«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ոչ մեկը, այդ թվում և Թուրքիան, չեն կարող պնդել, որ ԼՂ հակամարտության համատեքստում Թուրքիան հանդես է գալիս որպես անաչառ կամ չեզոք կողմ. Մնացականյան

01/11/2020

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել Sputnik International-ին:

Հարց - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս ասել էր, որ Մոսկվայում բանակցությունների ավարտին կողմերի արած հայտարարությունը ենթադրում է հայկական ուժերի դուրսբերումը Արցախից՝ ավելացնելով, որ Բաքուն ակնկալում է, որ կներկայացվի հայկական ուժերի դուրսբերման ժամանակացույցը: Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի նախագահի նման հայտարարությունը: Արդյոք Երևանը պատրա՞ստ է Բաքվի հետ քննարկել Արցախից հայկական ուժերի դուրսբերման ժամանակացույցը:

Զոհրաբ Մնացականյան - Այս օրերին նախագահ Ալիևը բազմաթիվ մոլորեցնող և հակասական հայտարարություններ է արել, որոնք արժանի չեն մեկնաբանության: Մենք ունենք հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարությունը, որը վերահաստատվել է նաև հոկտեմբերի 17-ին և հոկտեմբերի 25-ին, և այդ հայտարարությունից անդին որևէ այլ բան չի համաձայնեցվել:

Հարց - Դուք ռուսական ռազմական դիտորդների տեղակայումը դիտարկո՞ւմ եք արդյոք որպես հրադադարի ռեժիմի հաստատումն ապահովող արդյունավետ միջոց:

Զոհրաբ Մնացականյան - Հայաստանը մշտապես աջակել է հրադադարի կայուն մշտա​դիտարկման գաղափարին, որը խաղաղ գործընթացում ներդրվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից 2016-ի ապրիլյան էսկալացիայից անմիջապես հետո: Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության են եկել ԵԱՀԿ մշտադիտարկման խմբի ընդլայնման և հրադադարի հետաքննության մեխանիզմի հաստատման վերաբերյալ, սակայն հետագայում Ադրբեջանը հրաժարվեց իրագործել այս պայմանավորվածությունը: Սա ի ցույց է դնում, որ ոչ երեկ և ոչ էլ այսօր Ադրբեջանը հետաքրքրված չէ կայուն և վերահսկելի հրադադարի հաստատմամբ։ Մեր դիրքորոշումն անփոփոխ է, և մենք կողմնակից ենք դիտորդների տեղակայմանը:

Հարց - Վերջերս Մոսկվա կատարած այցի ժամանակ Դուք նշեցիք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվում են «բավականին բովանդակային» խորհրդակցությունները Արցախում հրադադարի վերիֆիկացիոն մեխանիզմների ստեղծման վերաբերյալ՝ համաձայն Ռուսաստանի մայրաքաղաքում ձեռքբերված պայմանավորվածությունների: Ներկայումս ո՞ր փուլում են այս բանակցությունները, և ե՞րբ եք ակնկալում, որ այդ մեխանիզմները կներդրվեն: Որո՞նք են այս գործընթացի խոչընդոտները: Հայաստանն առաջիկայում դիտարկո՞ւմ է հրադադարի պահպանման վերիֆիկացիոն մեխանիզմների շուրջ Ադրբեջանի հետ Մոսկվայում հանդիպում անցկացնելու հարցը, և եթե այո, ապա ո՞րն է մոտավոր ամսաթիվը:  

Զոհրաբ Մնացականյան - Հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնության եկան համատեղ հայտարարության շուրջ, որի՝ իրար հաջորդող դրույթները հանդիսանում են  իրագործման ճանապարհի քարտեզ։ Ուստի նախ պետք է առանց նախապայմանների և անհապաղ կյանքի կոչվեն երեք դրույթներ, որոնք նախատեսում են կրակի դադարեցում, հրադադարի ռեժիմի չափորոշիչների մշակում, ռազմագերիների և մարմինների փոխանակում։ 

Բանակցություններում հիմնական խոչընդոտն Ադրբեջանի դժկամությունն է լինել հանձնառու կայուն և վերահսկելի հրադադարին։ Ադրբեջանը շարունակաբար հրաժարվում է վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումից՝ միևնույն ժամանակ առաջ տանելով կայուն հրադադարից հրաժարվելու և փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելու հնարավորություն ընձեռնելու իր վաղեմի դիրքորոշումը։  

Հարց - Տարբեր տեղեկատվության համաձայն՝ Թուրքիայի տարածքով սիրիացի վարձկանների նոր խումբ պետք է տեղափոխվի ԼՂ հակամարտության գոտի: Միևնույն ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է հերքել նման պնդումները: Որևէ տեղեկություն կամ ապացույց ունե՞ք Սիրիայից նոր զինյալների պլանավորվող տեղափոխման վերաբերյալ:

Զոհրաբ Մնացականյան - Բավականին շատ փաստական ապացույցներ կան Սիրիայից և Լիբիայից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների առկայության և Թուրքիայի կողմից նրանց շարունակական տեղափոխման վերաբերյալ, ինչը հաստատված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետախուզության կողմից և հակամարտության գոտուց ստացվող տեղեկատվությամբ:

Ոչ մեկը, այդ թվում և Թուրքիան, չեն կարող պնդել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում Թուրքիան հանդես է գալիս որպես անաչառ կամ չեզոք կողմ: 

Թուրքիան այս հակամարտությունը դիտարկում է որպես մեկ այլ հարևան տարածաշրջանում՝  Հարավային Կովկասում, իր ազդեցության տարածման հնարավորություն, և այդ նպատակով հակամարտությունն օգտագործելու և տարածաշրջանի ժողովուրդներին հսկայական տառապանքներ պատճառելու այս գործելաոճը պետք է հակադարձվի, այլ ոչ թե՝ խրախուսվի: