«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԵՄ-ն նախատեսում է ստեղծել էներգառեսուրսների գնումների միասնական հարթակ

27/03/2022

Եվրամիությունը (ԵՄ) նախատեսում է ստեղծել էներգառեսուրսների գնումների ընդհանուր հարթակ, որը հասանելի կլինի Բալկաններին և Արևելյան գործընկերության երեք ասոցացված անդամներին, ասվում է ԵՄ խորհրդի կողմից երկօրյա գագաթնաժողովից հետո հրապարակված հաղորդագրությունում: Հաղորդում է 1tv.ge-ն։

Փաստաթղթի համաձայն՝ ԵՄ-ն աստիճանաբար կվերացնի իր կախվածությունը ռուսական գազի, նավթի և ածուխի ներկրումներից որքան հնարավոր է շուտ, ինչպես նշված է Վերսալյան հռչակագրում։

Ռուսական էներգակիրներից իր կախվածությունը նվազեցնելու համար Եվրոպական խորհուրդն ակնկալում է, որ Եվրահանձնաժողովը 2022 թվականի մայիսի վերջին կներկայացնի համապարփակ և հավակնոտ ծրագիր, որը կմշակվի ԵՄ անդամ երկրների հետ սերտ համակարգմամբ։ Համաձայն ամփոփագրի, հաշվի են առնվելու ազգային հանգամանքները և անդամ երկրների էներգետիկ հաշվեկշիռը։

Ըստ Եվրոպական խորհրդի՝ էներգառեսուրսների կայուն բարձր գները գնալով բացասական ազդեցություն են ունենում քաղաքացիների և բիզնեսի վրա և ավելի են բարդանում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական ագրեսիայի պատճառով:

ԵՄ առաջնորդները հանձնարարել են Եվրոպական խորհրդին դիտարկել Եվրահանձնաժողովի առաջարկները գազի պահեստավորման քաղաքականության վերաբերյալ։ Փաստաթղթում ասվում է, որ գազի պահեստների լիցքավորումը պետք է սկսվի որքան հնարավոր է շուտ, իսկ հաջորդ ձմռան համար անդամ երկրները և Եվրահանձնաժողովը հրատապ պետք է հաստատեն համերաշխության և փոխհատուցման մեխանիզմներ:

Փաստաթղթում նշվում է, որ էներգակիրների գնման ընդհանուր հարթակը բաց կլինի Արևմտյան Բալկանների երկրների եւ Արևելյան գործընկերության երեք ասոցացված անդամների՝ Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի համար։

Եվրոպական հանձնաժողովին և նրա անդամ երկրներին հանձնարարվել է նաև ավարտել և բարելավել ԵՄ-ում գազի և էլեկտրաէներգիայի համակարգերի միջև կապը, ներառյալ էլեկտրական համակարգերի ամբողջական համաժամանակացումը, ինչպես նաև աշխատել բոլոր անդամ երկրների էներգետիկ անվտանգության ապահովման ուղղությամբ:

Փաստաթղթի համաձայն՝ ԵՄ-ն կշարունակի համակարգել միջազգային գործընկերների հետ՝ ապահովելու էներգակիրների համարժեք մատակարարումը և մեղմելու էներգակիրների գների աճը։