«Ժողովուրդ». Ինչ պաշտոն են նախատեսել Արտակ Դավթյանի համար. ուղարկում են ՀԱ՞ՊԿ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում դեռեւս չեն կողմնորոշվում՝ ինչ պաշտոնի նշանակել Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանին, որն աշխատանքից ազատվել էր հունիսի 8-ին՝ որդու հարսանեկան արարողությունից մեկ օր անց:

Մենք գրել էինք, որ քննարկումներ են ընթանում նրան ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ նշանակելու վերաբերյալ՝ Մովսես Հակոբյանի փոխարեն, սակայն տեղեկացանք, որ քննարկումները ՊՆ-ում այնքան էլ լավ չեն ընդունվել:

Մեր տեղեկություններով՝ շատերը համարել են, որ Դավթյանին Հակոբյանի փոխարեն բերելով՝ կարող են նոր խնդիրների առաջ կանգնել, ուստի լավ կլինի նրա համար նոր պաշտոն մտածել: Եվ, ահա, քննարկումների արդյունքում որոշել են՝ լավ կլինի Արթուր Դավթյանին տանել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն:

Հիշեցնենք, որ 2018 թվականի մարտի 22-ին Սերժ Սարգսյանը Հայկազ Բաղմանյանին նշանակել էր ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ` կնքելով զինվորական ծառայություն անցնելու մասին նոր պայմանագիր` երեք տարի ժամկետով: Եվ ստացվում է, որ 2021 թվականին լրանում է Բաղմանյանի պայմանագրի ժամկետը, եւ միգուցե ՊՆ-ում չսպասեն ժամկետի ավարտին:

Ի դեպ, նախարարությունում տարածված լուրերի համաձայն՝ Դավթյանին որեւէ պաշտոնում նշանակելու հարցում ակտիվություն է ցուցաբերում ՀՀ վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանը« որը Արտակ Դավթյանի մտերիմ ընկերն է»:

Աղբյուր` News.am

Կայքի խմբագիր՝ Աննա Հակոբյան, Generalnews.am