«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Արցախում վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են

22/11/2020

Պատերազմի առաջին օրերից հակառակորդը թիրախավորել էր Արցախի էներգահամակարգը: Չնայած դրան՝ ոլորտում խափանումներ գրեթե չեն եղել: Մատակարար ընկերությունը հիմա վերացնում է պատերազմի հետքերը:

Պատերազմի հետքերը Ստեփանակերտում դեռ թարմ են: Քաղաքի գլխավոր հանգուցային ենթակայանում դեռ պահպանվում են ռումբերի բեկորները: «Արցախէներգո» ընկերությունից վստահեցնում են՝ խափանումները ժամանակավոր են:

Վահրամ Խաչատրյան (ընկերության տեխնիկական տնօրեն) - Այս պահին դուք տեսնում եք վթարավերականգնողական աշխատանքները Ստեփանակերտի ենթակայանում, որի նախկին հզորությունը կազմում էր 2 անգամ 40 ՄՎԱ: Այս պահին տրանսֆորմատոր ենք տեղափոխել Հաթերք ենթակայանից, տեղադրում ենք, և այս ենթակայանն արդեն երկուշաբթի կեսօրից կանցնի իր բնականոն ռեժիմին:

Հակառակ դժվարություններին՝ էներգամատակարար ընկերությունում ուրախությամբ են նշում՝ Ստեփանակերտում հոսանքի սպառումն ավելանում է, մարդիկ վերադառնում են Արցախ:

Տիգրան Գաբրիելյան  (ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ) - Բարձր բեռի պատճառով մենք ստիպված ենք լինում թաղամաս առ թաղամաս բեռը ցածրացնել, որպեսզի կարողանանք էլեկտրաէներգիայի մատակարարումն իրականացնել: Բնականաբար, այս ամենը ժամանակավոր բնույթ է կրում, մեզ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի վերականգնենք էներգահամակարգը լիարժեք աշխատելու համար:

Մինչև տարեվերջ կլուծվեն էլեկտրաէներգիայի հետ կապված բոլոր հարցերը՝ վստահեցնում են «Արցախէներգո» ընկերության պատասխանատուները: Խոսքն ինչպես բարձրավոլտ ցանցի, այնպես էլ սնող ենթակայանների մասին է:

Վահրամ Խաչատրյան - Այս պահի դրությամբ, քանի որ բաց է Ստեփանակերտ-Լաչին ճանապարհը, աշխատում ենք բարձրավոլտ 110 կվ օդային գծի վերականգնման ուղղությամբ, իսկ երկու օր առաջ վերականգնվել է Սոթք-Հաթերք 110 կվ օդային գիծը:

Արցախի կառավարության որոշմամբ՝ կոմունալ բոլոր ծառայությունները երկրում մեկ տարի անվճար կլինեն: Քննարկվում է ընդունելի սահմանաչափը:

Հեղինակ`Նարեկ Սահակյան, 1Lurer.am