«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԵՐԿՈՒ ՓԱՄՓՈՒՇՏ. ԱՐՇԱԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ

10/08/2020

Սկիզբը տե´ս https://generalnews.am/hy/article/eb9fc349601c69352c859c1faa287874/

Գլուխ առաջին. Երբ ելք չկա… 

 

Նրա դիմագծերը սառել էին, նրա մտքում իսկապես հանգստություն էր տիրում: Կողքից հետևողին կթվար, որ նա իր վաստակած լռությունն էր վայելում:
Ընդամենը մի անմտածմած քայլ ու արդեն դժվար էր լինելու ջրից չոր դուրս գալ: Արթուրն այս ամբողջ ընթացքում նստած էր շուկայից երեք-չորս հարյուր մետր հեռավոր-ության վրա գտնվող այգու նստարաններից մեկին և հնար էր փնտրում փոխելու ընկերոջ դիրքորոշումը: Երբ նա արդեն որոշեց ուղղակի համաձայնեվել՝ վերջ տալ տարաձայնություններին, վեր կացավ տեղից ու սկսեց քայլել շուկայի ուղությամբ: Այդ պահին էլ հանկարծ լսեց ատրճանակի ձայնը:
Չնայած, Արթուրը երբեք չէր լսել «Մակարովի» կրակոցը` միանգամից հասկացավ , որ Մարտինը վատնեց իր առաջին փամփուշտը ու ինչքան հնարավոր է արագ սկսեց վազել ձայնի ուղղությամբ: Այն, ինչ տեսավ՝ քարացրեց նրան: Հասնելով դիակին, նա սկսեց հետ-հետ քայլել, գլխին կարծես սառը մի բան լցվեց, ոտքերը թուլացան ու մարմնի ամբողջ ծանրությամբ տապալվեց գետնին: Դժվարությամբ ոտքի կանգնելով ՝ Արթուրը վերցրեց ատրճանակը Մարտինի ձեռքից ու հարմարեցրեց իր կոնքին, վերնաշապիկով փակեց այն ու կռացավ դեպի դիակը: Արթուրի գիտակցությունը կրկին սառեց երբ նա միանգամից ճանաչեց մեռածին:
Մի քանի րոպե նրանք ոչ մի բառ չարտասանեցին: Այդ սարսափելի լռությունը թվում էր, թե անվերջ է ձգվում: Արթուրը վերջապես հազիվ կմկմաց.
- Ի..Ի՞նչ արեցիր, Մարտի՛ն: Պետք է շտապ թաքցնել դիակը, քանի դեռ ոչ ոք չի տեսել մեզ : Բայց Մարտինը ոչինչ չէր խոսում: Եվս մի քանի րոպե ու նա վերջապես պատասխանեց.
- Տա՛ր, թաքցրու՛ զենքս: Այն միակ բանն է, որ հորիցս է մնացել: Չեմ ուզում այն կորցնել: Դիակով ինքս կզբաղվեմ:
- Ո՞նց կարող եմ ես քեզ մենակ թողնել: Դու՞ մտածում ես ինչ-որ բան անելուց առաջ: Ինչու՞ սպանեցիր նրան,- հունից դուրս եկավ Արթուրը:
- Նա ջղայնացրեց ինձ, Արտ: Ես այլևս չէի կարող լսել նրա հիմարությունները: Ինչ-որ մեկը պետք է լռեցներ նրան:
- Լռեցնելու համար մարդ չեն սպանում, հիմա՛ր: Դու գժվել ե՞ս: Գիտե՞ս ում ես սպանել: Չէ՜, մեր վերջը եկավ… համարիր մենք դիակ ենք: Պետք է շտապ թաքցնել նրան: Արթուրը սկսեց դիակը բարձրացնելու փորձեր անել, սակայն Մարտինը կանգնեցրեց նրան.
- Սպասի՛ր: Ժամանակ չունենք: Դու զենքը թաքցրու, իսկ ես դիակով կզբաղվեմ:
- Բայց ինչ ես՞ անելու: Ու՞ր ես թաքցնելու :
- Վստահի՛ր ինձ: Գնա՛,- համարյա շշուկով ասաց Մարտինը ու դանդաղ կռացավ դեպի դիակը:
Արթուրը գիտեր, որ սխալվում է, բայց լսեց ընկերոջը ու քայլերը ուղղեց դեպի փողոցը: Արդեն մթնել էր: Նա նկատեց, որ ձեռքերն ամբողջովին արյան մեջ են: Մոտեցավ ցայտաղբյուրին ու հանկարծ մոտ քսան մետր հեռավորության վրա տեսավ մեկին: Արթուրն անմիջապես ձեռքը գցեց ատրճանակին, բայց չհասցրեց անգամ այն դուրս բերել: Ականատեսն ակնթարթորեն անհետացավ: Տղայի սիրտը սկսեց արագ բաբախել:
Այն քառասունից հիսուն րոպեն, որ Արթուրը ամեն օր անցկացնում էր տնից շուկա, ճանապարհին շատ արագ անցավ: Ամբողջ ժամանակ նա մտածում էր դիակի մասին: Այդ սարսափելի պատկերը անընդհատ պտտվում էր նրա գլխում. Անգամ չէր կարողանում կենտրոնանալ ու հասկանալ` ինչպես վարվել ատրճանակի հետ: Իսկ այդ ականատեսն ո՞վ էր: Նա անգամ մտածում էր, որ այդ մարդն ընդամենը աչքին է երևացել:
Հասնելով շենքի մուտքին, Արթուրը մի պահ կանգ առավ. «Ի՞նչ անեմ ատրճանակը»: Շենքերում վերելակները այդ տարիներին չէին աշխատում: Արթուրը ոչ մեծ ուժ գործադրելով բացեց վերելակի դռները, հանեց ատրճանակը կոնքից ու նետեց ներքև: Զենքի հետ միասին նրա հոգուց կարծես մի ծանր բեռ ընկավ վերելակի <<շախտան>>: Սպանության գործիքի խնդիրը լուծված էր: Մնում էր, որ Մարտինը հաջողությամբ կատարեր գործի իր բաժինը:
Արդեն կեսգիշեր էր: Արթուրը հասցրել էր վերացնել իր արյունոտ վերնաշապիկը: Նա պառկել էր, սակայն չէր է լ պատրաստվում քնել: Նրա մտքից դուրս չէին գալիս օրվա իրադարձությունները: Սպանվածը իր հորեղբոր ընկերն էր մի հայտնի գեներալի կրտսեր եղբայրը: Նրանք հանդիպել էին ընդամենը երկու անգամ երբ Արթուրը հիվանդացել էր թոքաբորբով և անկողնային վիճակում էր ու հորեղբայրը այդ տղամարդու հետ այցի էր եկել նրան և երբ նա փռված էր Մարտինի ոտքերի առաջ: Բացահայտվելու դեպքում պետք չէր այդքան վախենալ ոստիկանությունից, որքան գեներալի վրեժից: Այդ տարիներին ազատամարտիկները չափազանց մեծ ազդեցություն ունեին ու մեծ հարգանք էին վայելում, իսկ նրանցից մեկի վրեժին արժանանալը անխուսափելի դաժան ավարտ կունենար:
«Վառարանները», - հանկարծ հիշեց Արթուրը: Դրանք մնացել էին շուկայում շարված: Մարտինը վերջերս սկսել էր չափերով ավելի մեծ վառարաններ սարքել, որոնք հնարավոր չէր միայնակ բարձրացնել: Դրանք ամեն օր պահեստից շուկա ճաապարհ էին անցնում, իսկ Մարտինը չէր կարող դրանք միայնակ տանել:
Բոլորն արդեն քնած էին: Արթուրի մտորումներն ընդհատվեցին դռան խուլ թակոցից: Նրա մարմնով ադրենալինի ալիք անցավ: Ո՞վ կարող էր լինել այդ ժամին: Կրկին թակոց, բայց արդեն ավելի պարզ կերպով: Արթուրի հայրը մանկան պես քնած էր` ևս կես շիշ խմելուց հետո: Նա որոշեց չբացել դուռը, սակայն ավելի սաստկացող թակոցները շարունակվում էին: Վեր կենալով անկողնուց ու խոհանոցից ամենմամեծ դանակն ընտրելով մոտեցավ դռանը.
- Ո՞վ է, - հարցրեց Արթուրը կտրուկ կերպով:
- Ես եմ, բացի՛ր դուռը: Շտապ խոսելու բան կա,- լսվեց Մարտինի թլիկ ձայնը:
Արթուրն անմիջապես գետնին նետեց դանակը ու արագ բացեց: Նրա ուշադրությանը միանգամից արժանացան ընկերոջ ոչինչ չարտահայտող, արյունով լցված ու անբնական մեծությամբ աչքերը: Խենթերին է բնորոշ դեմքի նմանատիպ արտահայտությունը:
Հոգու հայելին աչքերն են, իսկ թե ինչ էին արտացոլում այդ աչքերը սարսափելի էր պատկերացնել: Մարտինը կեղտի մեջ կորած էր, արյունն ու փոշին խառնվելով մուգ կարմիր երանգ էին ստացել ու չորացել տղայի երեսին:
- Ի՞նչ եղավ: Ի՞նչ արեցիր: Ու՞ր է դիակը: Սկսեց հարցախեղդ անել Արթուրը:
- Ա՜րտ, ես հոգնել եմ... Զենքս ի՞նչ ես արել,- հազիվ դուրս եկավ Մարտինի բերանից: Ակնհայտ էր, որ նա չէր ուզում անգամ հիշել այն, ինչ կատարվել է: Միայն անհանգստանում էր «Մակարովի» մասին: Այս դեպքը առաջինն էր , որ իր ատրճանակը Մարտինը վստահեր ինչ-որ մեկին:
- Զենքդ նետել եմ վերելակի «շախտան»: Գիտե՞ս, որ գեներալի եղբորն ես սպանել: Մենք լրիվ փորձանքի մեջ ենք:
- Բան չկա, սա էլ կանցնի – թախծոտ կերպով խոսեց Մարտինը ու ձեռքը դնելով Արթուրի ուսին, խորը հոգոց հանեց, դժվարությամբ ժպտաց և շարունակեց, - ավելի վատն էլ ենք տեսել: Նրա ժպիտը ավելի շատ նման էր հրաժեշտի ակտի, քան թե հուսադրելու փորձ էր: Այդպիսի ցավալի վիճակում Արթուրն ընկերոջը դեռ չէր տեսել :
Այդ խղճուկ ժպիտը խոցեց Արթուրի հոգին: Նա չգիտեր այլևս ինչ անել, չնայած, որ բոլոր փակուղիներից նրանք դուրս էին եկել հենց իր հնարքների միջոցով: Դեռ երեխա ժամանակից նրանք հասցրել էին աչքի ընկնել իրենց խուլիգանություններով, մանր հանցագործություններով, բարդ վիճակի թելադրանքով անգամ փոքր չափի գողու-թյուններ էին կատարել , սակայն սպանությու՞ն՝ դա առաջին անգամն էր:
Մարտինը չգիտեր` ինչ է կյանքից զրկելը: Մինչ այդ նա կարծում էր, որ մարդ սպանելը միջատ սատկացնելու պես մի բան է, բայց դրանց մեջ մի էական տարբերություն կա. մարդ սպանելիս դու սպանում ես քո նմանին: Եթե չլիներ Աստծո առջև դատաստանը, քրեական պատասխանատվությունը կամ որևէ վրեժի արժանանալը, ապա մարդասպանությունը շատ ավելի դյուրին կլիներ: Աստված կյանք է տալիս մարդուն, որ նա նույնպես կյանք պարգևի: Իսկ Մարտինը վերցրել էր այն, ինչը մեկ անգամ է տրվում, այն էլ ինչ-որ կատվին հարվածելու պատճառով ու լռեցնելու համար:
Այդ ժպիտը դեռ շատ երկար դրոշմված կմնար Արթուրի հիշողության մեջ: Գիշերն անքուն անցավ: Նա այդքան չէր վախենում այդ խելագար օրվա հետևանքներից, ինչքան մոր հիասթափությունից: Չէ՞ որ, նրա մոր բոլոր հույսերը կապված էին որդու հետ: Նա ապրում էր՝ ոգևորվելով Արթուրի հաջողություններով ու հիասթափվելով նրա դժբախտություններից: Արթուրն էր նրա տանջանքներով լի կյանքի միակ լուսավոր կետը, միակ պայծառ ճառագայթը, որ եղել էր ամբողջ կյանքում:
Արթուրի մոր անգրագիտությունը չէր խանգարում նրան իմաստուն կին լինել, նա հասկանում էր կյանքի խորությունը, ինչպես հմուտ փիլիսոփան: Արթուրի համար մորը հիասթափեցնելը նշանակում էր կորցնել ամենաթանկը ու դեմ դուրս գալ սեփական համոզմունքներին: Ահա այն շարժիչ ուժը, որ առաջ էր տանում Արթուրին, որստիպում էր ամեն գնով դուրս գալ յուրաքանչյուր փակուղուց: Մորը երջանիկ տեսնելն էր Արթուրի վերջնանպատակը:
Առավոտյան Արթուրի աղքատիկ կերպարը հայտնվեց բակում: Եվս մի րոպե անցկացնել տանը հնարավոր չէր: Նա անընդհատ այդ սարսափելի պատահականության հետևանքներից խուսափելու հնար էր փնտրում: Վերջապես որոշվեց անել այն, ինչ անում ենք շատերս անելանելի վիճակում ` դիմել Աստծուն: Նա քայլերը ուղղեց մոտակա եկեղեցին:
Եկեղեցու դռներից ներս մտնելուն պես տղայի հոգին անհամեմատ խաղաղվեց: Արթուրը խաչակնքվեց ինչպես կարգն է ու շարժվեց առաջ: Այդտեղ Մարտինին հանդիպելը նույնն էր, ինչ Հռոմի պապին տեսնել գիշերային ակումբում, սակայն Մարտինը նստած էր առաջին շարքի մի նստարանին` խաչապատկերին ամենամոտ տեղում: Պարզ էր, որ նրա վիճակը ծայրահեղ ծանր է:
Արթուրը մոտեցավ ընկերոջը: Վերջինս նրան նկատելով ոչ մի արձագանք չտվեց: Արթուրը նույնպես ոչինչ չասաց, այլ պարզապես նստեց կողքին, ձեռքը գցեց նրա ուսին ու նրանք երկուսով սկսեցին լուռ վայելել վերջին ժամանակներին հակասող խաղաղությու-նը: Որոշ ժամանակ անց, երբ երկուսն էլ հոգնեցին մտովի Աստծուն ուղղված մեղայականներից, դուրս եկան եկեղեցու բակը: Արթուրը բազմաթիվ, իսկապես կարևոր հարցեր ուներ տալու ընկերոջը, սակայն այդ ծայրահեղ խղճահարություն արտահայտող հայացքը, նրա կոտրված ու հիասթափված էությունը թույլ չէին տալիս նրան այդպես վարվել: Արթուրը պարզապես գրկեց ընկերոջը ու հեռացավ: Նրանք ոչինչ չպայմանավորվեցին ու ոչ մի բանի մասին չհամաձայնվեցին:


(Շարունակելի)