«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Եկել է ժամանակը, որ ինքներս ճանաչենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Նիկոլ Փաշինյան

10/04/2024

Իրական Հայաստանը միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քմ․ տարածք ունեցող երկիրն է՝ Հայաստանի Հանրապետությունը։

 Ազգային ժողովում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ։ 

«Ընդ որում, Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքը միջազգային հանրության համար ամենևին էլ նորություն չի։ Միջազգային հանրությունը այն վաղուց է ճանաչել և ընդունել։ Որքան էլ զավեշտական հնչի այդ մենք երկար ժամանակ չենք ճանաչել, չենք արձանագրել, չենք գիտակցել այս փաստը առնվազն սոցիալ-հոգեբանական մակարդակում, և եկել է ժամանակը դա անելու՝ որպես Հայաստանի Հանրապետության հարատև գոյության առհավատչյա։ Եկել է ժամանակը, որ մենք ինքներս ճանաչենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը»,- նշեց Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ այս համատեքստում առանձնահատուկ կարևորություն ունի այն հարցը, թե իրական Հայաստանի հայեցակարգը որքանո՞վ է երաշխավորում Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։

«Պետք է պնդեմ, որ ժամանակակից աշխարհում, եթե գոյություն ունեն երաշխիքներ, դրանք բացասական երաշխիքներ են։ Այսինքն՝ ինչ-որ երաշխիքներով, ինչ-որ չափով ապահովում են միայն բացասական սպասումները, իսկ դրական սպասումների իրականացման երաշխիքներ պարզապես գոյություն չունեն։ Եվ, հետևաբար, նմանօրինակ պայմաններում բացասական երաշխիքների կառավարումն ու չեզոքացումը, այս ուղղությամբ հետևողական աշխատանք տանելն է, որ կարող է դրական երաշխիք դառնալ։ Ուրիշ ճանապարհ պարզապես չկա։ Իսկ բացասական երաշխիքների չեզոքացումը հնարավոր է միայն լեգիտիմ քայլերի, լեգիտիմ ակնկալիքների, լեգիտիմ փաստարկների և հակափաստարկների հիման վրա, և, ընդ որում, լեգիտիմ տարածքում գործելու պարագայում։ Սրանք չափազանց կարևոր նրբություններ են։ Առանձին-առանձին, գուցե, շատ բան չեն նշանակում, բայց համակարգային ամբողջության, այսինքն՝ փոխգործակցության մեջ անվտանգային նոր միջավայր ու նոր պայմաններ կստեղծեն Հայաստանի համար»,- ասաց վարչապետը։