«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Միջազգային հանրության լռությունը սպանում է՝ 1915-ին, նաև այսօր. Լորենա Լոպես դե Լակայե

24/04/2021

Բասկերի երկրի ներկայացուցիչ, «Եվրոպայի ազատ դաշինք»-ի նախագահ Լորենա Լոպես դե Լակայեն նկատում է, որ Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունն ու Ադրբեջանի կողմից՝ որպես պետական քաղաքականություն իրականացվող ատելության սերմանումը Հայաստանը թողնում են երկու բռնապետական ռեժիմների արանքում՝ շեշտելով միջազգային հանրության միջնորդության կարևորությունը: Նա նման տեսակետ է հայտնել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առիթով «Արմենպրես»-ին տրամադրված տեսաուղերձում:

«Հայ ժողովրդի սիրելի ընտանիք, այդպես եմ անվանում, որովհետև եղբայրական ժողովուրդները կարող են ընտանիք համարվել։ Ազգային սգի ձեր այս օրը՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, որն ուղեկցվել է միլիոնավոր մարդկանց մահերով, սարսափելի տանջանքներով և արտաքսումներով, Բասկերի երկրից և Բրյուսելից՝ որպես «Եվրոպայի ազատ դաշինքի» նախագահ՝ Եվրոպայի քաղաքական կուսակցության, որը միավորում է ինքնորոշման իրավունքը սատարող եվրոպական 19 պետությունների և 46 կուսակցությունների, ձեզ ենք հայտնում մեր համերաշխությունը»,-ասաց Լոպես դե Լակայեն:

Նա նկատեց, որ այս տարին նախորդների նման չէ․ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից միջազգային իրավունքի խախտումն ու արհամարհումը հանգեցրել էին պատերազմի Արցախում։ «Միջազգային հանրության լռությունը սպանում է՝ 1915-ին և նաև այսօր։ Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունն ու մահմեդականացումը մի կողմից, Ադրբեջանի կողմից՝ որպես պետական քաղաքականություն իրականացվող ատելության սերմանումը մյուս կողմից, Հայաստանը թողնում են երկու բռնապետական ռեժիմների արանքում՝ Թուրքիայի և Ադրբեջանի, որի նպատակը շարունակում է  մնալ նույնը՝ կյանքի կոչել պանթուրքիզմը։ Եվրոպական միությունն ու նրա անդամ երկրները չեն կարող անհաղորդ մնալ հրադադարի համաձայնագրի խախտումների նկատմամբ»,-ասաց նա:

Կուսակցության նախագահը նրանց միջնորդությունը չափազանց անհրաժեշտ համարեց՝ Ադրբեջանի կողմից համաձայնագրերի իրականացումը պահանջելու համար: «Այսինքն՝ Ադրբեջանում գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց ազատ արձակումը, Լեռնային Ղարաբաղի տեղահանված բնակչության վերադարձն իրենց բնակավայրեր և այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք կբերեն երկխոսության և հակամարտությունների խաղաղ կարգավորման՝ համաձայն միջազգային իրավունքի։ Այստեղից մեր համերաշխության ողջույնն  ենք հղում հայ ժողովրդին, նրա սփյուռքին և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին»,-ասաց նա: