը սկսել եմ Կատյա Հովնանյան-Ալեքսանյանի հետ։ Կատյան 17 տարեկան է, Հայաստանից է, նա «Միացյալ աշակերտական խորհուրդ» (United Student Council of Armenia) ՀԿ-ի հիմնադիրն է։

Մեր նախաձեռնության հիմնական խումբը փոքր է՝ 5 հոգի։ Հիմնականում ես ու Կատյան ենք զբաղվում բոլոր գործերով։ Ունենք նաեւ կամավորներ, որոնք օգնում են մեզ շատ գործերում։

Կան նաեւ մի շարք ընկերներ, համայնքներ ու կազմակերպություններ, որոնք պատրաստ են մեզ հետ միասին աջակցել Լիբանանին։ Մեր գործընկերների շարքում է Yandex.Taxi-ին, որը հավաքված ապրանքը տեղափոխում է օդանավակայան։

Ցանկացած օգնություն կարեւոր է

Սկսել ենք դրամահավաք, որին յուրաքանչյուր ոք կարող է մասնակցել։ Մոտ $ 7000 հավաքել ենք, պատրաստվում ենք անցնել $ 10 000-ի շեմը։ Նույնիսկ հինգ դոլարը կարող է օգնել մեկ ընտանիքի սոված չմնալ։

Համագործակցում ենք նաեւ Երեւանի սուպերմարկետներից մեկի հետ, որը պատրաստ է մատչելի գներով վաճառել նախաձեռնությանն անհրաժեշտ ապրանքները։ Մեզ անհրաժեշտ են բժշկական պարագաներ (դիմակներ, ձեռնոցներ, ախտահանիչ միջոցներ), սնունդ (չփչացող կամ պահածոյացված մթերքներ, միրգ, բանջարեղեն) եւ տնտեսական պարագաներ՝ (մարտկոցներ, էլեկտրական լապտերներ, ջերմային վերմակներ, բարձեր)։

Բացի դրամահավաքը, ցանկացողները կարող են նաեւ նշված ապրանքներից նվիրաբերել։ Մի քանի ընդունման կետեր ունենք, որտեղից մեր կամավորները հավաքում են նվիրատվությունը, փաթեթավորում եւ պատրաստում ուղարկելուն։ Ապրանքները Լիբանանում կբաշխվեն ձեռքից ձեռք՝ մի քանի ՀԿ-ների միջոցով։