«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

"Ադրբեջանի գոյությունն այս տարածաշրջանում վտանգում է բոլոր հարևան երկրների խաղաղությունը". բ․գ․թ․ Ահարոն Վարդանյանը

07/03/2022

Generalnews.am-ի հյուրն է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս, բ․գ․թ․ Ահարոն Վարդանյանը

 

- Հաշվի առնելով վերջին միջադեպը, երբ  ադրբեջանցի պատգամավորները Երևանում փորձեցին իրանական Կապույտ մզկիթը ներկայացնել իբրև <<հին ադրբեջանական մշակութային կոթող>>՝ կարևոր ենք համարում անդրադառնալ հայ-իրանական մշակութային փոխառնչություններին։ Մի փոքր խոսենք հայ-իրանական մշակութային հարաբերությունների պատմությունից։

- Հարցն ինքնին ծավալուն է, և եթե, մանրամասն ներկայացնեմ, իսկապես, ժամանակատար կլինի․ փորձեմ հակիրճ լինել։ Հայ-իրանական մշակութային հարաբերություններ հազարամյակների պատմություն ունեն։ Հայ-իրանական սահմանն աշխարհի հնագույն սահմաններից է․ թեև ժամանակի ընթացքում որոշակի փոփոխություններ է կրել, սակայն հայ և իրանցի ժողովուրդները մշտապես ապրել են կողք-կողքի, և բնականաբար, ազդվել են միմյանցից։ Հայերն ու պարսիկներն իրար տվել և իրարից վերցրել են տարբեր մշակութային արժեքներ ու, ինչու ոչ, հարազատ են դարձել նաև լեզվամտածողության, ծեսերի, որոշ ավանդույթների առումով։ Հատկապես, երբ խոսում ենք նախաքրիստոնեական շրջանի մշակույթի մասին, այստեղ հայ-իրանական նմանություններ առավել ակնառու են դառնում։ Բազմաթիվ են հայ-իրանական մշակութային առնչությունների թելերը, դրանցից մեկի լավագույն ապացույցը Երևանի կապույտ մզկիթն է, որը Յունեսկոյի մշակութային ժառանգության ցանկում է ընդգրկված։ Այն լինելով շիական մզկիթ՝ ինչ-որ տեղ հայկական մշակութային արժեք է հանդիսանում, քանի որ, ի վերջո, գտնվում է Երևանում, պահպանվում է մեր պետության կողմից։

- Իրանի ու Հայաստանի կրոնական առանձնահատկությունները հաշվի առնելով՝ կան արդյո՞ք տարածաշրջանային և միջազգային կրթական, մշակութային նախագծեր, որոնց շուրջ կողմերը համագործակցում են։

- Անշուշտ, այստեղ կարևոր է կրոնի դերը, քանի որ մեր հարևան Իրանը կրոնապետություն է։ ՀՀ-ն էլ աշխարհի առաջին քրիստոնյա պետությունն է, ճիշտ է՝ մեզ մոտ կրոնն առանձնացված է կառավարման համակարգից, սակայն հայերիս կյանքում քրիստոնեությունն ու քրիստոնեական արժեքներն էական դեր ունեն։ Նշեմ, որ օրինակ, եթե Իրանում ցանկանում են ասել <<քրիստոնյա>>, ասում են հայ։ Իրանցու համար քրիստոնյան առաջին հերթին հայն է։ Եթե փորձենք առանձնացնենք տարբեր հարթակներում, այդ թվում՝ միջազգային հարթակում, առկա նախագծերը, ասեմ, որ եղել են և կան կրոնների երկխոսության վերաբերյալ քննարկումներ, համատեղ իրականացված միջոցառումներ թե´ Կապույտ մզկիթում, թե´ Էջմիածնում, և դրանք կարևոր ուղերձ են պարունակում՝ ուղղված ժամանակակից աշխարհին, թե ինչպես կարող են տարբեր կրոններ փոխգոյակցել միմյանց կողքին։ Մշակութային երկխոսության հետ կապված նշեմ, որ հենց ԵՊՀ իրանագիտության ամբիոնն էլ ունի բազմաթիվ պայմանագրեր, փոխըմբռնման հուշագրեր իրանական բուհերի՝ Թեհրանի, Շիրազի, Գիլանի համալսարանների, գիտակրթական հիմնարկների հետ, այստեղ կարևորն այն է, որ վերոնշյալը համարվում է ժողովրդական դիվանագիտության փայլուն օրինակ։ Պետական մակարդակով ևս կան նմանատիպ ծրագրեր, հատկապես երկու երկրների կրթության նախարարությունները հաճախակի են իրականացնում կրթամշակութային միջոցառումներ, ուսանողների փոխանակման ծրագրեր կան և այլն։ Իհարկե, այս հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ, ուստի այս ուղղությամբ համագործակցությունը մշտապես պետք է լինի պետության ուշադրության կենտրոնում։

- Անդրադառնանք Արցախում իրանական մշակութային հետքին, և պատերազմից հետո իրանական հուշարձանների արդի վիճակին։

- Պատերազմից հետո Արցախում այնպիսի վիճակ է ստեղծվել, որ թե´ հայկական, թե´ իրանական հուշարձաններ էականորեն տուժել են և վտանգվել։ Ադրբեջանական բարբարոս ռեժիմը փորձում է դրանք լիովին վերացնել՝ այդպիսով ջնջելով հայ-իրանական մշակութային հետքը, խեղաթյուրել տարածաշրջանի պատմությունը։ Օրինակ, Շուշիի մզկիթը, որն իրանական մշակույթի փայլուն օրինակ է, վերականգնվել էր մինչ պատերազմը, սակայն այս պահին այդ հուշարձանի վիճակի մասին ստույգ տեղեկություն չկա, եթե լինի էլ՝ աղբյուրը լինելու է ադրբեջանական, ուստի, ինձ թույլ կտամ, այն որակել որպես ոչ ճիշտ և միակողմանի։ Իհարկե, տրամաբանությունն հուշում է, որ այդ մզկիթն էլ է վտանգված, քանի որ ադրբեջանցիներն այն փորձելու են ներկայացնել որպես <<ադրբեջանական մշակութային ժառանգություն>>։

Կուզեի անդրադառնայիք նաև Իրանում հայկական մշակութային հուշարձաններին, և ընդհանրապես Իրանի հայկական համայնքում հայկական մշակույթի զարգացման տեմպերին։ 

- Իրանում կան մի շարք հայկական մշակութային գլուխգործոցներ, օրինակ Ս․ Ստեփանոսի, Ս․ Թադեի վանքերը,  Ծործորի եկեղեցին, Թեհրանի և Նոր Ջուղայի, Խոյի, Սալմաստի հայկական վանքերը և այլն։ Ասեմ, որ բոլոր հայկական հուշարձանները շատ լավ են պահպանվում Իրանական պետության կողմից։ Օրինակ, Ս․ Ստեփանոսի և Ս․ Թադեի վանքերը ներգրավված են Յունեսկոյի մշակութային ժառանգության ցանկում։ Ծործորի վանքի առնչությամբ նշեմ, որ ջրամբարի կառուցման վայր էր դա, բայց իրանական կողմը հատ առ հատ եկեղեցու քարերը հանել և նույնությամբ կառուցել են ավելի բարձրադիր վայրում։ Ես ականատես եմ եղել Իրանում մեր մշակութային ժառանգության նկատմամբ մեծ հոգատարությանն ու խնամքին։ Իհարկե, կան նաև որոշ մարտահրավերներ․ դա այն է, որ հենց Իրանում գնալով պակասում է հայ համայնքը, ինչը պայմանավորված է մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներով։

- Կուզեի որպես մասնագետ լսել Ձեր կարծիքը՝ ինչպե՞ս անդրադարձավ վերջին միջադեպը (պատգամավորների կողմից Կապույտ մզկիթն ադրբեջանական որակելը) Իրան-Ադրբեջան հարաբերությունների վրա։ Եղա՞ն արդյոք համարժեք պատասխաններ։

- Ադրբեջանցի պատգամավորների <<երևանյան արկածներին>> իրանական կողմը տվեց կտրուկ և համարժեք պատասխաններ։ Նախ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատունն արձագանքեց, այնուհետև եղան արձագանքներ իրանական ազգայնականների կողմից, մամուլի վերլուծության տեսքով ևս խիստ պատասխաններ հնչեցին։ Հետաքրքիր էր ԻԻՀ դեսպանատան պատասխանը, որում քամահրանքով նշվեց, որ եթե Կապույտ մզկիթն ադրբեջանական է, ապա հորդորում էր ադրբեջանցիներին կարդալ մզկիթի պարսկերեն արձանագրությունը։ Իրանցիները մեկ անգամ ևս հասկացրին, որ պատրաստ են պայքարել իրենց մշակույթի խեղման կամ յուրացման փորձերի դեմ։ Հերթական միջադեպը ապացուցեց, որ ադրբեջանական պետությունը հետ չի կանգնում պատմությունն ու մշակույթը խեղելու փորձերից։ Սա իր հերթին ապացուցում է, որ Ադրբեջան կոչվածը քաղցկեղածին երևույթ է և այն պետք է տարրալուծվի իրական պետությունների միջև։ Ադրբեջանի գոյությունն այս տարածաշրջանում վտանգում է բոլոր հարևան երկրների խաղաղությունը, քանի որ նրանք ամեն օր գողանում և յուրացնում են անխտիր բոլոր հարևաններից։

Հարցազրույցը վարեց «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ, պ․գ․թ․, դոցենտ Մարինե Գևորգյանը