«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բ. Թունյան. «Հնարավոր է` բուքմեյքերական ընկերությունները չկարողանան Հայաստանում գովազդ տեղադրել»

17/04/2021

Կառավարությունը բուքմեյքերական ընկերությունների գովազդի սահմանափակումների քաղաքականություն է որդեգրել: Խորհրդարանը կառավարության առաջարկով առաջին ընթերցմամբ ընդունել է «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծ` լրատվական կայքերում տեղադրված վիճակախաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների գովազդների ցուցադրման գրաֆիկը սահմանափակելու պահանջով, ըստ որի՝ դրանք կարող են հրապարակվել միայն երեկոյան ժամը 22:00-ից մինչև առավոտյան 7-ն ընկած ժամանակահատվածում: Նաև հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով արգելվում է շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի ցանկացած տեսակի գովազդը, այդ թվում՝ ռադիոյով և  հեռուստատեսությամբ։
Փոփոխությունները լրատվամիջոցների ներկայացուցիչների վրդովմունքն է առաջացրել. շատերը պնդում են, որ այս կերպ իշխանությունները փորձում են ազատվել իրենց համար ոչ ցանկալի լրատվամիջոցներից: Թեմայի շրջանակում hetq.am-ը զրուցել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Իմ քայլը խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հետ:
-Պարո'ն Թունյան, ինչու՞ առաջացավ նման փոփոխության անհրաժեշտությունը, փոփոխությունը ԶԼՄ-ներին ֆինանսական եկամտից զրկելու՞ նպատակ ունի, թե՞ տոտալիազատորների դեմ պայքարի շրջանակում է:
-Նախ, ներկայացնեմ նախապատմությունը, 2019 թվականին «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ եղան, ու բուքմեյքերների գովազդը սահմանափակվեց, այդ թվում կարգավորում եղավ, որ պետք է գովազդի մակերեսը կայքէջի 20%-ից ավելին չլինի: Կային դեպքեր, երբ մարդը մուտք էր գործում  լրատվական կայք, ու ամբողջ էկրանը ծածկվում էր գովազդով: Անգամ այն ժամանակ կարգավորումները շատ ավելի խիստ էին, բայց հաշվի առնելով ԶԼՄ ներկայացուցիչների, գովազդային գործակալությունների կարծիքները՝ օրենքի հեղինակները ընդառաջեցին և մեղմացումներ արեցին: 
Սակայն դեռ այն ժամանակ ֆինանսների նախարարությունն ասում էր, թե տեխնիկապես դժվար է լինելու 20 տոկոս սահմանաչափը վերահսկել, հնարավոր չէ յուրաքանչյուր բուքմեյքերական կազմակերության գովազդ մակերեսով չափել, հատկապես այն դեպքում, երբ գովազդների դիզայնները տարբեր են: Ուստի նախարարությունն առաջարկեց սահմանափակման ձևը փոխել` կիրառելով ժամային սահմանափակում: Ասում է` ուզում ես 20%-ի փոխարեն 50% դիր, բայց ժամեր է սահմանում, ժամերի տրամաբանությունն էլ այն է, որ երեխաները, պատանիները ավելի քիչ է հավանական, որ տեսնեն այդ գովազդները: Հաշվարկն այնպես է արվել, որ լսարանը, այնպես թե այնպես, շատ չի փոքրանում, ավելի շատ տեխնիկական փոփոխություն է, քան` բովանդակային: Ընդ որում՝ սահմանված է վեց ամիս ժամկետ, որ այդ վեց ամսվա ընթացքում կայքերը ժամանակ ունենան տեխնիկական ծրագրային փոփոխություններ անել: Սա է օրենքի հիմնական նպատակը, որը լրատվամիջոցներին լռեցնելու ոչ մի նպատակ չունի:
ԶԼՄ ներկայացուցիչները, սակայն, պնդում են, որ տոտալիզատորների ժամային սահմանափակումներն իրենց վրա մեծ ազդեցություն է ունենալու, հիմնական ֆինանսական եկամտից զրկվելու են, և այս կերպ իշխանությունը փորձում է հիմնական գովազդներն ապահովել իշխանական ԶԼՄ-ների համար:
- Հասկանալի է, որ լրավամիջոցները պետք է սեփական եկամուտների տեսանկյունից խոսեն, ինչը բնական է, բայց պետությունն էլ նայում է իր տեսանկյունից: Որովհետև հնարավոր է կայքի համար ձեռնտու է, որ ամբողջ կայքը ծածկվի բուքմեյքերական ընկերությունների գովազդով, բայց դրանց ագրեսիվ գովազդը բերում է բուքմեյքերական խաղադրույքների ավելացման, ինչ մեր թե' տնտեսության, թե' ժողովրդագրական, թե' սոցիալական առումներով շատ բացասական ազդեցություն է ունենում: Մեզ ասում են, թե՝ արդյոք ուրիշ տարբերակ չկա բուքմեյքերների դեմն առնելու:
Տարբերակներից մեկը գովազդն է ու, երևի թե, ամենաէֆեկտիվը, որովհետև մենք տեխնիկապես օնլայնը չենք կարող արգելել, մարդիկ միևնույն է մտնելու են էդ կայքերը` տարբեր հավելվածներ օգտագործելով: Մենք բուքմեյքերական գրասենյակները սահմանափակեցինք, փորձը ցույց տվեց, որ օնլայն տարբերակով ավելի շատ սկսեցին խաղադրույքներ անել: Միակ ձևը, որ նոր խաղացողների ներգրավումը կանխենք, գովազդների սահմանափակումն է, ու լրատվամիջոցներին ավելի շատ մտահոգում է ոչ թե այս փոփոխությունը, որ 20%-ը  դառնում է ժամային, այլ ավելի շատ այն փոփոխությունը, որը դեռ հանրային քննարկման փուլում է: 
Իսկ այդ փոփոխությունն ասում է, որ եթե ինտերնետ շահումով խաղերի վերաբերյալ գովազդի բացառություն կար, կարողանում են գովազդել թեկուզ որոշ ժամային սահմանափակումներով, ապա նախատեսվում է բացառությունը վերացնել: Այսինքն՝ ընդհանրապես հնարավոր է բուքմեյքերական ընկերությունները չկարողանան Հայաստանում գովազդ տեղադրել: Լրատվամիջոցների  անհանսգտությունը սրա հետ է կապվում:
Եթե բուքմեյքերների գովազդը շատ է, մարդիկ ավելի շատ են խաղում, եթե շատ են խաղում, նշանակում է մարդը փողը կարող էր օգտագործել  կահույք, հագուստ գնելու կամ ռեստորան գնալու վրա, սակայն պարտվում է: Իսկ եթե այդ գումարն ուղղեր այլ ծախսերին, օրինակ, էդ նույն կահույք արտադրողը կարող է հենց ինքը ԶԼՄ-ում գովազդ տեղադրեր: Այսինքն՝ այս ամենը փոխկապակցված է: Այն մի քանի միլիարդ դրամը, որ գովազդային բյուջեի ձևով մտնում է ԶԼՄ-ներ, մեր տնտեսությանը հարյուրապատիկի չափով վնաս  է տալիս: Մենք չենք ուզում որևէ մեկը փակվի կամ ֆինանսական դժվարություններ ունենա, բայց պիտի նաև պետության շահը հաշվի առնել: Եթե էդպես լինի, պետք է ալկոհոլային խմիչքների գովազդն էլ թույլատրենք, ծխախոտի գովազդն էլ:
Ըստ Ձեզ՝ տոտալիզատորների գովազդի փոխարեն ի՞նչ այլընտրանքային տարբերակ կա ԶԼՄ-ների ֆինանսական խնդիրների լուծման համար:
-Քանի որ ես ԶԼՄ դաշտից եմ եկել խորհրդարան, որպես գործընկեր՝ ասում եմ, որ ԶԼՄ-ները շատ ավելի մեծ խնդիր ունեն, որի մասին պետք է մտահոգվեն: Դա որակյալ լրագրության պակասն է: Ամենաթարմ օրինակը ասեմ, երբ կառավարությունը հավանություն տվեց պետական պաշտոնյաների սոցիալական երաշխիքների մասին օրենքում փոփոխությանը, դա գրեթե բոլոր լրատվամիջոցները ներկայացրեցին այսպես, որ բարձրաստիճան պաշտոնյաների երեխաներն ու կանայք հնարավորություն կունենան գնալ լողավազաններ: Եւ անգամ պարզաբանելուց հետո շարունակում էին նույն գործելաոճը: Ուստի իրենք ավելի շատ պետք է մտահոգվեն լարանին օբյեկտիվ ու ճշգրիտ ինֆորմացիա փոխանցելու համար: Գիտեմ` հնարավոր է ինձ անագանքի սյունին գամեն, բայց իրականությունը դա է: Ես մատերի վար կարող եմ հաշվել ԶԼՄ-ների, որոնք փորձում են խնդիրը հասկանալ, էլ չեմ ասում ԶԼՄ-ներին, որ բացատրելուց հետո շարունակում են նույն գիծը: 
Եթե լրատվամիջոցն իր հիմնական նպատակին չի ծառայում` օբյեկտիվ ինֆորամցիա չի տալիս, ինչի՞ պետք է պետությունն իր համար արտոնյալ պայմաններ ստեղծի:
ՀՌԱՀ նախագահը նույնպես քննադատում էր հանրային քննարկման ներկայացված նախագիծը` պնդելով, որ այն նախ պետք է շահագրգիռ կողմերի հետ քննարկվեր:
-Այդ նախագիծը դեռ հանրային քննարկման փուլում է, այն բավական լայն քննարկումների շրջանակ է:
Ես հասկանում եմ, որ եթե մարդը մի ոլորտի պատասխանատու է, իրեն ոլորտի խնդիրները հետաքրքրում են, բայց մյուս շահերը ևս պետք է հաշվի առնենք որ որոշումը լինի բալանսավորված:
Մենք հո լրատվամիջոցնրեի թշնամինե՞րը չենք, ոչ էլ՝ տան սեփականատերերի, երբ օրենք ենք ընդունում գույքահարկի մասին: Կամ տնտեսական մրցակցության մասին օրենք ենք ընդունում, ստացվում է` պատգամավորները տնտեսվարողների թշնամիներն են: Որոշումներ են ընդունվում, ու դու գիտես, որ, մեկ է, ինչ-որ խումբ դժգոհ է լինելու, չկա մի որոշում, որից դժգոհ չլինի որևէ խումբ: