«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գերմանիայի ֆիննախարարը հայտարարել է, որ գերմանացիները կաղքատանան Ուկրաինայի ճգնաժամի պատճառով

03/04/2022

Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները «կարողության կորուստ» է կանխատեսում Գերմանիայի քաղաքացիների համար Ուկրաինայում տիրող ճգնաժամի հետեւանքով:

«Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմը մեզ բոլորից ավելի աղքատ է դարձնում, քանի որ մենք ստիպված ենք ավելի շատ վճարել ներկրվող էներգիայի համար: Այդ կարողության կորուստը չի կարող մարվել պետության կողմից»,- ասել է նախարարը Bild am Sonntag թերթին:

Սակայն, նրա խոսքով, դաշնային կառավարությունը «կմեղմացնի ամենամեծ ցնցումները»: Այդպիսով, բնակչության լայն շերտերը թեթեւություն կզգան, կարիքավորներն աջակցություն կստանան, իսկ սպառնալիքի տակ գտնվող ձեռնարկությունների գոյությունը կապահովվի: «Սակայն քանի որ ֆինանսական ռեսուրսները սահմանափակ են, այդ միջոցները կարող են միայն ժամանակավոր լինել»,- հավելել է նա:

«Ես լուրջ մտավախություն ունեմ տնտեսական զարգացման առնչությամբ: Աճը նվազում է, գները՝ աճում»,- հավելել է նախարարը: Նա նշել է, որ դաշնային կառավարությունն անում է ամեն հնարավորը՝ խուսափելու համար այսպես կոչված՝ ստագֆլյացիայի (իրավիճակը, որում տնտեսական անկումն ուղեկցվում է գնաճով` խմբ.) վտանգից:  

«Երկարաժամկետ հեռանկարում մենք պետք է նոր հիմքեր դնենք բարգավաճման համար: Գերմանիան պետք է թարմացնի սոցիալական եւ էկոլոգիական շուկայական տնտեսության աճի իր մոդելը»,- ասել է նախարարը: