«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիայի հրդեհները կհասնե՞ն Հայաստան․ ԱԻՆ-ն ուժեղացված ծառայություն կիրականացնի

05/08/2021

ԱԻՆ-ը օգոստոսի 6-ից կանցնի ուժեղացված ծառայության, Հայաստանի սահմանամերձ  և հրդեհավտանգ գոտիներում մասնագետները արտակարգ ռեժիմով կիրականացնեն մշտադիտարկում, «Ռադիոլուր»-ին փոխանցում է ԱԻն Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետ գնդապետ Արմեն Գևորգյանը․

«Ուժեղացված ծառայությունը պայմանավորված է հարևան երկրներում առաջացած հրդեհներով, մեր երկիր ներթափանցելու վտանգով, նաև՝ որ մեզ մոտ չառաջանա հրդեհ և չտարածվի հարևան երկրներ, որովհետև բարձր ջերմային ֆոն է նկատվում»,-ասում է Արմեն Գևորգյանը։

Թուրքիայում պայքարը երկրում մոլեգնող անտառային հրդեհների դեմ՝ առայժմ արդյունք չի տալիս։ Կրակը հասել է Էգեյանի ծովից ոչ հեռու գտնվող էլեկտրակայանին, որն աշխատում է ածուխով և ռազմավարական նշանակություն ունի Թուրքիայի համար:

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի կարծիքով՝ հրդեհները արհեստածին են։ Նպատակը,- ասում է, -Թուրքիայում հակաիշխանական, հակաԷրդողանական տրամադրություն ստեղծելն է, նաև առողջարանային տարածքներն այրելով՝ ինչպես տնտեսությանը վնաս հասցնելը, թիրախավորվում են նաև երկրի էներգետիկ կառույցները։ Թուրքիայում փորձում են պարզել, թե ո՞վ է մեղավոր հրդեհների համար, CNN TÜRK-ը հայտնում է, որ ոստիկանությունը արդեն ձերբակալել է երկու ռուս տուրիստի, որոնք զբոսնել են Անթալիայում, մերձքաղաքային անտառում։ Նրանց կասկածում են անտառային հրդեհների կազմակերպման մեջ․ Կարեն Հովհաննիսյան․

«Կարևոր չէ, թե ո՞վ է հրդեհում, կարևոր է, թ ե ո՞վ է պատվիրում հրդեհը։ Ես կարծում եմ, որ դրանք խաղացող երկրներն են, իսկ հրդեհ կարող են կազմակերպել տարբեր մարդիկ, միգուցե դրանք քրդեր լինեն կամ ուրիշ ազգի ներկայացուցիչներ, բայց պատվիրատուները խաղացող պետություններն են»,-ասում է Կարեն Հովհաննիսյանը:

Կարեն Հովհաննիսյանը չի բացառում հնարավորությունը, որ հրդեհները հասնեն նաև Հայաստան․

«Այս պահի դրությամբ հրդեհները տարածվում են Թուրքիայի հարավային և հարավարևելյան քրդաբնակ նահանգներ, և ռիսկ կա, որ մենք էլ կարող ենք հայտնվել այս վտանգավոր գոտում»,-ասում է Կարեն Հովհաննիսյանը։

«Հայաստանի անտառներ» կազմակերպության տնօրեն Նազելի Վարդանյանը Թուրքիայի հրդեհներից Հայաստանի անտառներին սպառնացող վտանգ չի տեսնում։ Ասում է՝ տարին երաշտային է ամբողջ աշխարհում, հրդեհներ են նաև Հունաստանում Ռուսաստանում, Եվրոպայում։ «Հայաստանում հրդեհի բռնկման վտանգ կա, բայց վտանգը ոչ թե երկրի սահմաններից դուրս է, այլ երկրի ներսում»,-ասում է Նազելի Վարդանյանը․

«Թուրքիայի հետ սահմանում հրդեհավտանգ որևէ ռիսկ չկա, չգիտեմ, թե այդ գաղափարը որտեղից է եկել, այս տարի երաշտային տարի է, մենք ներքին շատ խնդիրներ ունենք»,-ասում է Նազելի Վարդանյանը։

Հայաստանում անտառատնտեսությունը վտանգի տակ է անկախ հրդեհներից։ 2018թ․ անտառների պետական հաշվառման արդյունքներով անտառները կազմում են մեր երկրի տարածքի ընդամենը 11.1 %-ը, շատ անտառներ հատուկ պահպանության տակ են․ բնության հատուկ պահպանվող տարածքների շուրջ 90%-ը հենց անտառներ են։ «Հայաստանի անտառներ» ՀԿ տնօրենը, ԱԻՆ-ը հորդորում են պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, անտառածածկ տարածներում չթողնել ծխացող կրակներ, ծխախոտի չմարած գլանակներ, պլաստիկ շշեր, որովհետև փոքր անզգուշությունն անգամ կարող է բնապահպանական աղետի պատճառ դառնալ։