«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գորիս-Կապան ճանապարհահատվածի դիմաց Հայաստանը միջանցք էր տալու. «Հայաստանի Հանրապետություն»

13/11/2021

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.
«Կանխատեսելի էր, որ Գորիս-Կապան ճանապարհի GPS համակարգով Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածում տեղակայված մաքսակետը Իրանի քաղաքացիներից բացի լրիվությամբ գործելու էր նաեւ Հայաստանի քաղաքացիների համար: Այն ակնհայտ դարձավ, երբ ադրբեջանցիներն սկսեցին մաքսատուրք գանձել այդ հատվածով անցնող իրանական բեռնատարների վարորդներից:
Հասկանալի է նաեւ մեր բնակչության տարակուսանքը ստեղծված իրավիճակում, քանի որ սյունեցին երբեւէ չէր պատկերացնի, որ մշտապես իր երթեւեկած ճանապարհի տվյալ հատվածը մի օր կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ GPS-ի միջոցով ներկայիս սահմանների նախնական վիճակը, այդ մեթոդի անճշտության չափը եւ ընդհանրապես՝ միջազգայնորեն ճանաչված իրավական հիմքերով սահմանները հնարավոր է հստակեցնել միայն երկար ժամանակ պահանջող  աշխատատար գործընթացում:
Պարզվում է, որ հնարավոր է եղել ապահովել այդ ճանապարհահատվածով ՀՀ քաղաքացիների անխոչընդոտ երթեւեկության հնարավորությունը, բայց ինչպես կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, եւ այդ մասին նույն օրը գործադիրի նիստում ակնարկեց Նիկոլ Փաշինյանը, դրա դիմաց ադրբեջանցիները պահանջել են միջանցք դեպի Նախիջեւան:
Բնականաբար, այդ տարբերակը չէր կարող ընդունելի լինել հայկական կողմի համար, ոչ միայն այն առումով, որ Հայաստանը փաստացի կտրող դեպի Նախիջեւան անցնող միջանցքը համեմատելի չէ Գորիս-Կապան ճանապարհի մի քանի կիլոմետր երկարությամբ հատվածի հետ, այլեւ ընդհանրապես՝ բուն միջանցքային տրամաբանության առումով:
Նկատենք, որ տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հարցում միջանցքի գաղափարի ջատագովները  միայն Թուրքիան եւ Ադրբեջանն են, ինչն ամենեւին ձեռնտու չէ Հայաստանին, եւ ավելորդ է խոսել նաեւ Իրանի համար անընդունելի լինելու մասին: Նախորդ շաբաթ շահագործման հանձնվեց Տաթեւ-Գորիս ճանապարհահատվածը, որը փոխարինում է Գորիս-Կապան ճանապարհին, եւ որով արդեն մեծ ծավալով բեռնափոխադրումներ են տեղի ունենում:
Այստեղ հիմնական խնդիրը Որոտան եւ Շուռնուխ բնակավայրերն են, ուր տանող միակ բարեկարգ ճանապարհին ադրբեջանցիներն արդեն մաքսակետ են դրել: Այդ համայնքներ տանող այլընտրանքային ճանապարհները հողային ու դժվարանցանելի են, հատկապես ձմեռային ամիսներին, եւ այստեղ առաջնային խնդիր է դարձել դրանց արագ բարեկարգումը: Նկատենք նաեւ, որ Տաթեւ-Աղվանի ճանապարհահատվածի որոշ մասեր նույնպես լրանորոգման կարիք են զգում, քանի որ քարշակներով մեծ բեռնատարների համար դժվարանցանելի են: Այլ կերպ ասած՝ Ադրբեջանն անցնում է հաղորդակցության ուղիներով օգտվողների մաքսային կանոնակարգման, որը հետագայում աշխատելու է հենց իր դեմ:
Բանն այն է, որ Գորիս-Կապան ճանապարհահատվածի այլընտրանքային ճանապարհները Հայաստանն ունի, իսկ ապագայում Նախիջեւան գնալու համար, Հայաստանի եւ Իրանի տարածքից բացի, Ադրբեջանն այլ ճանապարհ չունի եւ այսպես ասած՝ մաքսային վարչարարության վրա շեշտ դնելը վաղն աշխատելու է հենց Բաքվի դեմ: Վերջինս ստիպված է լինելու բանակցել Հայաստանի հետ՝ տրանզիտային մատչելի մաքսատուրքեր ստանալու համար, քանի որ, բոլոր դեպքերում, իրանական ճանապարհը Բաքվի վրա անհամեմատ ավելի թանկ է նստելու»: