«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Լոս Անջելեսում հիմնադրվել է հայ-ամերիկյան արագ արձագանքման կենտրոնացված լրատվական ծառայություն

01/10/2020

Լոս Անջելեսում հիմնադրվել է հայ-ամերիկյան արագ արձագանքման կենտրոնացված լրատվական ծառայություն՝ նպատակ ունենալով հակազդել տեղեկատվական դաշտում ադրբեջանական ապատեղեկատվությունների տարածմանը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Armenian American Central Press-ից:

«Հաշվի առնելով մեր հայրենիքում ստեղծված պատերազմական իրադրությունը և այդ ընթացքում հայալեզու և օտարալեզու հրատապ տեղեկատվության տարածման կարևորությունը, մենք հիմնադրում ենք նախադեպը չունեցող արագ արձագանքման միասնական լրատվական կենտրոն Լոս Անջելեսում»,- ասված է հաղորդագրությունում:

AACP-Armenian American Central Press-ը ուղղորդված և թիրախային ընթացք է տալու լրատվական հոսքին ինչպես ամերիկյան, այնպես էլ հայաստանյան լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում և մամուլի հաղորդագրություններ տարածելով՝ այսպիսով իրականացնելով կարևոր գործառույթ հայրենիքում ընթացող մարտական գործողություններին զուգահեռ տարվող տեղեկատվական պատերազմում։

Նախագծի հիմնադիրը Հորիզոն TV-ի գլխավոր պրոդյուսեր, ծրագրերի տնօրեն Վրույր Թադևոսյանն է։ AACP-ն գործելու է Լոս Անջելեսի Հորիզոնի հայկական հեռուստաընկերության կազմում, միավորելու է մեդիա ոլորտի ներկայացուցիչների և ՏՏ ոլորտի երիտասարդ մասնագետների, ովքեր կիրականացնեն այս կարևոր աշխատանքը Արցախյան պատերազմի ընթացքում։

Այս միջոցով հնարավոր կլինի համախմբել հայկական Սփյուռքի այս մեծ գաղթօջախին, ավելի թիրախային եւ արդյունավետ դարձնել պատերազմական իրավիճակում հրատապ տեղեկատվության երկլեզու տարածումն ու կառավարումը, հայրենիքի աջակցության ծրագրերի իրականացման արդյունավետ կազմակերպումը՝ այսպիսով նոր ժամանակների Արցախյան պատերազմի հաղթական ելքում ունենալով նաև սեփական ներդրումը։