«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թունավորման հերթական դեպքը․ ինչո՞ւ շնչառական վարակից բուժվող երեխաները աղիքային վարակ ձեռք բերեցին

14/06/2021

Հերթական թունավորումը՝ կրկին հիմնականում երեխաների շրջանում։ Այս անգամ աղիքային վարակը երեխաների մոտ ի հայտ է եկել, երբ նրանք սուր շնչառական վարակով Մարտունու հիվանդանոցում էին բուժում ստանում։ Մարտունու հիվանդանոցից 13 երեխա աղիքային վարակին բնորոշ ախտանիշերով տեղափոխվել են Երևանի Նորքի ինֆեկցիոն։ Բժիշկները նրանց վիճակը գնահատում են միջին ծանրության՝ բավարար։  

Ինչպե՞ս ստացվեց, որ  սուր շնչառական վարակով հիվանդ երեխաները Մարտունի ԲԿ-ից աղիքային վարակին բնորոշ ախտաշաններով հայտնվեցին Երևանի ինֆեկցիոնում։ Խնդիրը դեռ փորձում են պարզել պատկան մարմինները։ Մինչ այդ Մարտունի ԲԿ–ի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը «Ռադիոլուրին» թունավորման հնարավոր վարկածներն է թվարկում՝ խմորեղենի հյուրասիրություն պալատից պալատ կամ բռնկում ինֆեկցիայի վարակակիր խնամակալ մորից։ Բոլոր հնարավոր նմուշները երկու բժշկական կենտրոններից վերցվել են, ուղարկվել  Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն։

«Երեխաների վիճակը գնահատվում է միջին ծանրության և բավարար։  Հետազոտությունների համար պահանջվող բոլոր նմուշները վերցված են և ուղարկված ՀՎԿԱԿ՝ պատճառները պարզելու համար»։

Մարտունի ԲԿ-ի հիվանդանոցի մանկական բաժանմունքում վերին շնչուղիների ախտահարման և բրոնխիտի դեմ բուժվող 13 երեխա աղիքային վարակին  բնորոշ ախտանշաններով՝ ընդհանուր թուլություն, փսխում տեղափոխվել էր Երևանի «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային  կենտրոն», «Ռադիոլուրին» մանրամասները ներկայացրեց կենտրոնի փոխտնօրեն Նաիրա Ստեփանյանը։ Ձեռնարկված միջոցներով կանխել են երեխաների ջրազրկումը։

«Երեխաներից երկուսն առաջին օրն ընդունվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որովհետև արդեն ջրազրկված էին։ Համապատասխան միջոցառումներից հետո երեխաների վիճակը կայունացել է և հաջորդ օրն արդեն տեղափոխվել են ընդհանուր ինֆեկցիոն բաժանմունք»։

Այոս անգամ էլ խնդրի պատճառները փորձում է պարզել միանգամից պետական մի քանի կառույց։ Առողջապահության նախարարությունից հայտնում են՝ բուժանձնակազմից եւս վերցրել են մանրէակրության նմուշներ։  Առողջապահական և  աշխատանքի ու Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինները վերահսկողական իրենց գործառույթների շրջանակում, մինչ արդյունքների մասին խոսելը, նախ հորդորում են բնակչությանը շոգ եղանակին հատկապես զգոն լինել հակահամաճարակային և հիգիենայի կանոնների պահպանման հարցում։ Առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական խումբն արդեն ԲԿ-ում վարույս սկսելու համար ուսումնասիրություն է սկսել։

Իսկ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը գրավոր դիմում դեռ չի ստացել, սակայն աշխատում է առողջապահական ոլորտի մարզային  գործընկերների հետ։ Տեղեկատվություն ստանալուն պես կձեռնարկեն քայլեր՝ «Ռադիոլուրին» ասում է տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը։ Վերջին շրջանում թունավորման դեպքերի ավելացումը տեսչական մարմնի ներկայացուցիչը բացատրում է շոգերով։ 

«Եվս մեկ անգամ հորդորում եմ մեր քաղաքացիներին՝ խստագույնս պահպանել հիգիենայի կանոնները ինչպես մթերքը ձեռք բերելիս, տեղափոխելիս, այնպես էլ պատրաստման ընթացքում՝ զերծ մնալու անցանկալի երևույթներից։ Բոլորս գիտենք, որ խանութներում վաճառվող սննդամթերքի ժամկետը դեռ թարմության երաշխիք չէ հետագայում դրա պատրաստման ընթացքում դրա որակական  հատկանիշների փոփոխման համար։ Հորդորում եմ հետևել թե՛ սառնարանում պահպանման, թե՛մատուցման ընթացքում հիգիենայի կանոններին»։  

Ամեն տարի այս եղանակին սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ուժեղացնում է հսկողությունը թե՛ իրացման ցանցերում, թե՛ հանրային սննդի իրացման կետերում։ Սակայն նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ, միևնույն է, այս եղանակին դեպքերի ավելացում նկատվում է, ասում է․

«Թե՛ Երևանում, և թե՛ մարզերում  իրականացվում են պլանային ստուգումներ, և դրան զուգահեռ՝  մենք իրականացնում ենք նաև վերահսկողական այլ միջոցառումներ։ Մասնավորապես դիտարկումներ ենք իրականացնում, և օրական մի քանի տասնյակ  հանրային սննդի կետեր  այցելություններ լինում են»։

Սանիտարական, սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները և նորմաները, հիգիենիկ նորմատիվները խախտելու դեպքում պաշտոնատար անձանց նկատմամբ սահմանված է տուգանք 40-100 հազար դրամի չափով։