Իշխանությունն ընդունեց օրենք, որով հանրապետության նախագահին դարձրեց ձայնազուրկ և «Իմ քայլ»-ի 89-րդ կոճակ սեղմողը․ Աբրահամ Գասպարյանը՝ Սահմանադրական փոփոխության մասին
<p>«Ծառուկյանի ղեկավարած խմբակցությունը գործընթաց էր սկսել, որով, պարզ ասած՝ խանգարելու է իշխանությանը՝ նվաճել ՍԴ-ը»,- այս մասին «Արմնյուզ» ՀԸ «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդմանն ասել է հեռուստամեկնաբանը: Գասպարյանը նաև նկատել է, որ Լուսավոր Հայաստանը չմիացավ ԲՀԿ ստորագրահավաքին և չմասնակցեց խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցության կողմից Իմ քայլի նախաձեռնության վիճարկմանը և հիմնավորեց, որ իշխանությունը կատարել է հակասահմանադրական հերթական քայլը՝ այս անգամ վերջնականապես թաղելով հայաստանյան դատական իշխանությունն ու ժողովրդավարությունը: «Ինչպես ասում են՝ եկեք կետադրական նշանները ճիշտ գործածենք, որպեսզի նախադասությունը սխալ իմաստ չարտահայտի: Օպերացիան պայմանականորեն կոչենք՝ «Նվաճել Սահմանադրական Բաստիլը»: Ընդգրկված է 4 դերակատար՝ իշխանությունը, խորհրդարանական, արտախորհրդարանական ընդդիմությունը, հանրապետության նախագահը: Սկսեմ հերթով: Իշխանության նպատակը պարզ է ու հստակ: 13 ամիս պայքարում է Հրայր Թովմասյանին ու ՍԴ կազմի 6 դատավորի՝ վաղաժամ թոշակի ուղարկելու համար»,- ասել է Աբրահամ Գասպարյանը: Հեռուստամեկնաբանը նաև նշել է, որ ամեն ինչ հեշտ ու հանգիստ չի անցնում իշխանության համար․ «Վարչապետն ու թիմը գուցե մինչև վերջ չէին հաշվարկել, որ այսուհանդերձ՝ կգտնվի մի դատավոր, որն իշխանությանը կասի՝ ստոպ և կփոխի 2-րդ նախագահ Ռ. Քոչարյանի խափանման միջոցը: Իշխանությունը մտավախություն ունի, որ եթե Հրայր Թովմասյանն ու մնացած 6 դատավորները պաշտոնավարեն, Քոչարյանին զոռով-շառով նստեցնելու օպերացիան կտապալվի: Այդիսկ պատճառով՝ վայրկյան առաջ ուզում է ՍԴ-ում ունենալ իր սրտի դատավորներին, անկախ փաստից՝ այդ քայլով դատական իշխանության ինստիտուտը կհուղարկավորե՞ն, թե՞ ոչ»: Խոսելով այս ընթացքում հանրապետության նախագահի որդեգրած քաղաքականության մասին՝ Գասպարյանն ասել է, որ իշխանությունն ընդունեց օրենք, որով էլ հանրապետության նախագահին դարձրեց Իմ քայլ-ի՝ 89-րդ կոճակ սեղմողը․ «Նախագահը երեկ գիշերը ստորագրեց հակասահմանադրական այդ օրենքը: Արմեն Սարգսյանն ստորագրեց մի օրենք, որով ինքն իրեն դարձրեց ձայնազուրկ: Այսինքն՝ այսուհետև խորհրդարանը կարող է օրենք ընդունել, նախագահին չուղարկել, որ ստորագրի, ոչ էլ ՍԴ ուղարկել, որպեսզի ստուգեն՝ օրենքը համապատասխանու՞մ է Սահմանադրությանը, թե՞ ոչ»:</p> <p> </p> <p>Աղբյուրը՝ Tert.am</p> <p>Կայքի խմբագիր՝ Աննա Հակոբյան, Generalnews.am</p>