«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Եթե Ադրբեջանը նույն տրամաբանությունն է դնում «Զանգեզուրի միջանցք» բառակապակցությունն արտահայտելիս՝ ինչ-որ նախկինում էր, իհարկե, դա տարածքային պահանջ է ՀՀ-ի նկատմամբ. Խանդանյան

14/06/2023

Այդ մտացածին «Զանգեզուրի միջանցք» բառակապակցության թեման Հայաստանի Հանրապետության համար փակ է և սա ակնհայտ է ու ընդունելի նաև այն կողմերի համար, որոնք միջնորդում են բանակցություններում: 

Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «Զանգեզուրի միջանցք»-ի մասին հայտարարությանը՝ ասաց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը․

«Այնպես, ինչպես նկարագրվում էր նախկինում Ադրբեջանի կողմից կամ ինչպես առաջարկվում էր ունենալ սուվերեն միջանցք Հայաստանի տարածքում, նման թեմա չկա և չի կարող լինել․ դա Հայաստանի համար չափազանց անընդունելի է և Հայաստանը երբեք չի բանակցել դրա շուրջ: Այդպիսի հայտարարություններն, իհարկե, անհանգստություն են պատճառում, իհարկե, անընդունելի են և չեն նպաստում բանակցային գործընթացին»։

Թե, արդյոք, սա կարելի է համարել ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջ՝ Խանդանյանն ասաց. «Եթե Ադրբեջանը նույն տրամաբանությունն է դնում «Զանգեզուրի միջանցք» բառակապակցությունն արտահայտելիս, ինչ-որ նախկինում էր դնում, իհարկե, դա տարածքային պահանջ է ՀՀ-ի նկատմամբ: Ցավալիորեն, Ադրբեջանի նախագահը դեռևս այն ծավալի մասին, որ ծավալով Հայաստանի վարչապետն է փոխադարձաբար տարածքային ամբողջականությունը ճանաչում, դեռ չի ճանաչել։ Խոսքը մակերեսը նշելու մասին է, հայկական կողմի մոտ կա այդ ակնկալիքը, որ պետք է ավելի հստակ լինի այդ արձանագրումը, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը»:

Անդրադառնալով ԱՄՆ դեսպանատան տարածած այն հայտարարությանը, որ իր քաղաքացիներին հորդորում է չմեկնել ՀՀ սահմանամերձ հատվածներ՝ Սարգիս Խանդանյանը նշեց, որ պետք չէ այդ հայտարարությունից լարվել: Իսկ, թե, արդյոք հնարավոր է սպասել լայնածավալ ագրեսիայի՝ Խանդանյանը նշեց. «Ես չեմ ուզի վերլուծություններ անել, թե, արդյոք հնարավոր է լայնածավալ ագրեսիա, թե՝ ոչ, բանակցությունների դինամիկան հույս է ներշնչում, որ նման իրավիճակի առաջ մենք չենք հայտնվի, բայց մենք գործ ունենք Ադրբեջանի հետ, որը հաճախ պայմանավորվածությունները խախտում է»: