«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


(Տեսանյութ)Լիտվացի գործընկերների աջակցությունը հատկապես ոստիկանների վերապատրաստման գործընթացում.

22/02/2022

ՀՀ ոստիկանության պետի հրավերով փետրվարի 22-ին աշխատանքային այցով Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության դեպարտամենտի գլխավոր կոմիսար-գեներալ Ռենատաս Պոժելայի ղեկավարած պատվիրակությանը նույն օրը ոստիկանության վարչական համալիրում ընդունել է ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, երկու երկրների իրավապահ կառույցների ղեկավարներն ու պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ խոնարհել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։

«Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը ողջունելով հյուրերին՝ ընդգծեց, որ երկու գերատեսչությունների ղեկավարների ամենաբարձր մակարդակով հանդիպումը խոսում է երկու երկրների բարեկամական և արդյունավետ հարաբերությունները նաև իրավապահ ոլորտում ամրապնդելու և զարգացնելու փոխադարձ պարտաստակամության մասին։

ՀՀ ոստիկանության պետը նշեց, որ մշտապետ զգացվել է լիտվացի գործընկերների աջակցությունը հատկապես ոստիկանների վերապատրաստման գործընթացում: Նա նաև խոսեց ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցող բարեփոխումների մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ գլխավոր կոմիսար-գեներալ Ռենատաս Պոժելան, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Հայաստանի ոստիկանության հետ համագործակցությունը Լիտվայի ոստիկանության համար առաջնահերթություն է։

Ռենատաս Պոժելան կարևորելով հանդիպումը՝ վստահություն է հայտնել, որ բարեկամական երկու երկրների իրավապահ կառույցների համագործակցությունը, որն ուղղված է հանցավորության դեմ պայքարին ու անվտանգության ապահովմանը, արդյունավետ է լինելու։

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հանդիպման ավարտին Վահե Ղազարյանն ու Ռենատաս Պոժելան ստորագրել են ՀՀ ոստիկանության և ԼՀ ՆԳՆ ոստիկանության դեպարտամենտի միջև փոխըմբռնման հուշագիր։

Աղբյուրի տեղեկացմամբ՝ նույն օրը Լիտվայի ոստիկանության դեպարտամենտի գլխավոր կոմիսար-գեներալ Ռենատաս Պոժելան ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանի ուղեկցությամբ այցելել է պարեկային ծառայության Երևանի գունդ։

«Պարեկային ծառայության ղեկավարությունը Լիտվայի ոստիկանության պատվիրակությանը ներկայացրեց պարեկային ծառայության մեքենաները, դրանց հնարավորությունները, տեխնիկական հագեցվածությունը, օգտագործվող հատուկ միջոցները և այլն։

Պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը լիտվացի գործընկերներին ներկայացրեց ծառայության ստեղծման պատմությունը, պարտականությունները, ծառայողների սպառազինության ու ծառայության կառուցվածքային մանրամասներ»,-տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը՝ հավելելով, որ Լիտվայի ոստիկանության պատվիրակությունը եղել է նաև պարեկային ծառայության կազմակերպման բաժնում և ծառայողական քննությունների բաժանմունքում։ Հյուրերը ծանոթացել են ստորաբաժանումների աշխատանքին և քննարկել պարեկային ծառայությանն ու համագործակցությանը վերաբերող հարցեր։