«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մեծ Բրիտանիան որոշել է էժան դրոններ ձեռք բերել Ղարաբաղի պատերազմից հետո

29/12/2020

Բրիտանիայի զինվորականները անօդաչու թռչող սարքեր ստեղծելու նոր ծրագիր կմեկնարկեն՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Հայաստանի հանդեպ հաղթանակ տանելու համար Ադրբեջանի կողմից այս տեխնոլոգիայի ոչ միանշանակ օգտագործման, գրում է The Guardian-ը:

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները կարծում են, որ աշնանային պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից ավելի էժան թուրքական անօդաչու թռչող սարքերի օգտագործումը «որոշիչ դեր խաղաց հայերի դեմ պայքարում եւ ստիպեց նրանց զիջել տարածքի վերահսկողությունը Կովկասի վիճելի տարածաշրջանում»:

Պաշտպանական գերատեսչության աղբյուրները հավելել են, որ Մեծ Բրիտանիան ցանկանում է ավելի էժան անօդաչու թռչող սարքեր գնել՝ հնգամյա պաշտպանության ծրագրի շրջանակներում, որը պետք է հրապարակվի 2021-ի սկզբին, չնայած մահացու դրոնների տարածման ռիսկերի մասին նախազգուշացումներին:

Այս ամսվա սկզբին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսն ասել էր, որ թուրքական TB2 անօդաչու թռչող սարքերը օրինակ են այն բանի, թե ինչպես են այժմ այլ երկրները «առաջատար հանդիսանում»: Նա հավելել է, որ անօդաչու թռչող սարքերը «պատասխանատու են հարյուրավոր զրահամեքենաների եւ նույնիսկ հակաօդային պաշտպանության համակարգերի ոչնչացման համար», չնայած կան տեսանյութեր, որոնք ապացուցում են, որ դրանք նաեւ շատ մարդկանց են սպանել Լեռնային Ղարաբաղի պատերազմում:

Հոկտեմբերի կեսերին Twitter-ի եւ Telegram-ի թուրքական զինվորականների հետ սերտորեն կապված հաշիվներում հայտնվեցին գրաֆիկական կադրեր, որոնք ակնհայտորեն ցույց են տալիս TB2-ի հարվածները մի շարք հայկական դիրքերին` շովինիստական երաժշտության ֆոնին:

Ըստ վերլուծաբանների, Baykar Makina ընկերության կողմից արտադրվող TB2 դրոնների արժեքն ընդամենը 1-2 միլիոն դոլար է, ինչը շատ ավելի քիչ է, քան 20 միլիոն դոլար արժողությամբ ամերիկյան բարձրակարգ նոր սերնդի Protectors-ը:

TB2 դրոնների հեռահարությունը շատ ավելի փոքր է՝ մինչեւ 150 կմ, բայց կարող է բարձունքում մնալ մինչեւ 24 ժամ: Քանի որ դրանք թանկ չեն, զինվորականները կարող են իրենց թույլ տալ կորցնել դրանցից մի քանիսը մարտերում:

TB2 դրոնները արագորեն փոխում են ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում եւ ակտիվորեն օգտագործվում են քրդական ընդդիմությանը հարվածելու համար՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, ինչպես նաեւ Լիբիայում քաղաքացիական պատերազմի ընթացքում:

Ամռանը, նախքան հակամարտությունը սկսելը, Ադրբեջանը, ըստ որոշ գնահատականների, Թուրքիայից ավելի քան 20 TB2 է գնել, եւ դրանք այնքան արագ ու արդյունավետ է տեղակայել, որ շատերը կարծում են, թե դրանք շահագործվել են թուրք օդաչուների կողմից: Անօդաչու թռչող սարքերից կադրերը հեռարձակվել են նաեւ Բաքվի թվային գովազդային վահանակներով:

«Դրանում կա հսկայական PR տարր»,- ասել է Լոնդոնի Թագավորական քոլեջի ռազմագիտության ամբիոնի դոկտորանտ Ռոբ Լին: «Մի միջավայրում, որտեղ այնքան էլ շատ չէ անկախ տեղեկատվությունը, սա օգնել է Ադրբեջանի կառավարությանը վերահսկել պատմությունը»:

Երկու կողմերից էլ մոտ 5000 զինվոր է սպանվել, Oryx Blog-ի վերլուծաբանները, հիմնվելով հրապարակայնորեն հասանելի լուսանկարների եւ տեսանյութերի վրա, գնահատում են, որ Հայաստանը կորցրել է 224 տանկ, իսկ Ադրբեջանը՝ 36: «Ադրբեջանցիների կողմից անօդաչու թռչող սարքերի օգտագործումը որոշիչ նշանակություն ուներ»,- հավելել է պրոֆեսոր Մայքլ Քլարքը՝ Միացյալ ծառայությունների թագավորական ինստիտուտից:

Հայկական ուժերը հարվածել են մի քանի TB2 անօդաչու թռչող սարքերի: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից նոյեմբերին թողարկված զեկույցում ներառված են վնասված անօդաչու թռչող սարքի բաղադրիչների, այդ թվում` Garmin նավիգացիոն համակարգի լուսանկարներ:

Garmin ընկերությունը հայտարարել է, որ իր արտադրանքը «արտադրված չէ կամ նախատեսված չէ ռազմական նպատակներով օգտագործման համար», եւ խնդրել է մատակարարներին դադարեցնել դրանց վաճառքը թուրքական Baykar ընկերությանը: Հոկտեմբերին Կանադան նույնպես դադարեցրել էր ամերիկյան L3Harris ընկերության Wescam դուստր-ձեռնարկության թիրախավորման սարքերի արտահանումը Թուրքիա՝ այն բանից հետո, երբ դրանք հայտնաբերվել էին TB2 անօդաչու սարքում։

Փաստաթղթում նաեւ նշվում են բրիտանական երկու հնարավոր բաղադրիչները՝ վառելիքի պոմպը, որը Հեմփշիրում արտադրվել է Andair-ի կողմից, ընկերության հստակ նշված անվանմամբ, եւ հրթիռների արձակման համակարգը՝ ռումբի դարակով, որն առաջին անգամ մշակվել է Մեծ Բրիտանիայում՝ L3 Harris-ի մեկ այլ դուստր-ձեռնարկության` EDO MBM Technology-ի կողմից:

Մեծ Բրիտանիան պահպանում է այն զենքի մատակարարման էմբարգոն, որը կարող է օգտագործվել Լեռնային Ղարաբաղում: Հայկական փաստաթղթում նշված բաղադրիչների մասին հարցին առեւտրի նախարարությունը պատասխանել է. «Մենք արտոնագրեր չենք տրամադրել ի հեճուկս զենքի մատակարարման էմբարգոյի»:

Փորձագետներից մեկն ասել է, որ անօդաչու թռչող սարքերի ստեղծման Մեծ Բրիտանիայի պլանները կօրինականացնեն այն տեխնոլոգիան, որը կարող է նպաստել հակամարտությանը վիճելի տարածքներում: Drone Wars UK ՀԿ տնօրեն Քրիս Քոուլզն ասել է. «Քաղաքացիական հասարակության խմբերը նախազգուշացնում էին, թե քանի որ դրոնները նվազեցնում են պատերազմի գինը, դրանք, ամենայն հավանականությամբ, կսնուցեն դաժան, մահացու հակամարտության տեսակը հարեւան պետությունների միջեւ»:

https://news.am/