«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախցիների համար նոր ծրագրեր կլինեն. Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

08/01/2021

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն   աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ բնակչության սոցիալական ու բնակարանային խնդիրների կարգավորման ծրագրերի շուրջ։

Ըստ Արցախի նախագահի գրասենյակի, խորհրդակցությանը մասնակցել են նաև Արցախի պետական լիազոր մարմինների ղեկավարներն ու Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

Քննարկվել են ինչպես տեղահանված, այնպես էլ Արցախ վերադարձած քաղաքացիների խնդիրներին համապարփակ լուծումներ տալու մոտեցումները: Մասնավորապես, առաջարկվել է շարունակել բնակչության յուրաքանչյուր անդամի (բացի արական սեռի՝ 18-58 տարեկան) 68 հազարական դրամի աջակցության տրամադրումը մի քանի ամիս շարունակ:

Ըստ առաջարկի՝ վերապահումներ են լինելու միայն այն բնակիչների համար, որոնց բնակարանների և բնակավայրերի հետ կապված անվտանգային խնդիրներ չեն առաջացել, բայց շարունակում են մնալ Հայաստանի տարբեր համայնքներում: Սոցիալական աջակցության նշված ծրագրի առաջարկը պետք է վերջնականացվի ու հաստատվի Հայաստանի կառավարության կողմից:

Արայիկ Հարությունյանը հիմնականում բարձրացրել է բնակարանային ապահովման հարցը: Նրա խոսքով՝ առաջնահերթորեն պետք է ավարտել շրջաններում առկա ազատ բնակֆոնդի գույքագրումը, և այդ առումով նա հանձնարարել է վարչակազմերի ղեկավարներին առաջիկա օրերին վերջնականացնել ցանկերը և ներկայացնել պետական լիազոր մարմիններ: