«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պուտինը փորձում է երեկ Մոսկվայում կատարվածը բարդել ուրիշի վրա. Զելենսկի

25/03/2024

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում է Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչությունը «բարդել ուրիշի վրա», հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Այս մասին գրում է korrespondent.net-ը:
«Ակնահայտ է, որ երեկ Մոսկվայում  կատարվածը Պուտինը և մյուս տականքներն ուղղակի փորձում են բարդել ուրիշի վրա։ Նրանք միշտ նույն մեթոդներն են կիրառում։ Նման բան արդեն եղել է՝ և՛ պայթեցված տներ, և՛ գնդակահարություններ, և՛ պայթյուններ։ Եվ նրանք միշտ մեղադրում են մյուսներին»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը։
Նա նշել է, որ ռուսներն են եկել Ուկրաինա, այրում են քաղաքները, և փորձում են մեղադրել Ուկրաինային։
«Նրանք խոշտանգում են, բռնության ենթարկում մեր ժողովրդին, և նրանց իսկ մեղադրում: Հարյուր հազարավոր ահաբեկիչների բերել են այստեղ՝ ուկրաինական հող, նրանք կռվում են մեր դեմ և իրենց չի հետաքրքրում, թե ինչ է կատարվում իրենց երկրի ներսում։ Երեկ է այս ամենը տեղի ունեցել և այդ ոչնչություն Պուտինը, փոխանակ զբաղվի Ռուսաստանի քաղաքացիներով, դիմի նրանց, մի օր լռեց՝ մտածելով, թե ինչպես դա ուղղի Ուկրաինայի կողմը։ Ամեն ինչ միանգամայն կանխատեսելի է»,- ասել է Զելենսկին։
«Եվ եթե ռուսները պատրաստ են լուռ մեռնել «կրոկուսներում» և որևէ հարց չտալ իրենց հատուկ ծառայություններին, ապա Պուտինը կփորձի նման իրավիճակներն օգտագործել իր անձնական իշխանության օգտին», - եզրափակել է Զելենսկին:
Հիշեցնենք, որ մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Հաղորդվում է առնվազն 133 զոհի և152 վիրավորի մասին: ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է, որ մարդկանց վրա կրակած ահաբեկիչները ձերբակալվել են Ռուսաստանի Դաշնության Բրյանսկի շրջանում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ, և որ նրանք ճանապարհորդում էին Ուկրաինա, քանի որ «այնտեղ կապեր ունեն»։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ ահաբեկչության համար կասկածվողների համար «պատուհան էր պատրաստվել Ուկրաինայի հետ սահմանը հատելու համար»։
Ուկրաինական հետախուզությունը հայտարարել է, որ Ռուսաստանի տարածած վարկածը, թե Մոսկվայի մարզում ահաբեկչության հեղինակները փախուստի էին դիմում  Ուկրաինա, իրականությանը չի համապատասխանում: