«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԵՄ-ն հարցում է ուղարկել Վրաստանին պետության զարգացման, տնտեսական վիճակի եւ մարդու իրավունքների մասին

15/04/2022

Վրաստանի կառավարությունն ուրբաթ հրապարակել է Եվրամիության փոխանցած հարցաթերթիկը, որը թույլ կտա քննարկում սկսել երկրի՝ ԵՄ-ին միանալու շուրջ բանակցությունների մեկնարկի մասին: Փաստաթղթում հարցեր կան՝ կապված հանրապետության սահմանադրական կարգի, իշխանության ճյուղերի տարանջատման եւ օրենքի գերակայության հետ:

Փաստաթղթում, որն անգլերենով հրապարակվել է Վրաստանի կառավարության կայքում, ԵՄ-ն հետաքրքրվում է, թե որքանով են հավասարակշռված գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունները: Եվրամիությունը նաեւ հետաքրքրվում է Սահմանադրական դատարանի աշխատանքով:

Առանձին բաժիններ նվիրված են, ընդհանուր առմամբ, խորհրդարանի, կառավարության եւ դատական համակարգի աշխատանքի սկզբունքներին: Հանրապետության իշխանությունները ստիպված կլինեն նաեւ պատասխանել քաղաքացիական հասարակության, պետական հաստատությունների թափանցիկությանն առնչվող հարցերին:

Եվրամիությունը Վրաստանից ակնկալում է նաեւ երկրում իրականացվող հակակոռուպցիոն քաղաքականության նկարագրությունը: ԵՄ-ն հետաքրքրվում է, թե որքանով են երկրում պաշտպանված մարդու հիմնարար իրավունքները՝ կյանքի իրավունքը, կտտանքների արգելքը, մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության սկզբունքը, ընտանիք ստեղծելու իրավունքը, խոսքի եւ ԶԼՄ-ների, քաղաքական կուսակցությունների եւ դավանանքի ազատությունը:

Կառավարությունը պետք է պատասխանի նաեւ այնպիսի հարցերի, որոնցից են կրթություն ստանալու իրավունքը, սեփականության իրավունքը, հավասարությունը կանանց եւ տղամարդկանց միջեւ, երեխաների իրավունքները:  

ԵՄ-ն հարցաթերթիկը Վրաստանին փոխանցել է երկուշաբթի: Փաստաթուղթը 369 հարց է պարունակում: Վրաստանի իշխանությունները նախատեսում են պատասխաններն ուղարկել մայիսին:

Անդամակցության շուրջ բանակցային գործընթացը կարող է տեւել մի քանի տարուց մինչեւ անորոշ երկար ժամանակահատված: Ամենից արագ այդ ճանապարհն անցել է Ֆինլանդիան՝ 3 տարում, ամենից երկար՝ Թուրքիան, որը ԵՄ անդամակցության հարցով բանակցություններն սկսել է 2005թ. աշնանը, սակայն բանակցությունների ավարտը դեռեւս անորոշ է: