«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Հայաստանում նախատեսվում է անցկացնել գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ փառատոնը

17/08/2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ եւ ՀՀ կառավարության աջակցությամբ 2021 թ. սեպտեմբերի 6-11-ը Հայաստանում նախատեսվում է անցկացնել գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ փառատոնը: 

Նախագահ Սարգսյանը փառատոնը Հայաստանում հյուրընկալելու առաջարկությունն արել էր դեռ մեկ տարի առաջ՝ Ցյուրիխում կայացած STARMUS 5-րդ փառատոնի ժամանակ: Նախատեսվում է, որ հաջորդ տարի սեպտեմբերին Հայաստանը մեկ շաբաթով կդառնա տեխնոլոգիաների, գիտության, երաժշտության ու արվեստի միջազգային կենտրոն: Ակնկալվող բազմահազար մասնակիցների եւ այցելուների մեջ կլինեն Նոբելյան մրցանակակիրներ, անվանի գիտնականներ ու երաժիշտներ, մեծ թիվ կկազմեն նաեւ մեր հայրենակիցները:

Նախագահ Սարգսյանը վստահ է, որ աշխարհահռչակ գիտնականները մեկ շաբաթվա ընթացքում իրենց հանդիպումներով եւ դասախոսություններով ոչ միայն նոր մտքեր ու գաղափարներ կհաղորդեն այցելուներին, այլ նաեւ կոգեւորեն մեր գիտնականներին ու երիտասարդությանը: Հատկապես որ փառատոնի նպատակներից մեկը երիտասարդներին դեպի գիտություն, նոր տեխնոլոգիաների ոլորտ, դեպի ապագա ուղղորդելն է:

Միաժամանակ, Հանրապետության նախագահը STARMUS 6-րդ միջազգային փառատոնը կարեւոր քայլ է համարում զբոսաշրջության զարգացման համար: Արձանագրելով, որ կորոնավիրուսի պատճառով զբոսաշրջության եւ դրա հետ կապված հյուրանոցային, սպասարկման, ռեստորանային բիզնեսի վիճակը բավականին բարդ է, նախագահն ակնկալում է, որ հաջորդ տարի զբոսաշրջության ոլորտում իրավիճակը որոշակիորեն բարելավված կլինի, ընդ որում՝ շնորհիվ նաեւ STARMUS 6-րդ փառատոնի: Ըստ էության, փառատոնը յուրատեսակ խթան կդառնա զբոսաշրջություն առաջ մղելու համար, ինչը հատկապես կարեւոր է՝ հաշվի առնելով ոլորտի այսօրվա խնդիրները:

Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները, որոնց հետ պարբերաբար հանդիպում է Արմեն Սարգսյանը, համամիտ լինելով նախագահի հետ, վստահ են, որ Հայաստանը ցուցադրելու եւ ներկայացնելու շատ բան ունի: Մեր երկրում առկա զբոսաշրջային ենթակառուցվածքները հնարավորություն են տալիս հյուրընկալության պատշաճ մակարդակ ապահովել Հայաստան այցելողների համար, առավել եւս, որ STARMUS VI-ի պարագայում նրանց մեջ քիչ չեն լինի այնպիսիք, որոնց այցելությունը մեր երկիր իսկապես կարող է լուրջ հետաքրքրություն առաջացնել եւ խթան լինել հետագա զբոսաշրջային հոսքերի համար: Իսկ այն ինքնատիպ պատմամշակութային ժառանգությունը, որ ունենք մենք, կարող է ձգողական ուժ դառնալ հատկապես արվեստն ու մշակույթը գնահատողների համար:

Բայց այս ամենից զատ, հարկ է, որ ոլորտի կազմակերպությունները նույնպես կարողանան դառնալ գործընթացի ակտիվ մասնակիցներ, ինչի մասին նշել է նաեւ նախագահ Սարգսյանը զբոսաշրջային մի շարք կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ: