«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Երևի այս կերպ ցանկանում են, որ ադրբեջանցիները գան Եռաբլուրում խոնարհվեն, իսկ մենք էլ Բաքվում շեհիդների ծառուղի գնանք խոնարհվենք ու այդպես հարցը համարենք փակված. Հայկ Դեմոյան

13/01/2021

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով առաջարկում է Եռաբլուր զինվորական պանթեոնին օրենքով տալ հուշահամալիր պետական հիմնարկի կարգավիճակ և ընդգրկել Հայաստանի պետական արարողակարգում՝ որպես օտարերկրյա հյուրերի այցելության պաշտոնական վայր։ ArmDaily.am-ը ներկայացված նախագծի մասին զրուցեց ցեղասպանագետ, պատմաբան Հայկ Դեմոյանի հետ։

-Լուրեր են պտտվում, որ իշխանությունները պատրաստվում են Ցեղասպանության ճանաչման հարցը հանել արտաքին քաղաքականության օրակարգից ու շատերը այս նախագծի առաջբերումը հենց այդ օրակարգի հետ են կապում։ Նման միտում տեսնո՞ւմ եք։

-Ներկա բարոյապես և բոլոր առումներով պարտված իշխանությունները, իրենց գոյության 2.5 տարիների ընթացքում որևէ նոր, բարեփոխիչ և լուրջ, հիմնարար փոփոխություն ու գաղափար օրակարգ չեն բերել։ Ոչ ոք չի ժխտում, որ Եռաբլուրը դա սրբավայր է։ Ընթացիկ մեր սերունդների համար դա սրբավայր է, այնտեղ շիրիմներ են, որտեղ ամփոփված են հերոսներ, ովքեր հանուն Հայաստանի Հանրապետության զոհաբերել են իրենց կյանքը։ Այդ հատվածում պետք է ստեղծել հուշահամալիր և թանգարանային ցուցադրություն՝ որպես դաստիարակիչ և ուսուցողական տարածք՝ ճիշտ ու գրագետ մոտեցմամբ։ Ոչ թե ասենք այդ թանգարանի ցուցադրության մեջ հանկարծ թուրքական չափորոշիչներով չկառուցվի այդ ցուցադրությունը։ Հիշում եք անցած տարի, երբ դասագրքերը և ուսումնական գործընթացը արդեն թուրքերի սանդղակով էր չափվում։ Ինչ վերաբերում է պետական արարողակարգային այցերին, այստեղ ես խնդիր տեսնում եմ, որովհետև կա գործող պետական արարողակարգային վայր՝ դա Ցեղասպանության հուշահամալիր այցն է։ Երկու այց չի կարող լինել մեկ պաշտոնական արարողակարգային այցի ժամանակ կամ թույլ տալ, որ նախընտրի՝ այսինչ երկրի նախագահը կգնա այս ինչ համալիը, թե այն հուշամալիրը։ Սա երկակիություն է ու վտանգավոր է, երբ որ դա քաղաքական մանիպուլյացիայի խնդիր է դառնում։ Ստացվում է՝ մի երկիրը կարող է ընդունի կամ չընդունի Հայոց Ցեղասպանությունը՝ կարող է այստեղ գալ կամ համաձայնվի կամ չհամաձայնվի մեր պետական արարողակարգի հետ։

-Միտում տեսնո՞ւմ եք։

-Հիմա ինչ միտում կա դրա հետևում ՝ քաղաքական է, թե դրանով ներկա իշխանությունների թողած սոսկալի հետևանքները ազգաբնակչության հոգեբանական տրամադրությունների վրա, երկրի անվտանգության վրա՝ չեմ կարող ասել, թե ինչ նպատակ է դա հետապնդում։ Բայց, ես առ ի հիշեցում ներկա իշխանութէյուններին պիտի ասեմ, որ ներկա պահին Ծիծեռնակաբերդում դեռևս տնօրինում է անձ, որը ներկա իշխանությունների անօրինական կոռուպցիոն գործարքի հետևանքով է հայտնվել այնտեղ։ Այ սրա վրա կուզենայի ուշադրությունը գամեի, որովհետև այս իշխանությունները ունեն Ծիծեռնակաբերդը պղծողի կարգավիճակ։ Իրենց կողմից խցկված և Խառատյան ընտանիքի՝ մաֆիոզ, թայֆաբազական գործարքի հետևանքով հայտնվել է մարդ, որը իրեն որևէ կերպ որպես Հայոց Ցեղասպանության թանգարանի ինստիտուտի տնօրեն չդրսևորվեց Թուրքիայի կողմից Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ժամանակ։ Դուք որևէ տեղ լսեցի՞ք Հարություն Մարությանի ելույթի կամ արձագանքի մասին՝ ոչ։ Այդ նախաձեռնության պատասխաններից մեկը միգուցե այդտեղ է։ Դրա հետ կապվեցին նաև թուրքական չափորոշիչները, երբ որ մեր դասագրքերը ուզում էին համահավասարեցնել թուրքական դասագրքերի կամ ցանկությունների հետ՝ դրա համար գրանտ էին ստացել չէ։ Դրա համար է պահանջում բառը հանկարծ կորչում ապրիլի 24-ից առաջ, դրա համար է այս տնօրենը ասում, որ ինքը 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասնագետ չէ՝ հանկարծ հարց չտան իրեն ցեղասպանությունից։ Սա ավելին է, քան խայտառակությունը՝ սա պետական վտանգված անվտանգության լրջագույն խնդիր է։

-Ըստ Ձեզ՝ Արման Բաբաջանյանն այս նախագծով տո՞ւրք է տալիս իշխանությունների վերոնշյալ քաղաքականությա՞նը։

-Ծիծեռնակաբերդի բարձունքը «գրավելուց» հետո իրենց դրածոյին այնտեղ դնելուց հետո, հաջորդ քայլը եղավ չափորոշիչները՝ տրամաբանություն պետք է չէ՞ տեսնենք այստեղ։ Անօրինական կոռուպցիոն գործարքով այնտեղ հայտնված մարդը նախ հանում է պահանջ բառը, ամբողջ ֆոնդերն է փորձում տալ ադրբեջանական ներկայացուցչին գրանտային ծրագրով՝ նույն Խառատյանների հետ։ Հիշո՞ւմ եք թանգարանի ֆոնդերի օպերացիան, որը դեռ շարունակաբար փորձում են անել՝ չնայած բռնվել են, որ Բուդապեշտից գրանտային ծրագիր է, որով Հայաստանի բոլոր թանգարանների ու արխիվների տվյալները պիտի տան մի խմբի, որտեղ կա նաև Ադրբեջանի ներկայացուցիչը։ Ի դեպ թե Հարություն Մարության, թե Հրանուշ Խառատյանը հրաժարվեցին ուղիղ եթերում ինձ հետ բանավեճ տանելու հրավերից։ Դժվար չէ կռահել թե ինչու։ Այսքանից հետո մենք չենք կարող չկասկածել,որ այդպիսի օրակարգ կա՝ փորձել նսեմացնել Ծիծեռնակաբերդը որպես պետական արարողակարգային վայր։ Միգուցե հարաբերություններ են հաստատվելու իրենց օրոք, ենթադրում եմ, Ադրբեջանի և Թուրքիայի, որ վայ հանկարծ չլինի, որ պետական արարողակարգ լինի ու հանկարծ ստացվի, որ Ծիծեռնակաբերդ պետք է գան։ Եվ ամբողջ խորամանկությունը կարող եմ վերծանել, թե ինչ է՝ հանուն բարեկամության, պետությունների և ժողովուրդների, ինչը վատ բան չի, փորձելու են այդպես երևի մեղմեն։Ադրբեջանցիները երևի գալու են Եռաբլուրում խոնարհվեն, իսկ մենք շեհիդների ծառուղի խոնրահվենք ու այդպես հարցը համարենք փակված՝ տրամաբանությունը ես այստեղ եմ տեսնում։