«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


«Իմ քայլն» իրականացնում է պատերազմի հետևանքների վերացման հումանիտար ծրագրեր

21/01/2021

«Իմ քայլը» հիմնադրամը զարգացման ծրագրերը ժամանակավորապես փոխարինում է հումանիտար ծրագրերով: Պատերազմն իր պահանջներն է թելադրել:

Լենա Նազարյան, «Իմ քայլը» հիմնադրամի խորհրդի անդամ - Պատերազմից առաջ հիմնադրամն իրականացրել է զարգացման ծրագրեր, օրինակ՝ մոտ 7 տասնյակ ուսանողներ հնարավորություն են ունեցել արտերկրում ուսանել՝ վերադառնալու պայմանով, մշակութային նախաձեռնություններին է աջակցություն տրամադրվել, դպրոցներ, մարզահամալիրներ են վերանորոգվել:

Հիմնադրամի խորհուրդը որոշում է կայացրել այս փուլում միայն ճգնաժամային իրավիճակի հաղթահարման գործունեություն իրականացնել՝ մինչև կհաղթահարվեն պատերազմի հետևանքներով ստեղծված դժվարությունները:

Լենա Նազարյան - Որպեսզի մարդիկ առաջնահերթ ունենան տաք սնունդ և անկողին, նորածին երեխաների ընտանիքները փոքրիկներին խնամելու պարագաներ ունենան և կենցաղային հնարավորություններ: Այդ նպատակով նաև զինծառայողների ապահովագրության հիմնադրամին տրամադրվեց 1 մլն ԱՄՆ դոլար, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հետ կնքվեց 180 մլն դրամի պայմանագիր, մոտ 70 հիվանդասենյակ կկահավորվի և այլ հնարավորություններ կստեղծվեն:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, քաղաքապետարանների ու մարզպետարանների հետ գործակցությամբ է հիմնադրամը տեղեկանում, թե որտեղ ինչ կարիքներ կան: Հիմնադրամից տեղեկացնում են, որ պատերազմից հետո բազմաթիվ են եղել անհատներն ու կազմակերպությունները, որոնք իրենց աջակցությունը ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնել: Ստացված միջոցներով «Իմ քայլը» բարելավել է արցախցի ընտանիքների կենցաղային պայմանները, տոն օրերին երեխաների համար կրթամշակութային ծրագրեր կազմակերպել, Ստեփանակերտում էլ մոտ մեկ ամիս գործել է անվճար հացատուն:

Լենա Նազարյան - Ուզում եմ շնորհակալություն հայտնել սփյուռքում և Հայաստանում ապրող նվիրատուներին, որոնք շարունակում են տրամադրել իրենց դրամը՝ Հայաստանում և Արցախում ապրող մարդկանց կյանքը բարելավելու համար: Ես համարում եմ, որ նրանց օգնությունը ոչ միայն նյութական է, այլև ավելին: Մասնավորապես, նրանք ամրացրել են հանրային կապերը, ամրապնդել են հավատը մարդկանց հանդեպ, հաստատուն են դարձրել վստահությունն առ այն, որ դժվար պահերին կլինի օգնություն և ուժեղացրել են մեր միտքը առ այն, որ համատեղ ուժերը և փոխօգնությունը կարևոր արժեքներ են:

Լենա Նազարյանը վստահեցնում է, որ «Իմ քայլն» աշխատել է բաց և թափանցիկ: Վկայակոչում է հիմնադրամի կայքը՝ ասելով, որ այնտեղ հրապարկվում են բոլոր նվիրատուների անունները և իրականացված աշխատանքը: Նոյեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում հիմնադրամը հետպատերազմական կարիքների բավարարմանն է հատկացրել 951 միլիոն դրամից ավելի գումար: Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կնքել է 135, իսկ Արցախի սոցապնախարարության հետ՝ 40 մլն դրամի պայմանագիր և այսպես շարունակ: Հումանիտար օգնության ծրագրերն այս ամսվա ընթացքում էլ կշարունակվեն, բայց հրատապ միջոցառումներին զուգահեռ՝ հիմնադրամը մշակում է նաև երկարաժամկետ ծրագրեր, որոնք ուղղված են լինելու մարդկանց կյանքի բարելավմանը: