«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սպիտակ տունը պարզաբանում է Պուտինի հետ հնարավոր հանդիպման մասին Բայդենի հայտարարությունը

02/12/2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների հնարավորության մասին չի նշանակում, որ նա մտադիր է երկխոսություն սկսել «հենց հիմա», դեկտեմբերի 2-ին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջոն Քիրբին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Նախագահը շատ հետևողական է եղել… նա միշտ ասում է այն, ինչ նկատի ունի, և դա չի փոխվել: Դուք լսեցիք նրան, նա երեկ ամեն ինչ հստակ ասաց, նա հիմա Պուտինի հետ խոսելու մտադրություն չունի»,- ասել է Քիրբին։

«Նախագահը (ԱՄՆ Ջո Բայդենը – խմբ.) ամենևին ցույց չտվեց, որ հիմա բանակցությունների ժամանակն է, և նա անընդհատ ասում էր, որ միայն նախագահ Զելենսկին կարող է որոշել՝ ինչպես և երբ կարելի է քննարկել կարգավորումը, և ինչ պայմաններ պետք է ստեղծվեն դրա համար»,- ասել է ԱՄՆ վարչակազմի պաշտոնյան։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցություններից հետո, Բայդենն ասել էր, որ չի ծրագրում բանակցություններ Պուտինի հետ, բայց պատրաստ է դրանց, եթե Ռուսաստանը անհրաժեշտ քայլեր ձեռնարկի Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու համար: