«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կուսումնասիրեն հակաուռուցքային դեղամիջոցների շարքին պատկանող միացություններ, որոնք արգելակում են ուռուցքի աճը. գիտական թեմա ԵՊՀ-ում

27/01/2022

ԵՊՀ կենսաբանության ԳՀ ինստիտուտի կառուցվածքային կենսաֆիզիկայի միջֆակուլտետային գիտահետազոտական լաբորատորիայի անդամները ներկայացրել են «Հակաքաղցկեղային ալկիլացնող դեղերի համակցված ներգործությունը ԴՆԹ-ի կառուցվածքը և փաթեթավորումը կարգավորող ֆերմենտների ակտիվության վրա» գիտական թեման: Ծրագրի ղեկավար, լաբորատորիայի գիտաշխատող Անուշ Ասատրյանը պատմեց, որ քաղցկեղի բուժման ընթացքում լայնորեն կիրառվում է բլեոմիցին-ցիսպլատին համակցված կամ մուլտի-ագենտային քեմոթերապիան, ինչը թույլ է տալիս նվազեցնել կիրառվող նյութերի կուտակումն առողջ բջիջներում, մեծացնում բուժման արդյունավետությունը և նվազեցնում ցիտոտոքսիկ նյութերի կողմնակի ազդեցությունը: «Ակնկալվող տվյալների շնորհիվ մշակվելու են բլեոմիցին-ցիսպլատին կոմբինացված քեմոթերապիայի նոր սխեմաներ նվազագույն դեղաչափերի կիրառությամբ, ինչն արգելակելու է այդ միացությունների ազդեցությունն առողջ հյուսվածքների և օրգանների վրա»,- նշեց Ա. Ասատրյանը: Հակաուռուցքային դեղամիջոցների շարքին պատկանող միացությունների ստվար խմբի գործունեությունն ուղղված է բջիջների բազմացման արգելակմանը: Այդպիսի ազդեցություն ունեն ալկիլացնող միացությունները, որոնք, կովալենտ կապեր առաջացնելով ԴՆԹ-ի հետ, խաթարում են բջիջների գործունեությունը և, ի վերջո, արգելակում ուռուցքի աճը:

Ծրագրի ղեկավարի համոզմամբ, սպասվող արդյունքը բացահայտելու է այն փոփոխականները, որոնք սահմանափակում են բարձր դեղաբաժիններով կիրառվող ցիսպլատինի և այլ ցիտոտոքսիկ դեղերի կուտակումն առողջ բջիջներում: Թեման ֆինանսավորման է երաշխավորել ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն:

ԵՊՀ