«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ուղղակի քաոս էր, տպավորություն է, որ պահեստազորայիններին տանում էին Ջաբրայիլ՝ կոտորելու համար. փորձագետ

17/12/2020

Նոյեմբերի 9-ին եռակողմ ստորագրված հայտարարությունն ամեն մեկն ի զորու է մեկնաբանել այնպես, ինչպես իրեն ձեռնտու է։ Հենց դա էլ անում է ադրբեջանական կողմը՝ փաստացի շարունակելով այն շրջանների և գյուղերի գրավումը, որը պատերազմի ընթացքում չէր գրավել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց անվտանգության հարցերի փորձագետ Արմեն Մանվելյանը՝ անդրադառնալով վերջին օրերին ադրբեջանցիների կողմից ռազմական գործողություններին և զինծառայողների գերեվարմանը։

Արմեն Մանվելյանը նկատեց՝ վերջին օրերի իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ այս փաստաթուղթն իրենից արժեք չներկայացնող մի հայտարարություն է։

Հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ այդ փաստաթղթի կետերին միայն պարտաճանաչ կերպով հայկական կողմն է հետևում՝ տարածքները հանձնելով, իսկ ադրբեջանական կողմը փաստացի խախտում է այն, փորձագետը նշեց՝ սա այն հարցն է, որի պատասխանը իշխանությունները պետք է տան․ «Բացառված չէ, որ կա նաև ստորագրված գաղտնի փաստաթուղթ, որի մասին մեզ չեն հայտնում։ Բացառված չէ, որ տարբեր լուրերի համաձայն՝ կա բանավոր պայմանավորվածություն, որ հայկական կողմը կատարում է։ Շատ հարցեր կան, որոնց պատասխանները ցավոք չունենք։ Ամեն ինչ հնարավոր է, բայց այս պահին հույս ունենք, որ պատերազմը կանգ է առել և այն գյուղերը, որոնք մնացել են, կկարողանանք պահպանել, բայց Ադրբեջանի ագրեսիան շարունակվում է։ Ամենասարսափելին այն է, որ այս իրավիճակում հայկական կողմը դուրս է մղված։ Մինչև հիմա անհասկանալի է, թե հայ զինվորականների վերջին խումբը, որ գերի ընկավ, ինչու հանձնվեցին։ Ինչպե՞ս կարող է զինված անձն ուղղակի հանձնվել։ Որո՞նք են եղել պատճառները, ի՞նչն է ստիպել նրանց չպայքարել»,-ասաց Արմեն Մանվելյանը՝ նշելով, որ այս պահին մենք ինֆորմացիոն վաակումի մեջ ենք գտնվում և իշխանությունները ինչպես պատերազմի ողջ ընթացքում, այնպես էլ հիմա շարունակում են խաբել և տեղեկատվոթյուն չտրամադրել, թե ինչ է կատարվում Արցախի այն շրջաններում, որտեղ իրավիճակը լարված է։ Ընդ որում նույն իրավիճակը նաև Սյունիքի սահմանամերձ շրջաններում է։ Մինչ պաշտոնական լրատվությունն ասում է՝ այնտես ամեն ինչ լավ է, համայնքապետերը հակառակն են պնդում։

Անդրադառնալով հարցին՝ արդյոք այս իրավիճակում վտանգի մեջ չե՞ն նաև մեր այն կամավորները և զինծառայողները, որոնք Արցախի մեզ պատկանող բնակավայրերում են՝ հաշվի առնելով, որ թշնամին կարող է այդ վայրերի ուղղությամբ ևս ագրեսիվ գործողություններ ձեռնարկել, փորձագետն ասաց, որ առաջին հերթին վտանգի տակ է խաղաղ բնակչությունը, և եթե կամավորականները հեռանան, խաղաղ բնակչությունը կենթարկվի կոտորածի․ «Չեմ կարծում, որ ռուսները կմտնեն ռազմական բախման մեջ։ Նրանք խաղաղապահներ են, կողմերից որևէ մեկի հետ երբեք ռազմական բախման մեջ չեն մտնում։ Փորձում է բանակցությունների միջոցով հարցը լուծել, բայց եթե բանակցություններով հարցը չի լուծվում, իր զորքերը հետ է քաշում։ Իր համար առաջնայինն այն է, որ իր ստորաբաժանումներում զոհեր չլինեն»,-ասաց Արմեն Մանվելյանը։

Նրա կարծիքով այսօրվա իշխանությունները մտածում են՝ ինչպես պահեն իրենց աթոռները, մինչդեռ երկրում քաոս է և անիշխանություն, իսկ այդ անիշխանությունն ի օգուտ Ադրբեջանի է։

Անվտանգության հարցերով փորձագետն անդրադարձով նաև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձին։ Նշենք, որ ուղերձի մեջ նախագահը նշել էր, որ թեև Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում պատասխանատվություն է կրում այս իրավիճակի համար, սակայն որևէ մեկին պատասխանատվության ենթարկելիս հարկ է տարանջատել թացը չորից։ Նախագահը նաև հարց է բարձրաձայնում՝ արդյոք ունեցել է ներքին ու արտաքին բավարար հնարավորություններ ու լծակներ այս լայնածավալ պատերազմում լիովին երաշխավորել ԱՀ ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը․ «Եթե Սահմանադրությամբ Հանրապետության նախագահը զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, ապա ու՞մ համար է գաղտնիք, թե իրականում Պաշտպանության բանակն ինչպես ու որտեղից է կառավարվում և թե որքանով է ԱՀ նախագահն ընդգրկված այդ գործընթացներում»,-նշել էր ԱՀ նախագահը։

Արմեն Մանվելյանը նկատեց՝ Արայիկ Հարությունյանի ուղերձում կա միտում՝ սլաքները դեպի վարչապետին ուղղելու․ «Մի հատված էլ ասում է՝ եթե ժամանակին կանխվեր պատերազմը, մենք այսքան զոհեր չէինք ունենա։ Քարը նետեց վարչապետի ուղղությամբ։ Արայիկ Հարությունյանը, հասկանալով, որ իրավիճակը ոչ թե կայունանում է, այլ գնալով էլ ավելի է վատանում, փորձում է տարանջատվել, որ իր անունն այլևս չկապեն գործող անձի հետ և փորձում է փրկել իր աթոռը»,-նշեց փորձագետը։

Հարցին՝ կարո՞ղ ենք ԱՀ նախագահի հեռախոսազրույցի ձայնագրությունից, ինչպես նաև նրա ուղերձից եզրակացնել, որ հնարավոր է միտումնավոր պարտություն է եղել, փորձագետը նշեց՝ այն տեղեկատվությունը, որ պարբերաբար ստանում է, տպավորություն է ստեղծում՝ երկիրը տարել են միտումնավոր պարտության․ «Պետական քարոզչամեքենան հիմա տարբեր ստեր է տարածում։ Խոսում են հինգերորդ սերնդի պատերազմի մասին, սակայն դա կեղծիք է։ Մեր դեմ կռվել է նույն զենքով զինված զորքը, ինչ մենք։ Միակ առավելությունն այդ ԱԹՍ-ներն են, որոնք էլ էֆեկտիվ են հարթավայրերում, բայց չգիտես ինչու այդ ԱԹՍ-ները չաշխատեցին արևելքում։ Մարտակերտը, Քելբաջարը, Աղդամը, Ասկերանը պահեցինք։ Նույն ԱԹՍ-ները կային, բայց Մարտունին էլ կարողացանք պահել, իսկ օրինակ Ջաբրայիլը, Հադրութը չկարողացանք։ Ինչո՞ւ Ջաբրայիլում այդքան զոհեր տվեցինք։ Երբ նայում ենք՝ ինչ է կատարվել Ջաբրայիլում, պարզվում է՝ ուղղակի քաոս էր և տպավորություն է, որ պահեստազորայիններին տանում էին այնտեղ կոտորելու համար։ Մեր ամբողջ ռազմաճակատի միայն մի ճակատն է, որ ճեղք է տվել և այնտեղից նրանք շարժվել են։ Նույնիսկ ռուս փորձագետներն են գրում՝ սա շատ տարօրինակ պատերազմ էր։ Ինչպե՞ս կարող է մի ճակատի ճեղքման հետևանքով ամբողջ բանակը պարտության խայտառակ պայմանագիր կնքի։ Շատ հարցեր կան, որոնց պատասխանները չենք կարող ստանալ։ Միայն այս իշխանությունների հեռացումից հետո, եթե դատական պրոցեսներ սկսեն, կկարողանանք մի շարք հարցերի պատասխաններ ստանալ»,-ասաց Արմեն Մանվելյանը։

Աղբյուր` Փաստինֆո