«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանը կրակում է Արցախի ուղղությամբ՝ Ռուսաստանի վրա

16/06/2021

Արցախի պաշտպանության բանակը տարածել է հաղորդագրություն, որում նշվում է, որ հակառակորդը վերջին օրերին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել է Արցախի ՊԲ մարտական դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ:

Արցախի ՊԲ-ն կոչ է անում պահպանել հրադադարի համաձայնությունը, նշելով, որ խախտումները նպատակ ունեն մի կողմից տագնապ առաջացնել Արցախի բնակչության շրջանում, մյուս կողմից ստվեր գցել ռուս խաղաղապահների վրա: Այն, որ ադրբեջանցիները հրադադարի խախտման դեպքեր կարող են ունենալ այդ հետևանքը, կասկածից վեր է: Բայց, արդյո՞ք դա է բուն նպատակը, թե՞ հրադադարի խախտումները այն դժգոհության համատեքստում են, որ Բաքուն և դրա հովանի Անկարան ակնհայտորեն տածում են Մոսկվայի հանդեպ:

1in.am-ը անդրադարձել է այդ խնդրին և մատնացույց արել մի շարք օրինակներ, որոնք վկայում են Մոսկվայի ուղղությամբ Անկարա-Բաքու ճնշման մասին: Հրադադարի խախտումները անկասկած այդ կատեգորիայից են: Դրանք իհարկե մի կողմից խոսում են այն մասին, որ Ալիևի դժգոհությունները պայմանավորված են իր հերթին նրա ունեցած խնդիրներով ու տագնապներով, մյուս կողմից սակայն, այստեղ մեզ համար հույժ կարևոր է այն, որ այդ միտումը չունենա շարունակություն: Բանն այն է, որ սա իսկապես կարող է լրջորեն ազդել ոչ միայն իրավիճակի կայունության վրա, այլ նաև Արցախի հայության հոգեբանական վիճակի, ըստ այդմ Արցախի վերականգնման դինամիկայի ու ծավալների, վերականգնման գործընթացի արդյունավետության վրա:

Իրավիճակն այստեղ բավականին նուրբ է, եթե հաշվի առնենք և այն, որ բավականին սահմանափակ է Անկարա-Բաքու տանդեմի վրա ազդելու ՌԴ հնարավորությունը, ինչը դրսևորվում է օրինակ հայ ռազմագերիների հարցում: Համենայն դեպս, Ռուսաստանը չի հրաժարվում նրանց հետո ռեգիոնալ գործընկերության առանցքային գծից, ըստ այդմ բավականին զուսպ է լինելու նրանց դեմ կոշտ գործողությունների հարցում: Սա նշանակում է, որ հայկական կողմի համար հիմնարար խնդիր է Արցախում կայունության և անվտանգության հարցի հնարավորինս լայն միջազգայնացումը, որպեսզի այն չմնա լոկ Ռուսաստանի վարքագծի հույսին: Չի բացառվում նաև, որ Ռուսաստանն իր հերթին այստեղ գիտակցում է խնդիրները, ինչի արդյունք էր նաև Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 14-ի հայտարարությունը: Անկարա-Բաքու դժգոհությունը կարող է պայմանավորված լինել նաև այդ հանգամանքով, որովհետև տանդեմի համար առավելագույն հարմար ձևաչափը Ռուսաստանի հետ, հաշվի առնելով առավելությունը, որ զգում են Մոսկվայի նկատմամբ, այդ թվում Արևմուտքի հետ նրա դիմակայության մթնոլորտում: Ըստ այդմ, Անկարան ու Բաքուն կանեն հնարավորը, որպեսզի թույլ չտան առնվազն արցախյան հարցում Մինսկի խմբի համանախագահության գործակցված ձևաչափի աշխուժացում: