«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պաշտպանել Հայաստանի երկինքը ֆրանսիական ՀՕՊ համակարգով․ Սամվել Բաբայան

24/10/2023

Ֆրանսիական ՀՕՊ միջոցներով և զենիթահրթիռային համակարգերով հնարավոր կլինի Հայաստանի երկինքը պաշտպանել և ճնշել ադրբեջանական ԱԹՍ-ները: Այս մասին «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում ասել է ԼՂ «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը` հավելելով, որ նման զենքի գնումը ճիշտ է համարում:

Նա, մասնավորապես, նշել է. «Ուղղակի ես մանրամասն չգիտեմ, թե որ սերնդի զենքն են գնել: Ես ժամանակին՝ 2021-ին, մի քանի բառով վարչապետին գրել էի այդ ընկերության հետ համագործակցության մասին: Ֆրանսիական այդ ընկերության մոտ էլեկտրոնիկան շատ հզոր զարգացած է: Ասենք նույնիսկ ԱԹՍ-ներին ճնշի, թույլ չտա, որ գոտի մտնեն: Կոնկրետ չգիտեմ ինչ են գնել, ուրախ եմ, որ ի վերջո այդ զենքերը գնելու հնարավորությունը Հայաստանն ունեցավ՝ հրթիռային համակարգ՝ թե՛ խփելու, թե՛ պաշտպանվելու: Սա համարում եմ ճիշտ գնում»:

Բաբայանի խոսքով՝ «ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը գոյություն չունի վաղուցվանից»։

«2020 թվականի պատերազմից հետո դա չկա, որևէ օգնություն, որևէ զենք չի տրամադրվել: Դրա համար Հայաստանը որոշել է իր համար իր հակաօդային պաշտպանության ուժերը թարմացնել և ընտրել այն զենքերը, որոնք իրեն հարմար են և ինքը ճիշտ է համարում»,- ասել է նա։

Բաբայանը հավելել է, որ Ռուսաստանին փող է տրվել զենք մատակարարելու դիմաց, ինչը չի արվել. «Իրենք այնքան զբաղված են Ուկրաինայում, որ չեն կարող մատակարարել, իսկ մենք էլ չենք կարող նստել, սպասել, թե երբ են մատակարարելու»:

Նա նաև նշել է, որ խնդիր չի տեսնում, որ Հայաստանի ԶՈւ ՀՕՊ համակարգը լինի ֆրանսիական, իսկ հրետանային համակարգերը, օրինակ, հնդկական: