«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՏԵՍԱՆՅՈՒԹ.Մեր պատմաբանների զգալի մասը պարզապես հանցագործներ են. ապաքաղաքական զրույց Աշոտ Ոսկանյանի հետ.

31/10/2023

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է փիլիսոփայական գիտությունների դոկտոր Աշոտ Ոսկանյանը: Նրա համոզմամբ՝ սերունդների միջև հակասությունների խնդրի արմատն այն է, որ այսօր ավագ սերնդի կողմից վկայակոչվող իրադարձություններն ու արժեքները բացարձակապես ծանոթ չեն երիտասարդներին: Այսինքն՝ չկա այն նյութը, որի շուրջ հնարավոր կլինի երկխոսություն ծավալել: Իսկ նյութը չկա, մասնավորապես, այն պատճառով, որ չկա պատմական իրադարձությունները գնահատելու հստակ հայեցակարգ:
Ի դեպ, պատմության դպրոցական դասագրքերի խնդիրը հաղորդման հյուրն ածանցյալ է համարում: Հիմքում այն մոտեցումներն են, որոնցով առաջնորդվում էր խորհրդային ու անկախ Հայաստանի պատմաբանների մեծ մասը: Դրա արդյունքը երիտասարդության մերժողական վերաբերմունքն է, որ այս ժամանակաշրջանում ունի իր յուրահատկությունը՝ երիտասարդների մեծ մասը մերժում է հասարակությանը՝ դրսևորելով կատարյալ անտարբերություն:
Վերջին մի քանի տասնամյակների հայկական պատմագիտության հիմնական թերությունը Աշոտ Ոսկանյանը համարում է այն, որ մեր ամբողջ պատմության մեջ տեղի ունեցած բոլոր բացասական իրադարձությունները հայ պատմաբանները բացատրում են հիմնականում երկու հանգամանքով՝ մենք անմիաբան էինք և մեր մեջ դավաճաններ կային: Այդ մոտեցումները տեղափոխվել են նաև քաղաքական ոլորտ, և ամբողջ քաղաքական դիսկուրսը սահմանափակվում է դավաճանության մեջ փոխադարձ մեղադրանքներով:
Հաղորդման հյուրի կարծիքով՝ մեր վերջին 30 տարվա պատմությունը կեղծված է քաղաքական նկատառումներով: Օրինակ՝ դպրոցական դասագրքերում Հայաստանի առաջին նախագահը հիշատակված է երկու անգամ և երկու դեպքում էլ՝ բացասական համատեքստում: «Ղարաբաղ» կոմիտեի անդամներից ոչ մեկի անունն ընդհանրապես հիշատակած չէ: Այս իրավիճակում երիտասարդներն ամբողջությամբ զրկված են «կողմնորոշիչներից», որոնց հետ պետք է համաձայնեն կամ չհամաձայնեն:
Մանրամասները տեսանյութում:
Արամ Աբրահամյան